Փաշինյանի առաջիկա մոսկովյան այցի արդյունքներից շատ բան կախված կլինի Հարավային Կովկասում Ռուսաստանի հետագա ներկայության հեռանկարների առումով՝ կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը։ «Տարածաշրջանն այժմ շրջադարձային փուլ է ապրում, որի հետեւանքները պարզ կդառնան մոտ ապագայում։
Հարավային Կովկասն այժմ գտնվում է բիֆուրկացիայի կետում»,- ասել է նա՝ տեսակապի միջոցով ելույթ ունենալով Երեւանում անցկացվող կլոր սեղանի ընթացքում։ Եվ ընդգծել է տարածաշրջանում Թուրքիայի դերի աճը, նաեւ Հայաստանի ղեկավարության՝ ԵՄ-ի հետ մերձեցման ուղեգիծը։ Այս երկու գործոնն էապես ազդել են Ռուսաստանի դիրքերի վրա, որոնք, ըստ Կռիլովի, կարող են զգալիորեն թուլանալ կամ զրոյացվել, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերվի Հայաստանից։
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ առաջիկայում Հայաստանը պետք է ամբողջությամբ ստանձնի սեփական պետական սահմանների պահպանությունը, եւ նույն օրը կառավարությունում այդ հարցով խորհրդակցություն է անցկացրել։ Նա մասնավորապես ասել է. «Մենք շնորհակալ ենք ռուս սահմանապահներին, որ այս տարիների ընթացքում կանգնած են եղել մեր սահմաններին։ Բայց կարծում եմ՝ առաջիկա տարիներին մենք պետք է ամբողջությամբ ստանձնենք մեր պետական սահմանների պահպանության պատասխանատվությունը»։
Նույն Փաշինյանը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից առաջ հայտարարում էր, որ պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել, որ ինքն ընտրություններից հետո կմեկնի Մոսկվա, եւ ամեն ինչ տեղը կընկնի: Թեպետ նա հիմա էլ պարբերաբար նման հայտարարություններ է անում, սակայն ամիսներն անցնում են` չի մեկնել Մոսկվա, մեր դեմ ռուսական սանկցիաները չեն հանվել, եւ հարաբերությունները չեն կարգավորվել: Մեկնելու է դեկտեմբերի 3-ին, բայց ինչո՞ւ է Մոսկվա մեկնելուց ընդամենը մի քանի օր առաջ նման հայտարարություններ անում: Ի՞նչ ռիսկերով է հղի ռուսական զորքերի դուրսբերումը Հայաստանից:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, մեզ հետ զրույցում խոսելով այս մասին, ասում է. «Նիկոլ Փաշինյանը կոնկրետ հայ-ռուսական հարաբերությունները փուլային ճանապարհով տանում է ապամոնտաժման: Նա դե ֆակտո ՌԴ-ի հետ հարաբերությունները տանում է փլուզման, սակայն, որպեսզի այդ ամենը մեծ ցնցումների չհանգեցնի, անում է փուլային տարբերակով: Աշխարհաքաղաքական տեսանկյունից դա նշանակում է, որ Հայաստանը մի քաղաքական հարթակից տեղափոխվում է մեկ այլ հարթակ: Դրանից առաջ էլ ԵՄ-ի հետ կապված օրենքներ ընդունվեցին, իսկ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու քաղաքականություն է վարում: Վրաստանի հետ հարաբերությունները Եվրոպան վատթարացրեց հենց այդ պատճառով: Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, գնում է հակառակ ճանապարհով: Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի հետ հարաբերությունների փուլային տարբերակով փլուզումը փորձում է այլ ձեւով ներկայացնել, որպեսզի մարդիկ խուճապի մեջ չհայտնվեն: Փաշինյանն իր նպատակները չի էլ թաքցնում: Նա գնում է Մոսկվա հանդիպման, որպեսզի ՌԴ-ից հնարավորինս մեղմ սանկցիաներ կիրառեն մեր նկատմամբ: Սա է ողջ խնդիրը: Ինչ-որ մի փուլում Փաշինյանը նաեւ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու պահանջ է ներկայացնելու: Դեպի ԵՄ ծրագրի մեջ այն պարտադիր պայման է, չի կարող առանց դրա լինել: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը նույնպես դա է պահանջում, թեպետ Թուրքիան բացահայտ նման պահանջ չի դրել, սակայն ոչ պաշտոնական մակարդակով Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանը ռուսական ազդեցությունը թուլացնի՝ մեծացնելով թուրքական ազդեցությունը: ԵՄ-ն ՌԴ-ի հետ պատերազմի մեջ է տարբեր ասպեկտներում: Երբ Հայաստանը հասնի այն տրամաբանական փուլին, երբ Ռուսաստանի հետ հարաբերությունները լրիվ կապամոնտաժվեն, ԵՄ-ն այդ ժամանակ կհայտարարի ավելի սերտ համագործակցության մասին: Վրաստանի հետ անդամակցության հարցը սառեցրել են, որովհետեւ Վրաստանի իշխանությունները հրաժարվել են Ռուսաստանի դեմ սանկցիաներ կիրառել, իսկ Հայաստանի իշխանությունները հստակ ոչինչ չեն ասում, այդ պատճառով էլ ԵՄ-ին ինտեգրվելու հարցն առաջ չի գնում»:


Բաց մի թողեք
ՔՊ-ի առաջին տիկինը կփոխարինի՞ Նիկոլին
Ինչու գնաց 50-ի Կարենը, ով կփոխարինի նրան
Խարբերդի մանկատանը 2 անձ է մահացել