31/01/2026

6 եպիսկոպոսների արգելվել է լքել երկիրը, ինչու էին հրավիրվել ՔԿ․ Լուսանկար

Սրբազանները հրավիրվել են ՔԿ դատարանի հայտնի քրեական ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու հանցակազմով, և միանգամից մեղադրյալի կարգավիճակ ունեն։

Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արմինե Ֆանյանը։

Նրա խոսքով՝ Գերագույն հոգևոր խորհրդի՝ Մասյացոտնի թեմի առաջնորդին կարգալույծ անելու որոշման հետ է կապված այս ամենը, որով ՔԿ-ն գտնում է, որ Մասյացոտնի նախկին թեմակալի՝ Գևորգ սրբազանի հայցի հիման վրա կայացվել է համապատասխան դատական ակտ, և հիմա սրբազանները մեղադրվում են դատական ակտը չկատարելու մեջ։

«Մենք գիտենք, որ ՀՀ օրենսդրությամբ եկեղեցին ինքնակարգավորվող մարմին է, և որևէ մեկն իրավունք չունի խառնվելու նրա գործերին»,- նշեց Ֆանյանը՝ հավելելով, որ այս ամենի նպատակը Եպիսկոպոսաց ժողովը տապալելն է։

Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ մեղադրյալի կարգավիճակ ունեն 6 բարձրաստիճան հոգեւորական, նրանց բոլորին արգելվել է բացակայել երկրից։

Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը

Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանը

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը

Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը

Եկեղեցականաց և երիտասարդաց վերապատրաստման ծրագրերի տնօրեն Վահան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը

Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին, որով քրեական վարույթ է նախաձեռնվել և քրեական հետապնդում է հարուցվել Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։

Հունվարի 31-ին Գերագույն Հոգևոր Խորհրդի հոգևորական անդամներին ծանուցագրեր են հղել և պահանջել որպես մեղադրյալ ներկայանալ Քննչական կոմիտե, ինչը վերստին ակնհայտ վկայություն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ձեռնարկված արշավի և հոգևորականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների։

Քրեական հետապնդման շրջանակներում արգելափակվել է Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների ելքը երկրից։ Այս դատապարտելի գործընթացը մեր պետության օրենքներով և միջազգային պայմանագրերով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների կոպտագույն խախտում է, որի նպատակն է խաթարել Հայ Առաքելական Եկեղեցու բնականոն գործունեությունը, մասնավորաբար առաջիկայում Ավստրիայում գումարվելիք եպիսկոպոսական ժողովի աշխատանքները։

Մայր Աթոռը կոչ է անում Հայաստանի Հանրապետության իշխանությանը և իրավապահ համակարգին գործել բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքի շրջանակներում, արդարության և ճշմարտության բարձրագույն սկզբունքներին հավատարմությամբ և հարգել Եկեղեցու ինքնավարության իրավունքը։

6 եպիսկոպոսի արգելվեց բացակայել երկրից