29/08/2026

EU – Armenia

Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը

Հայաստանի պետական բյուջեի 2026 թվականի առաջին կիսամյակի կատարողականը խորքային խնդիրներ է բացահայտում՝ կապված պետական ֆինանսների պլանավորման, կանխատեսման, ծրագրերի իրականացման և բյուջետային կառավարման համակարգի միջև առկա անհամապատասխանության հետ։

«Փաստ» օրաթերթը գրում է. Տարվա առաջին վեց ամիսներին նախատեսված 342,4 մլրդ դրամ պակասուրդի փոխարեն պետական բյուջեն կատարվել է 67,3 մլրդ դրամ հավելուրդով։ Առաջին հայացքից նույնիսկ կարող է թվալ, թե արձանագրված արդյունքը դրական է։

Սակայն երբ պլանավորված և փաստացի ցուցանիշների միջև տարբերությունը հասնում է շուրջ 409,7 մլրդ դրամի, հարցն այլևս չի կարող դիտարկվել պարզապես որպես «լավ կատարողական» կամ «խնայողության» պատմություն։ Դրա մասին է վկայում նաև 2026 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ «Լույս» հիմնադրամի կատարած վերլուծությունը։ Այդպիսի մեծ շեղումը ստիպում է հարց բարձրացնել ոչ միայն այն մասին, թե ինչու է պետությունը քիչ ծախսել, այլև, թե որքանով է բյուջետային պլանը կարողացել իրականում կանխատեսել և արտացոլել պետության ֆինանսական քաղաքականության ակնկալվող ընթացքը։

2026 թվականի առաջին կիսամյակի համար նախապես հաստատված բյուջեով նախատեսվել էր 316,4 մլրդ դրամ պակասուրդ։ Հետագայում այդ ցուցանիշը տարվա ընթացքում վերանայվել ու ևս 26 մլրդ դրամով ավելացվել է՝ հասնելով 342,4 մլրդ դրամի։ Այսինքն՝ պետական բյուջեի հաշվեկշռի պլանավորված բացասական ցուցանիշը ոչ միայն պահպանվել է, այլև ընդլայնվել է։ Սակայն փաստացի զարգացումն ամբողջությամբ հակառակ ուղղությամբ է ընթացել։ Առաջին կիսամյակի արդյունքում արձանագրվել է ոչ թե 342,4 մլրդ դրամ պակասուրդ, այլ 67,3 մլրդ դրամ հավելուրդ։ Այս երկու թվերի միջև տարբերությունը մոտ 409,7 մլրդ դրամ է։ Այստեղ արդեն գործ ունենք ոչ թե փոքր տեխնիկական շեղման, ոչ էլ կանխատեսման բնական անճշտության հետ, այլ բյուջեի հաշվեկշռի էական վերափոխման հետ։

Պետք է նաև հաշվի առնել, որ սա մեկ ամսվա կամ մեկ եռամսյակի պատկերը չէ։ 2026 թվականի առաջին կիսամյակի բոլոր վեց ամիսներին բյուջեն հավելուրդային է եղել։ Այս հանգամանքը հատկապես կարևոր է բյուջետային պլանավորման որակը գնահատելու տեսանկյունից, որովհետև այն նվազեցնում է հնարավոր բացատրության հիմնավորվածությունը, թե տարվա սկզբում տեղի ունեցած ժամանակավոր կամ անսպասելի զարգացումները կարող էին ամբողջությամբ խեղաթյուրել կիսամյակային պատկերը։

Եթե վեց ամսվա ընթացքում հետևողականորեն ձևավորվել է հավելուրդ, ապա ավելի հիմնավոր է ենթադրել, որ խնդիրը կապված է ոչ միայն առանձին ամիսների կատարողականի, այլև ծախսերի և եկամուտների ընթացքի վերաբերյալ սկզբնական կանխատեսումների ու տարվա ընթացքում կատարված վերանայումների հետ։

Այս իրավիճակում առանձնահատուկ ուշադրության է արժանի բյուջեի պլանավորված պակասուրդի վերանայումը։ Բյուջետային պլանավորման տրամաբանությունը ենթադրում է, որ հաստատված ցուցանիշները տարվա ընթացքում կարող են ճշգրտվել, երբ փոխվում են տնտեսական միջավայրը, պետական քաղաքականության առաջնահերթությունները, եկամուտների ակնկալիքները, ծախսային ծրագրերի իրագործման հնարավորությունները կամ այլ էական պայմաններ։:

Այսինքն, բյուջեի վերանայումը ինքնին խնդիր չէ։ Ընդհակառակը՝ ժամանակակից պետական ֆինանսների կառավարման համակարգում ճկուն բյուջետային կառավարումը անհրաժեշտ գործիք է։ Խնդիրը ծագում է այն ժամանակ, երբ վերանայման ուղղությունն ու չափը հակասում են արդեն իսկ ձևավորված փաստացի միտումներին։

2026 թվականի առաջին կիսամյակի պարագայում հենց այդ հակասությունն է առավել տեսանելի։ Եթե առաջին վեց ամսվա ընթացքում բյուջեն յուրաքանչյուր ամիս հավելուրդային է եղել, ապա առնվազն այդ ժամանակահատվածի փաստացի զարգացումները դժվար է օգտագործել որպես հիմնավորում պակասուրդի ավելացման համար։ Հետևաբար, բյուջեի պակասուրդի վերանայումը, ըստ ներկայացված տվյալների տրամաբանության, ավելի շուտ պետք է կապված լիներ ոչ թե արդեն տեղի ունեցած փաստացի զարգացումների, այլ ապագայի վերաբերյալ ակնկալիքների հետ։ Այլ կերպ ասած՝ պետական ֆինանսական պլանավորողները, ըստ ամենայնի, ակնկալել են, որ տարվա հետագա ընթացքում ծախսերը զգալիորեն կաճեն և կարող են գերազանցել նախապես նախատեսված մակարդակը։ Սակայն առաջին կիսամյակի փաստացի արդյունքները ցույց են տվել հակառակ պատկերը։

Այստեղ առաջանում է բյուջետային պլանավորման ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ էր անհրաժեշտ պակասուրդն ավելացնել այն պայմաններում, երբ փաստացի բյուջետային կատարումը գնում էր ոչ թե պակասուրդի, այլ հավելուրդի ուղղությամբ։ Եթե պատասխանն այն է, որ տարվա երկրորդ կեսին նախատեսվում էր մեծածավալ ծախսերի արագացում, ապա պետք է պարզ լինի, թե ինչ ծրագրերի, ինչ ժամկետների, ինչ ֆինանսական պարտավորությունների և ինչպիսի իրականացման կարողությունների վրա էր հիմնված այդ ակնկալիքը։ Եթե այդ ծախսերը նախատեսվում էին, բայց առաջին կիսամյակում դրանց կատարողականը ցածր էր, ապա արդեն առաջանում է մեկ այլ խնդիր՝ ծրագրերի ժամանակային պլանավորման և պետական կառույցների ծախսային կարողությունների համապատասխանությունը։

Այս հարցը հատկապես սրվում է այն պատճառով, որ փաստացի ծախսերը նույնիսկ հաստատված բյուջեի ցուցանիշից 13,9 տոկոսով կամ 253,8 մլրդ դրամով պակաս են եղել։ Սա արդեն շատ ավելի կարևոր ցուցանիշ է, քան պարզապես այն, որ պլանավորվածից քիչ գումար է ծախսվել։ 253,8 մլրդ դրամը պետական բյուջեի համար այնքան մեծ տարբերություն է, որ դրա պատճառները պետք է դիտարկել համակարգային մակարդակում։

Ծախսերի թերակատարումը կարող է ունենալ բազմաթիվ պատճառներ՝ պետական գնումների ձգձգումը, շինարարական կամ ենթակառուցվածքային ծրագրերի ուշացումը, նախագծային փաստաթղթերի պատրաստ չլինելը, մրցույթների չկայանալը կամ չկայացած մրցույթների կրկնությունը, պայմանագրերի ուշ կնքումը, կատարողների անբավարար կարողությունները, ծրագրերի վերանայումը, իրավական կամ վարչական խոչընդոտները, ինչպես նաև ծրագրերի նկատմամբ սկզբնական շրջանում չափազանց լավատեսական կանխատեսումները։ Բայց այս բոլոր հնարավոր բացատրությունները վերջնական հաշվով հանգում են նույն խնդրին՝ բյուջեում նախատեսված ծախսը դեռևս չի նշանակում, որ այդ ծախսը կարող է իրականում իրականացվել տվյալ ժամանակահատվածում։ Սա պետական բյուջեի պլանավորման ամենակարևոր տարբերություններից մեկն է։ Բյուջետային փաստաթուղթը պարզապես ցանկությունների կամ քաղաքական առաջնահերթությունների ցանկ չէ։ Այն պետք է լինի ֆինանսապես ապահովված, ժամանակային առումով իրատեսական և վարչական կարողությունների հետ համադրելի գործողությունների ծրագիր։ Եթե որևէ գերատեսչություն նախատեսում է հարյուրավոր միլիարդ դրամների ծախս, բայց տարվա առաջին կեսին այդ միջոցների զգալի մասը չի կարողանում իրականացնել, ապա խնդիրը միայն կատարողականը չէ։

Հարց է առաջանում նաև, թե ինչո՞ւ է այդ ծախսն այդ չափով ներառվել տվյալ կիսամյակի պլանում, և ինչո՞ւ է հետագայում այն հիմք դարձել ավելի մեծ պակասուրդ ակնկալելու համար։ Այս համատեքստում հատկապես ուշագրավ է բյուջեի եկամուտների և ծախսերի տարբեր դերակատարումը հավելուրդի ձևավորման մեջ։ Տվյալների համաձայն, հավելուրդը մասամբ պայմանավորված է եկամուտների գերակատարմամբ, սակայն հիմնականում ձևավորվել է ծախսերի ցածր կատարողականի արդյունքում։ Սա սկզբունքորեն կարևոր տարբերություն է։ Եկամուտների գերակատարումը կարող է ցույց տալ հարկային կամ տնտեսական ակտիվության ավելի բարձր մակարդակ, քան կանխատեսվել էր։ Բայց եթե բյուջեի հավելուրդը հիմնականում առաջանում է նրանից, որ պետությունը նախատեսված գումարը չի ծախսել, ապա այդ հավելուրդը չի կարելի ինքնաբերաբար մեկնաբանել որպես պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացում։

Պետական բյուջեի հավելուրդը կարող է լինել դրական երևույթ, եթե այն առաջանում է արդյունավետ հարկաբյուջետային կառավարման, բարձր տնտեսական ակտիվության, եկամուտների կայուն աճի և ծախսերի արդյունավետության համադրությունից։ Բայց այն կարող է նաև լինել չկատարված պետական քաղաքականության արդյունք։ Եթե պետությունը նախատեսել է ներդնել միջոցներ ճանապարհների, դպրոցների, առողջապահության, պաշտպանության, սոցիալական ծրագրերի, ենթակառուցվածքների, գիտության կամ այլ ոլորտների համար, սակայն այդ միջոցները չի կարողացել ծախսել, ապա հաշվապահական իմաստով ստացված հավելուրդը չի նշանակում, որ հասարակությունն ստացել է նույնքան լավ արդյունք։

Չծախսված գումարը կարող է բարելավել բյուջեի հաշվեկշիռը, բայց միաժամանակ նշանակել, որ նախատեսված հանրային ծառայությունը, ենթակառուցվածքը կամ պետական ծրագիրը չի իրականացվել նախատեսված արագությամբ։ Հետևաբար, պետական բյուջեի կատարողականը պետք է գնահատել ոչ միայն «որքա՞ն գումար է հավաքվել» և «որքա՞ն գումար է ծախսվել» հարցերով, այլ նաև, թե ի՞նչ արդյունք է ստացվել այդ ծախսերի դիմաց։

Ծախսերի ցածր կատարողականը կարող է կարճաժամկետ առումով բարենպաստ թվալ դեֆիցիտի և պարտքի կառավարման տեսանկյունից, սակայն երկարաժամկետ առումով կարող է ունենալ հակառակ ազդեցություն, եթե չկատարված ծախսերը վերաբերում են կապիտալ ներդրումներին, տնտեսական աճին նպաստող ծրագրերին կամ հանրային ենթակառուցվածքների զարգացմանը։

Այստեղ է, որ բյուջետային պլանավորման խնդիրը վերածվում է տնտեսական քաղաքականության խնդրի։ Պետությունը բյուջեի միջոցով ոչ միայն գումար է վերաբաշխում, այլև իրականացնում է տնտեսական քաղաքականություն։ Եթե բյուջեով նախատեսված ներդրումները չեն իրականացվում, ապա տնտեսության վրա նախատեսված խթանող ազդեցությունը նույնպես կարող է չիրականացվել։