25/09/2026

EU – Armenia

Մեր կուսակցությունը չեն գրանցում, իբրեւ թե պատերազմի քարոզ ենք անում

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ, քաղաքական գործիչ Հրանտ Տեր-Աբրահամյանն է:

– Տեւական ժամանակ հարցազրույցներով հանդես չէիք գալիս: Այս ընթացքում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, նոր պառլամենտ ձեւավորվեց, Նիկոլ Փաշինյանի թիմը, ինչպես նաեւ՝ որոշ ընդդիմադիր ուժեր արդեն ՏԻՄ ընտրություններին են պատրաստվում: Ձեր գնահատմամբ` ի՞նչ պրոցեսներ են ընթանում: Ի՞նչ գնահատական կտաք ներքաղաքական ընդհանուր գործընթացներին:

– Ընտրությունների արդյունքները, ցավոք սրտի, ինձ համար կանխատեսելի էին, ես հրապարակային եւ ոչ հրապարակային կերպով ասում էի, որ արդյունքը կրկնվելու է, եթե պայքարի ճանապարհը նույնն է: Ես տպավորություն ունեմ, որ իշխանության դեմ պայքարող այդ համակարգերից ոչ մեկն էլ լուրջ նպատակ չուներ` համակարգին հեռացնելու, եւ հիմա ստանում ենք այն, ինչ ստանում ենք: Ինձ երբեմն մեղադրում էին, որ վատատեսական բաներ եմ ասում, սակայն, ցավոք, մենք ստացանք նույն արդյունքը, ինչ 2021-ին, եւ դեռ կստանանք այնքան ժամանակ, քանի դեռ գործող համակարգի դեմ իրական եւ գաղափարական հակադրություն չի ձեւավորվում: Եթե բոլոր ընդդիմադիր ուժերն ընդունում են պարտության գաղափարախոսությունը, ուղիղ չեն ասում, սակայն պնդում են, որ «խաղաղության» կոնցեպտի մեջ պետք է աշխատեն, ապա էլ ո՞րն է իրենց տարբերությունը, Փաշինյանի կառավարությունն էլ այդ կուրսը տանում է, էլ ինչի՞ համար պիտի մարդիկ ընտրեին իրենց: Տրանսպորտի թանկացման վեճերն ու հարկերի բարձրացման հետ կապված խնդիրներն էլ չեն վերածվելու քաղաքական պայքարի եւ շարժում չեն ձեւավորելու: Ամպագոռգոռ հայտարարությունների ներքո, որ Հայաստանն ավելի անկախ է դառնում, ռեժիմը կազմաքանդում է մեր պետությունը: Քայլ առ քայլ կազմաքանդում են պետությունը: Անկախությունն այն չէ, որ ռուսներից պրծնես՝ ընկնես Արեւմուտքի գիրկը, դա արտաքին տիրոջ փոփոխություն է ընդամենը: Մեծ գաղտնիք չեմ բացահայտի, եթե ասեմ, որ մեզ վերաբերող հարցերն այժմ որոշվում են Ադրբեջանում եւ Թուրքիայում, ավելի կոնկրետ` Ադրբեջանում: Դա պաշտոնապես էլ ամրագրված է: Օգոստոսի 8-ի հայտարարության տակ կա մի կետ, որ ռեւանշը պետք է բացառել: Դա, բնականաբար, մեզ է վերաբերում: Այսինքն` ստացվում է, որ Բաքուն ունի բոլոր լծակները՝ մեր ներքին հարցերին միջամտելու: Իրականում, ամեն երեւույթ Ալիեւը կարող է ռեւանշ կոչել: Մենք կուսակցություն ենք ստեղծել՝ Ազգային հեղափոխություն, որի գրանցումը պետական ռեգիստրը անդադար մերժում է, մերժել է նաեւ արդարադատության նախարարությունը, ու գիտե՞ք ինչն է ամենահետաքրքիրն ու զավեշտականը, ի դեպ` այս նախադեպը մեր պատմության մեջ առաջին անգամ է տեղի ունենում. մեր կուսակցության ծրագրում մի կետ կա, որտեղ ասվում է` եթե Ադրբեջանը կամովին չի համաձայնում 2020 թվականից հետո ՀՀ օկուպացված տարածքներից դուրս հանել իր զորքը, խոսքը վերաբերում է, օրինակ, Ջերմուկի, Վարդենիսի եւ մյուս օկուպացված տարածքներին, ապա պետք է այդ տարածքները ռազմական ձեւով ազատագրենք: Դա պետության տարածքները վերականգնելու օրինական պահանջ է: Արդարադատության նախարարությունը դա վերագրել է պատերազմի քարոզ եւ պնդում է, որ մենք հակասում ենք Սահմանադրությանը: ՀՀ ինքնիշխան տարածքի ազատագրումը պետության պարտավորությունն է, իշխանությունը պարտավոր է պետության տարածքային ամբողջականությունը պահպանել: Ստացվել է այնպես, որ մեր երկրում սեփական երկրի պաշտպանությունն այս մարդիկ համարում են պատերազմի քարոզ: Այստեղ խոսքը ո՛չ Արցախի մասին է, ո՛չ էլ Վանի եւ Մուշի, խոսքը Ջերմուկի, Վարդենիսի մասին է: Մեր կուսակցությունը կգրանցեն, թե չեն գրանցի, դա մեզ համար էական չէ, մենք մեր գործն անելու ենք։ Այստեղ խնդիրն այն է, որ պետությունն այժմ սեփական տարածքների ազատագրումը հակասահմանադրական քայլ է համարում, դա նշանակում է, որ Հայաստանն ինքնիշխան չէ, ինքնիշխանությունը դրանից է սկսվում: Պարզ է, չէ՞, թե ումից են վախենում, ավելի ճիշտ` ում համար են այս քայլերին դիմում: Բաքուն է մեր պետության ներքին քաղաքականությունը որոշում, դա փաստ է, այստեղ հռետորիկայի հարց չկա:

– Դուք պնդում եք, որ տարբերություն չկա խորհրդարանական ընդդիմության եւ իշխանության միջեւ, սակայն ընդդիմադիրներն ասում են, որ եթե իրենք գան իշխանության, որեւէ նոր զիջման չեն գնալու, միեւնույն ժամանակ ամեն բան անելու են, որպեսզի խաղաղություն լինի: Իշխանության եւ ընդդիմության տարբերությունը թերեւս սա է:

– Ես ընդդիմադիրների անկեղծությանը չեմ ուզում կասկածել, ենթադրենք, թե իրոք իրենք այսպես են կարծում, բայց դա ասելով չէ: Նման հայտարարություններ անելը տեխնոլոգիապես սխալ է: Երբ իշխանությունն առաջ է տանում խաղաղության լոզունգը՝ այն դարձնելով իր հիմնական քարոզչական թեզը, դու, որպես ընդդիմադիր, չես կարող խաղաղության լոզունգն առաջ տանել՝ պնդելով, որ այն ուղղակի այլ ձեւով է լինելու: Դա տեխնոլոգիապես չի կարող աշխատել, պետք է այլ գաղափարներ առաջ տանել, պետք է խոսես հաղթանակների մասին, ոչ թե պատերազմի: Ի՞նչ է նշանակում՝ մենք կգանք իշխանության, բայց տարածքներ չենք զիջի: Ադրբեջանը մինչեւ «ատամ» չտեսնի, չի հանդարտվի: Ընդդիմությունը պետք է ճանապարհներ ցույց տա, չենք ասում՝ Բաքուն գրավելու մասին խոստումներով հանդես գան, բայց պետք է ասեն, թե ինչպես, ինչ մեթոդներով են պայքարելու, եթե գան իշխանության: Օրինակ` մեր կուսակցությունն առաջարկում է պաշտպանության ակտիվ միջոցներ, մենք ասում ենք, որ չպետք է նստենք եւ սպասենք, թե ինչպես են հարձակվելու մեզ վրա: Եթե կա ագրեսիա, ապա պետք է կանխարգելիչ հարվածներ հասցնել, եթե հարձակվում են, դու էլ պիտի հարձակվես: Դա կոնկրետիկա է: Ընդդիմադիր որոշ ուժեր ընդունում են, ըստ էության, որ իշխանությունը խաղաղություն է հաստատել: Խաղաղություն չկա, պետք է այդ սուտը բացահայտել, ոչ թե ասել` մենք էլ ենք խաղաղության կողմնակից:

– Իշխանությունը շարունակում է Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմը: Երեկ կառավարության ՊՈԱԿ-ը եկեղեցու դեմ 70 էջից բաղկացած զեկույց է հրապարակել՝ եկեղեցականներին «սրին գամելով»:

– Սա շատ ցավալի հարց է: Ժամանակին կար Հայ առաքելական եկեղեցու բարենորոգման թեմա, որը շատ լավ թեմա էր, բայց սրանք իրենց բնորոշ ձեւով այդ ամենը փչացրին, փչացրին տգեղ ու գռեհիկ ձեւով՝ այդ քննարկումը վերածելով զազրելի բազարի: Օրինակ, ես 2008 թվականին այն կարծիքին էի, որ Գարեգին Երկրորդը պետք է հեռանա գահից, բայց հիմա եթե ինձ հարցնեք, ապա կասեմ` ոչ, չպետք է հեռանա: Նիկոլ Փաշինյանը խնդիր չի լուծում այսօր, այլ նոր խնդիրներ է ստեղծում: Նա Եկեղեցին բարենորոգելու հարցը փակուղի է մտցրել, ոչ մեկս չենք կարող այս ֆոնին Եկեղեցու բարեկարգումից խոսել: Այս իշխանությանը բնորոշ է քաոս ստեղծելը: Որտեղ հայտնվում են նրանք` քաոս է: