07/09/2026

EU – Armenia

Մոսկվա գնալով ի՞նչ է փորձելու գույքագրել Փաշինյանը

Բիշքեկում ՇՀԿ-ի գագաթաժողովից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց, որ պայմանավորվել են Նիկոլ Փաշինյանի հետ առաջիկայում հանդիպել Մոսկվայում և հանգիստ մթնոլորտում, առանց շտապելու երկու երկրների կառավարությունների ոլորտային մասնագետների հետ քննարկել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների շփման գծերը, երկու պետությունների միջև առաջացած տարաձայնություններն ու խնդիրները։

Ինչպես նշեց ՌԴ նախագահը՝ Փաշինյանն է առաջարկել հանգամանալի վերլուծության ենթարկել երկու երկրների համատեղ աշխատանքները բոլոր ուղղություններով, ինչին նախագահը համաձայնել է։ Վլադիմիր Պուտինը մասնավորապես նշել է Հարավկովկասյան երկաթուղու շահագործման, Հայաստանի հաջորդ ատոմակայանի կառուցման շուրջ առաջացած հարցերը, որոնք Փաշինյանը տրամադրված է այլ երկրների հետ համագործակցությամբ իրականացնել։ Համենայն դեպս մինչև վերջերս նա նման հայտարարություններ էր անում։

Մասնավորապես նշելով, որ Հարավկովկասյան երկաթուղին պետք է հայկական երկաթուղու կառավարման իրավունքը կամ հանձնի Հայաստանին, կամ վաճառի երրորդ երկրի։ Իսկ ատոմակայանի մասին ավելի վաղ հայտարարել էր, թե մոդուլային ատոմակայան կառուցելու շուրջ են կառավարության մտորումները, ինչն ամենայն հավանականությամբ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ կյանքի կկոչվի։ Իսկ բիշքեկյան հանդիպումից հետո արդեն սկսեց խոսել այդ երկու ոլորտներում ռուսների հետ համագործակցությունը շարունակելու հնարավորության մասին։

Օրինակ՝ ատոմակայանի վերաբերյալ հայտնեց, թե աշնանը Հայաստան կժամանի «Ռոսատոմ» ընկերության ղեկավարը, ում հետ կքննարկեն ապագա ատոմակայանի կառուցման հնարավորությունները։ Բայց դա վերջնական որոշում չէ, Փաշինյանը հավելեց, որ այն երկիրը, որը լավագույն առաջարկը կանի Հայաստանին, նրան էլ կվստահվի ատոմակայանի կառուցումը։ Հասկանալի չէ՝ այս առումով իրավիճա՞կ է փոխվել, ինչը քիչ հավանական է, թե՞ այդպիսով Փաշինյանը ռուսների գլխի տակ փափուկ բարձ է դնում, որպեսզի հնարավորինս անցավ իրականացնի իրեն տված հանձնարարականները և ռուսական պատժամիջոցների հերթական չափաբաժնին չարժանացնի Հայաստանին։ Իսկ դա ամենևին իր իշխանության օգտին չէ, քանի որ սոցիալական լուրջ դժգոհության կուտակման պատճառ է դառնում։

Ի դեպ, կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Փաշինյանը ևս անդրադարձավ Մոսկվա կատարելիք իր այցին՝ ասելով, որ դրա նպատակը «Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ» հասկացության գույքագրումն է՝ պատկերացնելու համար, թե դա գործնականում ինչ է կատարվում, կողմերն իրականում ինչ դիրքորոշում ունեն։

Այն, որ հայ-ռուսական հարաբերություններն իրենց պատմական վատագույն ժամանակներն են ապրում, անհերքելի է։ Եվ այդ անջրպետը գնալով ավելի է խորանալու՝ դատելով մեր իշխանությունների տրամադրվածությունից։ Իսկ դրանից հասարակության տարբեր շերտերն են տուժում՝ սկսած տնտեսվարողներից, որոնց համար Ռուսաստանը հրաշալի շուկա է, վերջացրած դեպի Ռուսաստան արտագնա մեկնող մեր քաղաքացիներով, որոնց համար դա ապրուստի միակ միջոցն է։

Եվ հիմա Մոսկվա գնալով ի՞նչ է փորձելու գույքագրել Փաշինյանը, եթե իր համար արդեն ակնհայտ է, որ Ռուսաստանի հետ Հայաստանն այլևս քայլելու ճանապարհ չունի՝ անգամ ԵԱՏՄ շրջանակում մեզ տրվող բազմաթիվ արտոնությունները կորցնելու գնով։

Բիշքեկից հետո Փաշինյանը ևս մեկ անգամ արձանագրեց, որ Հայաստանը չի պատրաստվում հետ կանգնել կամ հրաժարվել Եվրոպական միությանն (ԵՄ) անդամակցելու կամ ինտեգրման գործընթացից։ Իսկ դա նշանակում է «թաթիկով անել» ԵԱՏՄ-ին, որովհետև որքան էլ Վլադիմիր Պուտինի մոտ Փաշինյանը փորձում էր չքմեղանալ, թե ԵԱՏՄ կանոնակարգերը չի խախտել ԵՄ-ի մասին իր ձգտումներն օրինականացնելով, և մեր երկիրն իրավունք չունի հանել ԵԱՏՄ-ից, քանի որ Հայաստանը նման ցանկություն չի հայտնել, այնուամենայնիվ, ՌԴ նախագահը շեշտեց, որ ԵՄ-ին անդամակցելու կամ ինտեգրման գործընթացով Հայաստանն արդեն ազդարարել է ԵԱՏՄ-ից դուրս գալու ցանկության մասին։

Այսինքն՝ ուղղակիորեն այդ մասին հայտնելու անհրաժեշտություն էլ չկա։ Հետևաբար՝ Մոսկվա կատարվելիք այցը ամենայն հավանականությամբ հերթական անպտուղ ծախսն է լինելու Հայաստանի համար, որը ոչինչ չի որոշելու Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Թեև գուցե ավելի արագացնի հարաբերությունների սառեցման գործընթացը։ Փաշինյանը նման հարցերում հմուտ վարպետ է։

Հիշենք, որ Պուտինի հետ նախորդ հանդիպումից հետո մեկնարկեցին ռուսաստանյան սահմանափակումները հայկական արտադրության մթերքների շուկայում։ Հիմա ի՞նչ պատուհաս կարող է բերել իր ժողովրդի գլխին երկրի առաջնորդը։