19/01/2026

22 տարի է՝ ծառայում եմ՝ անտեսելով իմ առաջնորդին ուղղված մեղադրանքները. Տեր Շմավոն

Օրեր առաջ, մի քանի քահանաների թվում, տիրադավներին միանալու հայտարարություն արեց նաեւ Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հայր Տեր Շմավոն քհն. Ղեւոնդյանը:

Ղեւոնդյանն առաջներում երբեք աչքի չի ընկել իշխանահաճո կեցվածքով, անգամ կան տեղեկություններ, որ ընդդիմադիր է եղել, քննադատել է Փաշինյանի իշխանությանը, թեպետ համացանցում նրա հարցազրույցները որոնելիս չգտանք գեթ մեկ քննադատական խոսք` ուղղված իշխանավորներին: Արդեն քանի օր է՝ Փաշինյանին միացած քահանաներին հանրությունը սուր քննադատության է ենթարկում, վերջիններիս եւս անվանելով տիրադավներ:

«Հրապարակը» զրուցել է Տեր Շմավոն քհն. Ղեւոնդյանի հետ:

– Ի վերջո` ինչո՞ւ որոշեցիք միանալ իշխանության պահանջին: Ո՞րն էր Ձեր այս քայլի նպատակն ու տրամաբանությունը:

– Իմ որոշումը ես ընդունել եմ ինքս, մտածելով եւ ինքս գալով այդ եզրակացությանը: Ես պարզապես որոշել եմ իմ անվերապահ աջակցությունը հայտնել իմ առաջնորդին` Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, որը նախաձեռնել է այս բարենորոգման ընթացքը: Ուժերիս ներման չափով ես լինելու եմ նրա կողքին:

– Բայց խնդիրն այն է, որ Ձեր առաջնորդը հայտնի է «Բենթլի»-ով, շվայտ կյանք վարելով: Ի՞նչ եք կարծում` նա կարո՞ղ է եկեղեցին բարենորոգել իր այդ տեսակով:

– Ես շուրջ 22 տարի է՝ ծառայում եմ Արարատյան հայրապետական թեմում: Ես ծառայել եմ՝ անտեսելով իմ առաջնորդին ուղղված մեղադրանքները, եւ այդպես էլ շարունակում եմ անել….

– Հավանաբար, Դուք եւս լսել եք, որ Վեհափառի հեռացումը պահանջող հոգեւորականներին մեղադրում են իշխանության հետ գործարքի գնալու, նրանց կողմից շանտաժի ենթարկվելու մեջ եւ այլն: Չունե՞ք ասելիք այս մասով:

– Այն տեսակետները, որ շրջանառվում են, թե իբրեւ մեզ վախեցրել են, խոստումներ են տվել եւ այլն, անիմաստ են: Ես համացանցում տեսնում եմ նման մեկնաբանություններ, սակայն դրանք իրականության հետ աղերս չունեն: Ես իմ ընտրության մեջ ազատ եմ: Մեր թեմում կան նաեւ հոգեւորականներ, ովքեր չեն միացել մեր առաջնորդին աջակցելու գործին, սակայն կան նաեւ ինձ նման մարդիկ: Սա արդեն իսկ յուրաքանչյուրի համար պետք է փաստարկ լինի, որ տեղի ունեցածը մեր ազատ կամքի դրսեւորմամբ է տեղի ունեցել:

– Անդադար խոսում եք եկեղեցին բարենորոգելու մասին: Ի՞նչ ասել է բարենորոգում: Ինչպե՞ս եք այն պատկերացնում:

– Եկեղեցին առաջին հերթին պետք է ապաքաղաքականացվի: Որեւիցե մի քաղաքական գործընթացի մեջ ներգրավված չպետք է լինի եկեղեցին: Եկեղեցու հաստատված կանոնակարգ-սահմանադրություն պետք է լինի, որով եկեղեցին պետք է կառուցի իր ներքին կյանքը: Մնացած պրոցեսները տեղի կունենան ժամանակի ընթացքում, երբ ներկայիս Վեհափառը հանգստի կկոչվի, եւ կընտրվի նոր կաթողիկոս:

– Բայց այժմ Դուք եք միջամտում Փաշինյանի քաղաքական դավադիր նպատակներին: Ի դեպ` այլ դեպքերում ե՞րբ են եկեղեցականները միջամտել քաղաքական պրոցեսներին:

– Եթե հոգեւորականները նկատել են, որ Հայ առաքելական եկեղեցին որոշ չափով քաղաքականացված է, ուրեմն դա այդպես է, ես հիմա չեմ ուզում հատիկ-հատիկ թվարկել այդ մասին: Իրողությունը դա է եւ բացահայտ է:

– Վեհափառն այն եզակի գործիչներից է, որը պարբերաբար խոսում է Արցախի մասին, արցախցիների ոտնահարված իրավունքների եւ Բաքվում խոշտանգվող հայ ռազմագերիների մասին: Այս ամենը Դուք քաղաքականությո՞ւն եք համարում:

– Եկեղեցին չպետք է շեղվի իր առաքելությունից` ծառայելու իր ժողովրդին եւ Քրիստոսի լույսը տարածելու, քրիստոնեական արժեքները ժողովրդի մեջ ամրապնդելու գործից: Սա է մեր եկեղեցու թիվ մեկ նշանակետը…. Եկեղեցին պետք է շարունակի իր այդ առաքելությունն իրագործել: Շատ պրիմիտիվ է կարծելը, թե ինչ-որ բանի մասին խոսելը քաղաքականություն է: Ես ասացի, եւ այսքանով եկեք սահմանափակվենք` եկեղեցին չպետք է քաղաքական պրոցեսներին խառնվի։

– Ինչո՞ւ միայն նոր որոշեցիք, որ եկեղեցին շեղվել է իր առաքելությունից: Եթե Ձեր մոտեցումն ապաքաղաքական է, ինչո՞ւ տարիներ առաջ էլ այդ մասին չէիք խոսում: Ի վերջո` նոր չեն եկեղեցու արատներն ի հայտ եկել, եթե այդպիսիք կան….

– Ցանկացած գործողություն կատարելու համար պահը պետք է հասունանա: Պահը հասունացել է: Բարենորոգման մասին միշտ էլ մենք` տարբեր ժամանակներում խոսել ենք….

– Բայց Սահմանադրությունը հոգեւորականին չի արգելում՝ ունենալ քաղաքական դիրքորոշում: Ո՞վ է ասել, որ եկեղեցականը պետք է լինի բացարձակ ապաքաղաքական: Եկեղեցականն էլ, մյուս բոլորի պես, մասնակցում է քաղաքական ընտրություններին եւ ունի տեսակետ հայտնելու իրավունք:

– Ես այլեւս չեմ կարող խոսել: Եկեք այսքանով սահմանափակվենք:

«Հրապարակ»․ 22 տարի ծառայել եմ` անտեսելով իմ առաջնորդին ուղղված մեղադրանքները. Շմավոն քահանա