Նոյեմբերի 2-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին տեղեկատվական հարցում էի արել. «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրն ավարտվե՞լ է, այդ ծրագրով հանրակրթական դպրոցների, մանկապարտեզների քանի՞ շենք է կառուցվել, քանի՞սը՝ նորոգվել, քանի՞ դպրոցի ու մանկապարտեզի շենքի կառուցումը, նորոգումն են ներկայում կիսատ»։
Հրապարակ թերթը գրել է․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Աննա Բաբաջանյանը պատասխանել է․ «ՀՀ կառավարության «Մինչեւ 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքներն ավարտվել են 227 դպրոցում եւ կրթահամալիրում, որից կառուցված կամ վերակառուցված է 68-ը, իսկ վերանորոգված կամ հիմնանորոգված՝ 159-ը։ «500 մանկապարտեզ եւ նախակրթարան» ծրագրի շրջանակում շուրջ 569 նախադպրոցական ուսումնական հաստատությունում իրականացվել կամ ներկայում իրականացվում են կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման եւ վերանորոգման աշխատանքներ։ Աշխատանքներն արդեն ավարտվել են 411 հաստատությունում, որից կառուցված կամ վերակառուցված է 127-ը, իսկ վերանորոգված կամ հիմնանորոգված՝ 284-ը»։
Ակնհայտ է, որ կառավարությունը ձախողել է իր խոստումը, եւ «500 մանկապարտեզ եւ նախակրթարան» ծրագիրը չի իրականացվել խոստացված ժամկետում։ Նիկոլ Փաշինյանը հանրապետության հանրակրթական դպրոցների աշակերտների մասնակցությամբ «Վարչապետի գավաթ» անվանումով լողի եւ այլ մարզաձեւերի առաջնություններ է անցկացնում, դրանց հաղթող թիմերին, մասնակիցներին դրամական պարգեւներ հանձնում, երբ շատ դպրոցներ լողավազան կամ մարզադահլիճ ուղղակի չունեն, մարզադպրոցներ կա՛մ չկան, կա՛մ վատթար վիճակում են` նորոգման խիստ կարիք ունեն։
ԿԳՄՍ նախարարին հարցրել եմ, թե ՀՀ հանրակրթական քանի դպրոցի շենքում կա գործող լողավազան, հանրակրթական քանի դպրոց չունի մարզադահլիճ, քանի մարզադպրոց ունի հիմնանորոգման, վերանորոգման կարիք։ Փոխնախարար Ա․ Բաբաջանյանը պատասխանել է, որ հանրապետության հանրակրթական դպրոցներից (մոտ 1400 դպրոց կա` Ո. Ս.) միայն 27-ը լողավազան ունի, 276 դպրոց չունի մարզադահլիճ, բայց չի հայտնել, թե քանի դպրոցի մարզադահլիճ ունի հիմնանորոգման, վերանորոգման կարիք։
Նաեւ հարց եմ ուղղել, թե նոյեմբերի 2-ի դրությամբ ՀՀ հանրակրթական դպրոցներում քանի ուսուցիչ է աշխատում, ուսուցչի քանի թափուր հաստիք կա, դպրոցներում քանի կենսաթոշակառու ուսուցիչ է աշխատում, հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչներից քանիսն է պատկանում արական սեռին։
Ա․ Բաբաջանյանը հայտնել է, որ ՀՀ հանրակրթական դպրոցներում աշխատում է 43 հազար 84 ուսուցիչ, որոնցից 37 հազար 646-ն իգական սեռի է, 5 հազար 438-ը՝ արական, դպրոցներում աշխատող կենսաթոշակառու ուսուցիչների թիվը 7 հազար 155 է, հանրակրթական դպրոցներում թափուր է ուսուցիչների 1035 հաստիք։ Հանրակրթական դպրոցներում տղամարդ ուսուցիչների փոքր թիվը մտահոգիչ է։ Ի դեպ, 2023-2024 թվականներին բուհի դիպլոմ չունենալու պատճառով հանրապետության հանրակրթական դպրոցներից ազատվեց 1360 ուսուցիչ, որոնցից շատերը, ունենալով միջին մասնագիտական մանկավարժական կրթություն, երկար տարիների մանկավարժական փորձ ունեին։ «Հանրակրթության մասին» օրենքի պահանջի համաձայն՝ հանրակրթական դպրոցներում աշխատող միջին մասնագիտական կրթությամբ մանկավարժների աշխատանքային գործունեության վերջնաժամկետ էին տվել, որը լրացել է 2023 թ․ օգոստոսին, ինչի արդյունքում նրանց աշխատանքային պայմանագրերը լուծարվեցին, եւ ՀՀ հանրակրթական դպրոցներում 1360 ուսուցիչ ազատվեց աշխատանքից, այժմ դպրոցներում 1035 հաստիք թափուր է։ Սա ապաշնորհ կառավարման հետեւանք է։


Բաց մի թողեք
ՔՊ-ի առաջին տիկինը կփոխարինի՞ Նիկոլին
Փուլ առ փուլ է հայտնում, որպեսզի մարդիկ խուճապի մեջ չհայտնվեն
Ինչու գնաց 50-ի Կարենը, ով կփոխարինի նրան