27/11/2026

EU – Armenia

Սեւանում թեժ մրցակցություն է

Նոյեմբերի 29-ին Սեւանում կայանալիք ընտրություններին մասնակցում է 3 քաղաքական ուժ՝ «Վստահություն» կուսակցությունների դաշինքը, «Միասնական համայնք» եւ ՔՊ կուսակցությունները:

«Վստահությունը» Հայաստանի աշխատավորական սոցիալիստական եւ Ռամկավար ազատական կուսակցությունների դաշինքն է, որն ավագանու 25 տեղի համար ներկայացրել է 56 թեկնածուից բաղկացած ընտրացուցակ։ Այն գլխավորում է Սեւան համայնքի ներկայիս ղեկավար, անկուսակցական, Լճաշենի բնակիչ, 1984թ․ ծնված Սարգիս Մուրադյանը:

Նա 2016թ. հոկտեմբերի 2-ին ընտրվել է Սեւանի համայնքապետ, 2021 թ․ դեկտեմբերի 5-ին՝ Սեւան խոշորացված համայնքի ղեկավար: Ընտրացուցակի 2-րդ համարը Սեւանի համայնքապետի առաջին տեղակալ, անկուսակցական, 1986թ․ ծնված Արթուր Մարգարյանն է, 3-րդ համարը՝ Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար, Ռամկավար ազատական կուսակցության անդամ, 1971թ․ ծնված Արմենուհի Ղուկասյանը:

Ուշագրավ է, որ ընտրացուցակի մյուս անդամները, բացառությամբ 3 հոգու, Ռամկավար ազատական, ՀԱՍԿ, Վերակազմավորյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան եւ Հայաստանի հանրապետական կուսակցությունների անդամներ են։

ՔՊ-ն ներկայացրել է 36 անձից բաղկացած ընտրացուցակ, որը գլխավորում է Գեղարքունիքի մարզպետի օգնական, ՔՊ անդամ, Սեւան քաղաքի բնակիչ, 1991թ․ ծնված Սուրեն Գրիգորյանը։ 2-րդ համարը Սեւանի մարզահամերգային կենտրոնի բռնցքամարտի մարզիչ, անկուսակցական, 1986թ․ ծնված Գեւորգ Հովհաննիսյանն է, 3-րդը՝ My yoga Centre-ի մենեջեր, 1980 թ․ ծնված Տաթեւիկ Սիմոնյանը, 4-րդը՝ Սեւանի էլցանցերի տնօրենի ԺՊ Գարիկ Թովմասյանը։ Ցուցակում բազմաթիվ պետական եւ համայնքային պաշտոնյաներ են ընդգրկված:

«Միասնական համայնք» կուսակցության ընտրացուցակը 42 անձից է բաղկացած: Ըստ համացանցում առկա տեղեկությունների՝ «Միասնական համայնք» կուսակցությունը պետական գրանցում է ստացել 2018թ․ օգոստոսի 24-ին, նախկինում գրանցված է եղել «Հայոց հայրենիք» անունով։ Ընտրացուցակը գլխավորում է «Բոբքեթ» ՍՊԸ տնօրեն, «Միասնական համայնք» կուսակցության անդամ, Ծովագյուղի բնակիչ, 1984թ․ ծնված Վահրամ Գեւորգյանը։

Ընտրացուցակի 2-րդ համարն անկուսակցական, Սեւան քաղաքի բնակիչ, 1990թ․ ծնված Տարոն Հարությունյանն է, 3-րդը՝ ԵՊՀ ուսանող, անկուսակցական, Սեւանի բնակիչ, 2006թ․ ծնված Նանա Քոչարյանը: Այս ընտրացուցակում եւս կան պաշտոնյաներ, բայց նաեւ՝ մեծ թվով չաշխատողներ։ Ցուցակը գլխավորող Վահրամ Գեւորգյանը 2012-ից զբաղեցրել է Ծովագյուղ համայնքի ղեկավարի պաշտոնը, հայտնի գործարար է։ Մամուլի հրապարակումներում նրան վերագրվող բիզնեսների շարքում նշվում են Ծովագյուղի հատվածում գտնվող խոշոր սննդի կետը (ֆուդկորտը) եւ գազալցակայանը: Ոչ պաշտոնական տվյալներով՝ Վահրամ Գեւորգյանի անունը կապվում է նաեւ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի հետ, որը վերանորոգել է Իջեւանի Ասլանյան փողոցը, ներկայում իրականացնում է Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցի կառուցապատման, բարեկարգման մեծ ծրագիրը, կատարում է Սեւան-Դիլիջան ավտոմոբիլային թունելի սպասարկումը:

2021-ի վերջերին եւ 2022-ի սկզբին Ծովագյուղի եւ դրան միացած Սեմյոնովկայի բնակչությունը դեմ էր համայնքների խոշորացմանը, երկու գյուղն էլ չմասնակցեցին 2021-ի տարեվերջին կայացած Սեւան խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին։ Նրանք կառավարությունից պահանջում էին Ծովագյուղը եւ Սեմյոնովկան Սեւանի հետ չմիավորել եւ թույլ տալ, որ իրենք առանձին համայնք մնան՝ Վահրամ Գեւորգյանն էլ ղեկավարի իրենց համայնքը։ Բազմաթիվ միտինգներ եղան, բողոքողները փակել էին Երեւան-Դիլիջան ճանապարհը՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի եւ տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի հետ։ Այդ պայքարը, սակայն, արդյունք չունեցավ, խոշորացումը չեղյալ չհամարվեց։ Բայց նաեւ չկայացավ, որովհետեւ իրականում այս համայնքների՝ միմյանց ինտեգրում 5 տարում տեղի չունեցավ։ Այս առումով նոյեմբերի 29-ին թեժ ընտրապայքար եւ անակնկալ արդյունքներ կարող են լինել։