28/11/2026

EU – Armenia

Հայաստանի վարդագույն երազները կարող են բախվել դաժան աշխարհաքաղաքական իրականության հետ. Foreign Policy

Սխալվում է Նիկոլ Փաշինյանը, կարծելով, թե Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատան պատերին Դոնալդ Թրամփի, Դի Վենսի, Ռուբիոյի հետ նկարներ փակցնելով, աշխարհի աչքերին կարող է թոզ փչել, թաքցնել սեփական ձախողումները:

Մտածող մարդիկ չեն հավատում Հայաստանի անվտանգության միրաժին, որով վարչապետն ու նորաթուխ դեսպան Նարեկ Մկրտչյանը փորձում են խաբել միջազգային հանրությանը։ Վառ ապացույցը՝ նոյեմբերի 24 -ին Foreign Policy ազդեցիկ ամերիկյան ամսագրում լույս տեսած Ռիշի Այենգարի «Հայաստանի շրջադարձը դեպի Վաշինգտոն» վերնագրով հոդվածն է: Ռիշին, որը հաճախ է հարցազրույցներ վերցնում տարբեր երկրների ԱԳՆ նախարարներից, դեսպաններից, սովորաբար անդրադառնում է գերտերությունների եւ փոքր ու միջին պետությունների հարաբերություններին: Այս անգամ նրա զրուցակիցը ԱՄՆ-ում Հայաստանի նորաթուխ արտակարգ եւ լիազոր դեսպան, նախկին սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանն է:

Ամերիկացի վերլուծաբանը, ով խոսել է Էստոնիայի նախագահի, Կանադայի, Ավստրալիայի, Քաթարի վարչապետների հետ, լուսաբանում է իրական, ծանրակշիռ դիվանագիտությունը, Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատուն մտնելիս նա հայտնվել է տոտալիտար մուլտիկի մեջ։

«Աչքդ ուր թեքում ես՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ դիմանկարներն են։ Այենգարը հարցրել է, թե արդյո՞ք այս լուսանկարները փոխվում են Ամերիկայի ամեն մի նոր վարչակազմի հետ։ Ստացել է պատասխան, որ սա առաջին դեպքն է, երբ պատերին նման լուսանկարներ են հայտնվում: Նարեկ Մկրտչյանը ամերիկացի լրագրողին բացատրել է, թե ինչու է Երևանն իր ողջ խաղադրույքը կատարել Թրամփի վրա, պատմել է, որ խաղաղության պայմանագիր չկա, բայց «խաղաղություն ունենք հենց գետնի վրա», ունենք առեւտուր Ադրբեջանի հետ, իսկ լրագրողն իր եզրակացությունն է արել, նրբորեն հեգնելով Թրամփի «Նոբելյան նկրտումներն» ու Փաշինյանի Սահմանադրական վազվզոցը. «Սա այն մի քանի պատերազմներից մեկն էր, որոնք Թրամփը հայտարարում էր, թե` «լուծել է» իր պաշտոնավարման երկրորդ ժամկետում՝ Նոբելյան խաղաղության մրցանակի արժանանալու հավակնություններով: Թեև, արի ու տես, որ այդ իրադարձությունից արդեն մեկ տարուց ավելի է անցել, իսկ երկու երկրները դեռևս պաշտոնական խաղաղության պայմանագիր չեն ստորագրել»:

Նույն սառը ցնցուղը հետեւյալ տողերում է. «Հայաստանն առաջ է քաշել նոր Սահմանադրության նախագիծ, որից հանվել է Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում գտնվող այդ վիճելի տարածքի հետ վերամիավորման մասին ձևակերպումը, որը մինչև 2023 թվականի ադրբեջանական ռազմական հարձակումն ու էթնիկ հայերի տեղահանումը վերահսկվում էր հայերի կողմից։ Փաշինյանն ամեն կերպ նետվել է նոր Սահմանադրության պաշտպանությանը, ինչը Ադրբեջանը դրել է որպես պարտադիր նախապայման՝ վերջնական խաղաղության հասնելու համար: Վարչապետն անգամ հայտարարել է, որ հրաժարական կտա, եթե դրա ընդունման հանրաքվեն ձախողվի»։

«Միջազգային խաղաղության և բարօրության Թրամփի երթուղու» (TRIPP) պաշտոնական մեկնարկին անդրադառնալով, լրագրողը շեշտում է, որ Հայաստանը միջանցքի նախագծում ունի ընդամենը 26 տոկոս բաժնեմաս, «իսկ մնացած առյուծի բաժինը՝ 74 տոկոսը, պատկանում է ԱՄՆ կառավարությանը»: Նա TRIPP-ն անվանել է «միջանցք»: Դեսպանը նրան ուղղել է՝ ոչ թե միջանցք, այլ «ենթակառուցվածքային նախագծի երթուղի» ու բառախեղդ է արել լրագրողին` դրա հմայքները նկարագրելով, բայց չի կարողացել համոզել. «Արի ու տես, որ այս վարդագույն հավակնությունները կարող են ճակատ-ճակատի բախվել Հայաստանի դաժան աշխարհաքաղաքական իրականության հետ։ Աշխարհից կտրված այս երկիրը 193 մղոնանոց ցամաքային սահման ունի նաև Թուրքիայի հետ, որը փակված է մնում դեռ 1993 թվականից՝ ադրբեջանական հակամարտության առաջին իսկ օրերից», – նշում է հոդվածագիրը:

Աշխարհաքաղաքական մղձավանջն է դեսպանի խոսքի հակառակ կողմում: Այենգարը հիշատակում է Իրանի սպառնալիքը, որի քթի տակ Երևանն ու Վաշինգտոնը TRIPP են խաղում։ Ու մինչ նախկին սոցապնախարարն ամերիկացուն համոզում է, թե իրենց քայլերն «ընդդեմ Իրանի կամ Ռուսաստանի չեն», Թեհրանից հայտարարում են՝ եթե Թրամփն ու իր դաշնակիցներն անցնեն իրանական կարմիր գիծը, «մենք կջարդենք նրանց ոտքերը»։ Այս ցիտատը բառացի է բերում Այենգարը, անդրադառնալով նաեւ Ռուսաստանի հետ լարվածությանն ու Հայաստանի «Թրամփի գիրկը» նետվելուն:

Հաջորդ զավեշտը, որին պրոֆեսիոնալ սառնասրտությամբ անդրադառնում է Foreign Policy-ի մեկնաբանը, «Firebird»-ն է, դեսպանի հայտարարությունն է Հայաստանում նոր ամերիկյան տվյալների կենտրոն հիմնելու ու մինչև 2027 թվականի վերջը 70,000 գերժամանակակից չիպեր ստանալու մասին։ Թայվանի իրական, միլիարդանոց տեխնոլոգիական հսկաների ու գլոբալ չիպերի շուկային ծանոթ, այդ մասին բազմաթիվ հոդվածներ գրած լրագրողը նկատում է. «Հայաստանը նաև հույս ունի, որ ԱՄՆ-ի հետ այս նորաթուխ կապերը կօգնեն երկիրը վերածել տեխնոլոգիական գերտերության»։

Ինչպե՞ս է Հայաստանը պատկերացնում իր հարաբերությունները Վաշինգտոնի հետ «հետթրամփյան» աշխարհում՝ հարցրել է ամերիկացի լրագրողը Նարեկ Մկրտչյանին, շեշտելով, որ զրույցը դեսպանի հետ տեղի է ունեցել «Թրամփի Հանրապետական կուսակցության ջախջախիչ պարտությունից» ընդամենը օրեր անց, «ինչը ԱՄՆ նախագահին իր պաշտոնավարման մնացած երկու տարիների համար պաշտոնապես վերածում է «կաղ բադի»»:

Դեսպանը մանկամիտ ինքնավստահությամբ հայտարարել է, թե իրենց TRIPP պայմանագիրը 50 տարով է, և իրենք հարաբերությունները կառուցում են «ինստիտուցիոնալ»։ Լրագրողն իր հոդվածում ընդգրկել է այս պատասխանը, բայց դեսպանի PR-ից տպավորված չէ: «Հայաստանի շրջադարձը դեպի Վաշինգտոն» հոդվածի տողատակում իրականությունն է՝ վտանգավոր աշխարհքաղաքական խաղեր, դատարկ հույսեր, կորսված հայրենիք: