09/09/2026

EU – Armenia

Փաշինյանը ճիշտ է՝ Բաքվում պիտի նրա արձանը դնեն. Լուսանկար

Նիկոլ Փաշինյանը Բաքու մեկնող քաղհասարակության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է, թե իր արձանը Բաքվում պետք է կանգնեցնեն։ Արցախի հարցը լուծելով՝ ինքը ոչ միայն Հայաստանն է, այլև Ադրբեջանն է ազատել ռուսական լծից։

Հրապարակ թերթը գրել է․ Դե, այս հարցում մարդիկ, կարծես թե, համամիտ են Փաշինյանի հետ։ Ասում են՝ Փաշինյանը ճիշտ է՝ Բաքվում պիտի իսկապե՛ս նրա արձանը դնեն։ Ի վերջո, եթե ինքն է ասում, որ իր կատարած գործը պատմական նշանակություն ունի Ադրբեջանի համար, ապա ինչո՞ւ ադրբեջանցիները չպետք է առաջինը գնահատեն այդ «պատմական առաքելությունը»։

Այստեղ մի «բայց» կա։ Երբ երկրի ղեկավարը հպարտանում է, որ հակառակորդ պետությանը հանձնել ու դատարկել է Արցախը, երբ նույն քաղաքականությունը՝ հանձնումների շղթան, շարունակվում է Հայաստանում, արդեն պետք է մտածել, որ մարդը քաղաքական լուրջ հիվանդությամբ է տառապում։

Այնպիսի հիվանդությամբ, որի դեպքում սեփական երկրի համար յուրաքանչյուր աղետ ու ողբերգություն սկսում է ընկալվել որպես փրկագործություն։ Նրան թվում է, թե ինքը «պատմական միսիա» է կատարել։

Հարց չի առաջանում՝ ո՞ւմ համար։ Եթե արդյունքում Ադրբեջանն է իրեն հաղթող ու ազատված կողմ համարում, իսկ Հայաստանի քաղաքացին շարունակում է ապրել կորստի, անորոշության ու անվտանգության խնդիրների մեջ, ապա ո՞րն է այդ «փրկագործության» իրական հասցեատերը։ Գուցե հենց այստեղ է արձանի ամբողջ գաղտնիքը։

Արձանը ուզում ես կանգնեցնել այնտեղ, որտեղ կարծում ես, որ քո արածն անգնահատելի է։

Նման ղեկավարի հաջորդ քայլը կարող է լինել այն, որ հայտարարի՝ ինքը փրկել է նաև Արևմուտքը։ Չէ՞ որ ռուսական ազդեցության նվազումը միայն Բաքվի կամ Երևանի հարցը չէ։

Ուրեմն Փաշինյանը նաև Արևմուտքի բարօրության համար է այդքան մեծ ծառայություն մատուցել։ Այդ դեպքում անհասկանալի է՝ ինչո՞ւ է ասում, որ իր արձանը Բաքվում կանգնեցնեն։

Ինչո՞ւ ոչ Բրյուսելում։

Ինչո՞ւ ոչ Վաշինգտոնում կամ Պրահայում։

Սա հոգեբանական պարզ մեխանիզմ է կամ, ավելի ճիշտ, քաղաքական խոստովանություն։

Ադրբեջանին ասում է՝ «Ինչ արել եմ, ձե՛ր համար եմ արել»։

Դուք էլ, ուրեմն, իմ արձանը կառուցեք։

Փաշինյանը ճիշտ է՝ Բաքվում պիտի նրա արձանը դնեն