ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը առաջիկա բանակցությունների ընթացքում կանդրադառնան Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ռազմաբազայի հարցին․ հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ Փաշինյանի այցը Ռուսաստան ծրագրվել էր դեռ որոշ ժամանակ առաջ, և որ Մոսկվան նախապատրաստվում է դրան։
«Հայաստանի կողմնորոշումը դեպի ԵՄ-ն և ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցությունը շարունակելու ցանկությունը միմյանց հետ համատեղելի չեն»,- ի թիվս այլնի՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։
Երեկ լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի պետական սահմաններից ռուս սահմանապահների դուրսբերման հարցին։
Նա շնորհակալություն է հայտնել ռուս սահմանապահներին այս ընթացքում Հայաստանի սահմաններին ծառայություն իրականացնելու համար՝ միաժամանակ նշելով, որ եկել է ժամանակը, որպեսզի առաջիկա տարիներին սահմանի պահպանության պատասխանատվությունն ամբողջությամբ անցնի հայկական կողմի վերահսկողության տակ։
Իսկ ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ ռուս սահմանապահների դուրսբերումը։ Արդյո՞ք Հայաստանը ներկայումս ունի բավարար մարդկային, տեխնիկական և մասնագիտական ռեսուրսներ՝ այդ գործառույթն ամբողջությամբ ստանձնելու համար։ Կարո՞ղ են անցումային փուլում անվտանգության բացեր առաջանալ, և հատկապես ո՞ր հատվածներում կարող են ռիսկերն ավելի մեծ լինել։
Այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահագն Սարոյանի հետ։
Խոսելով հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների ներկայության և նրանց դուրսբերման հնարավոր հետևանքների մասին՝ Սարոյանը նշել է, որ այս գործընթացը պետք է դիտարկել նաև քաղաքական համատեքստում։
«1991-ից առ այսօր Հայաստան-Թուրքիա սահմանային գործողությունն իրականացվում է ռուս սահմանապահների միջոցով։ Այսօր անհրաժեշտությո՞ւն է առաջացել, թե՞ քաղաքականությունն է այնպես, որ սահմանապահների գործողությունների փաթեթը վերցվի ռուսական կողմից՝ դժվար է մեկնաբանել։ Հայ-թուրքական սահմանի բացման մասին մինչ օրս հստակ հայտարարություն չկա։ Հայ-թուրքական դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն։ Ռուս սահմանապահների դուրսբերումը ես կկապեի քաղաքականության և հայ-ռուսական հարաբերությունների հետ»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին, թե ռուս սահմանապահների դուրսբերումն ինչպես կարող է ազդել Հայաստանի սահմանային անվտանգության ընդհանուր համակարգի վրա, և արդյո՞ք անցումային փուլում կա անվտանգության բացերի առաջացման վտանգ՝ փորձագետը գործընթացը կապել է նաև հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության հետ։
«ՀԱՊԿ-ով պայմանավորված, ԵԱՏՄ-ի առևտրով պայմանավորված՝ տարբեր տեղեր տեսնում ենք հայ-ռուսական հարաբերությունների որոշակի լարվածություններ, իսկ այս պարագայում արդեն կարող ենք համարել ռուսական ռազմաբազայի դուրսբերման նախերգանքը, և Ռուսաստանի համար սա ոչ թե հայ-թուրքական սահման է, այլ ՆԱՏՕ-ի սահման»,- ասաց Սարոյանը։
Փորձագետին հարցրել ենք նաև, թե Հայաստանի սահմանների որ հատվածներն են առավել խոցելի ռուս սահմանապահների դուրսբերումից հետո, և ինչ լրացուցիչ անվտանգության միջոցառումներ կարող են անհրաժեշտ լինել։
«Այսօր Ադրբեջանի և Թուրքիայի հետ ունեցած սահմանները, ինչքան էլ այսօր ասենք՝ հարաբերությունների կարգավորման պրոցես է գնում, իրենք խոցելի են, որովհետև բանավոր պայմանավորվածություններում ինչ-որ տեղի է ունենում, որը կարող է րոպեական փոխվել։ Իսկ ինչ է լինելու սահմաններին՝ կարող ենք շատ ենթադրություններ անել»,- նշեց նա։
Հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ ռուս սահմանապահների դուրսբերումը, ինչպես նաև՝ արդյո՞ք այդ հարցը կարող է քննարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 3-ին նախատեսված Մոսկվա այցի ընթացքում, Վահագն Սարոյանը նշել է, որ այս պահին հստակ ժամկետներ նշել հնարավոր չէ։
«Ժամկետներ դժվար է նշել, բայց հերթականություն կա. հիմա եղել է հայտարարություն, մինչև դա կար կառավարության նախագիծ, հիմա պետք է սպասենք ռուսական կողմի արձագանքին։ Շուտով գնալու է Մոսկվա, այնտեղ ինչ են քննարկելու և ինչ արձագանքներ են լինելու՝ դա պարզ կլինի այցից հետո»,- եզրափակեց իր խոսքը փորձագետը։


Բաց մի թողեք
Նոր պատգամավորները Ամերիկան են հայտնագործելու
Երեկ Ադրբեջանի հացից հրաժարվելն էր հերոսություն, այսօր՝ հաց բերելը․․․
Չի բացառվում, որ Սպիտակում էլ Ստեփանավան-2` նույն սցենարը լինի