30/09/2026

EU – Armenia

Եվրոպայի էներգետիկ մռայլ իրականությունը

Դուբլինում հավաքված եվրոպացի նախարարները սահմանափակ թվով նոր գաղափարներ ունեին՝ պաշտպանվելու ձմռանը սպասվող էլեկտրաէներգիայի սակագների կտրուկ աճից։

ԴՈՒԲԼԻՆ — Եվրոպացի էներգետիկայի ոլորտի պաշտոնյաները որպես սպառողներին այս ձմռանը էներգակիրների աճող գներից պաշտպանելու սակավաթիվ իրատեսական միջոցներ առանձնացրին ֆինանսական աջակցությունն ու հարկերի նվազեցումը՝ միաժամանակ հույս ունենալով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «կրակի վրա յուղ չի լցնի»՝ արգելելով ամերիկյան դիզելային վառելիքի արտահանումը։

Երեքշաբթի օրը Դուբլինում կայացած ոչ պաշտոնական հանդիպմանը եվրոպացի էներգետիկայի նախարարները բախվեցին մռայլ իրականության։ Ձմռան նախաշեմին բնական գազի գները մոտեցել են վերջին չորս տարվա առավելագույն ցուցանիշներին, Եվրոպայում գազի պաշարները անսովոր ցածր մակարդակի վրա են, իսկ Մերձավոր Արևելքում շարունակվող հակամարտությունը նշանակում է, որ Հորմուզի նեղուցը մնում է փակ՝ անորոշ ժամանակով։ Մինչդեռ դիզելային վառելիքի գների կտրուկ աճը դրդել է ԱՄՆ-ին դիտարկել այդ վառելիքի արտահանման արգելքի հարցը, ինչը անհամաչափ մեծ ազդեցություն կունենա Եվրոպայի վրա։

Նախարարներն ու ԵՄ պաշտոնյաները հայտարարել են, որ էլեկտրացանցերի և էլեկտրաէներգիայի շուկաների արմատական ​​արդիականացման միջոցով վերականգնվող էներգիայի ոլորտում Եվրոպայի ներուժի լիարժեք օգտագործումը երկարաժամկետ հեռանկարում ծախսերը նվազեցնելու միակ իրատեսական ուղին է։ Սակայն կարճաժամկետ կտրվածքով նրանք ընդգծել են ֆինանսական աջակցության ծրագրերի առավելությունները՝ ուղղված էլեկտրիֆիկացման և վերականգնվող էներգիայի կիրառման խթանմանը. այդ ծրագրերից շատերն արդեն իսկ ընդունվել էին այս տարվա էներգետիկ ճգնաժամի առաջին ալիքից հետո։

«Այժմ Եվրոպայում վաճառվում են ավելի շատ էլեկտրական մեքենաներ, քան երբևէ, էլեկտրական ջերմային պոմպերն ավելի մեծ ծավալով են փոխարինում գազային և նավթային կաթսաներին, քան նախկինում. ուստի, այո, իրականում բազմաթիվ դրական գործընթացներ են տեղի ունենում», – լրագրողներին ասել է ԵՄ էներգետիկայի հարցերով պատասխանատու Դան Յորգենսենը՝ պատասխանելով POLITICO-ի հարցին։ «Հաճախ նման իրավիճակներում լավագույն քայլերից մեկը, որը նաև կարճաժամկետ արդյունք է տալիս, ակտիվ էլեկտրիֆիկացումն է»։

Նա հավելել է, որ «բնավ չի պնդում, թե դա բավարար է», և որ կան «բազմաթիվ խոշոր կառուցվածքային քայլեր, որոնք պետք է իրականացնենք, և որոնք անմիջապես՝ վաղը կամ նույնիսկ այս տարի չեն օգնի սպառողներին, սակայն կան նաև քայլեր, որոնք անդամ պետությունները կարող են ձեռնարկել»։

Իռլանդիայի էներգետիկայի նախարար Դարա Օ’Բրայենը, ում կառավարությունն այժմ իրականացնում է ԵՄ-ի վեցամսյա ռոտացիոն նախագահությունը, նույնպես վերականգնվող էներգիայի աղբյուրների ներդրումը որակել է որպես ծախսերի աճին արձագանքելու հիմնական միջոց՝ ընդգծելով, որ Դուբլինն աշխատում է արագացնել ԵՄ նոր օրենքի ընդունումը, որն ուղղված է միության էլեկտրացանցերի ամրապնդմանը։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ծախսերի ներկայիս աճին արձագանքելու հարցում ԵՄ-ի հնարավորությունները սահմանափակ են։

«Հարկման հարցում անդամ պետություններն ունեն որոշակի ճկունություն, սակայն կարծում եմ՝ մեր քաղաքացիները գիտակցում են, որ Եվրոպայում չկա որևէ կառավարություն, որը կկարողանա պաշտպանել իր քաղաքացիներին գների յուրաքանչյուր բարձրացումից», – ասել է նա լրագրողներին։ Դրա հիմնական պատճառը, ըստ նրա, Եվրոպական միության կողմից ներկրվող հանածո վառելիքից ունեցած չափազանց մեծ կախվածությունն է։

Քննարկումների առանցքում այն ​​հարցն էր, թե ով պետք է պատասխանատվություն կրի գների աճի խնդրի լուծման համար։ Անդամ երկրները կոչ արեցին Հանձնաժողովին՝ հավելյալ հարկ սահմանել գերշահույթ ստացող էներգետիկ ընկերությունների համար, մինչդեռ ԵՄ գործադիր մարմինը հայտարարեց, որ որոշումը պետք է կայացնեն առանձին երկրները։

Նույնը վերաբերում էր նաև անցյալ շաբաթ Յորգենսենի հնչեցրած կոչին՝ ուղղված սպառողներին վառելիքի սպառումը կրճատելու վերաբերյալ. ազգային կառավարությունները նախընտրում են սպասել Հանձնաժողովի կենտրոնացված ցուցումներին։ Այս մասին հայտնել է էներգետիկայի ոլորտի եվրոպացի պաշտոնյան, ով տեղյակ է անդամ երկրների քննարկումներից և, ինչպես և այս հոդվածում հիշատակված մյուս անձինք, ցանկացել է մնալ անանուն՝ ազատորեն խոսելու համար։

Թե՛ Օ’Բրայենը և թե՛ Յորգենսենը նախազգուշացրել են, որ նման միջոցառումները պետք է լինեն նպատակային և ժամանակավոր՝ խուսափելու համար անհավասար կիրառումից, որը կարող է խաթարել ԵՄ միասնական շուկայի գործունեությունը։

Էներգակիրների գների հետ կապված մտահոգությունները յուրահատուկ՝ փորձարարական բնույթ հաղորդեցին քաղաքի կենտրոնում գտնվող տպավորիչ Դուբլինի ամրոցում անցկացված փակ քննարկումներին։ Պաշտոնյաները քննարկեցին էլեկտրաէներգիայի հարկերի նվազեցման և էլեկտրական մեքենաների ավելցուկային էներգիան ազգային էներգացանցեր վերադարձնելու հարցերը։ Նրանք նաև ուշադրությամբ լսեցին ուկրաինացի պաշտոնյաներին (ովքեր հրավիրվել էին բրիտանացի, նորվեգացի և մոլդովացի պատվիրակների հետ միասին), երբ վերջիններս առաջարկեցին պահեստավորել եվրոպական բնական գազի պաշարները՝ հանուն միության, իրենց ընդարձակ ստորգետնյա պահեստարաններում։ Այս մասին հայտնել է Մոլդովայի էներգետիկայի նախարար Դորին Յունգիետուն։

Յունգիետուն հավելեց, որ Եվրոպային անհրաժեշտ են «արագ և շոշափելի արդյունքներ»՝ ծախսերը նվազեցնելու համար։ Նա նշեց, որ դրան հասնելու լավագույն միջոցը տնային տնտեսությունների մակարդակով վերականգնվող էներգիայի աղբյուրներում (օրինակ՝ արևային էներգիայի) ներդրումներ կատարելն ավելի դյուրին և էժան դարձնելն է, սակայն խոստովանեց, որ դա դժվար կլինի իրականացնել այն երկրներում, որտեղ էլեկտրացանցերում խորը կառուցվածքային փոփոխություններ են պահանջվում։

ԵՄ-ի անօգնականությունը ակնհայտ դարձավ, երբ պաշտոնյաներին հարցեր ուղղվեցին այն մասին, թե արդյոք ԵՄ-ն պատրաստ է ԱՄՆ-ի կողմից վառելիքի արտահանման հնարավոր արգելքին՝ հաշվի առնելով, որ ամսվա սկզբին Թրամփը, կարծես թե, պաշտպանել էր այդ գաղափարը։ Նախարարները հիմնականում հույս հայտնեցին, որ նման արգելք չի կիրառվի, և միաժամանակ կոչ արեցին Վաշինգտոնին վերանայել այդ մոտեցումը։

Յորգենսենը լրագրողներին հայտնեց, որ «հստակ ազդանշան» է ուղարկել իր ամերիկացի գործընկեր Քրիս Ռայթին՝ կոչ անելով հրաժարվել այդ սպառնալիքից, և նշեց, որ ուրախ է տեսնել, թե ինչպես է Ռայթը հրապարակավ համաձայնում, որ այդ քայլն արդյունավետ չի լինի։ Օ’Բրայենն ասաց, որ անցյալ շաբաթ Վաշինգտոն և Նյու Յորք կատարած այցի ընթացքում ամերիկացի պաշտոնյաների հետ ունեցած զրույցներն իրեն վստահություն են ներշնչել, որ այդ ծրագիրը կյանքի չի կոչվի։

Եվրոպական էներգետիկ ոլորտի ևս մեկ պաշտոնյա նշեց, որ «կարճաժամկետ հեռանկարում նավթի գների առումով շատ բան անել հնարավոր չէ», սակայն հույս հայտնեց, որ արգելքը չի իրականացվի։ «Ամերիկացիները պրագմատիկ մարդիկ են,- ասաց պաշտոնյան։- Ամեն ինչ փողից է կախված. եթե նրանք արգելեն դիզելային վառելիքի արտահանումը, դա գուցե ձեռնտու լինի Տեխասի համար, բայց արդյունավետ չի լինի ԱՄՆ-ի մյուս շրջանների համար»։

Երեքշաբթի, ԱՄՆ նավթային արդյունաբերության ղեկավարներն ու Սպիտակ տան պաշտոնյաները փնտրում են Թրամփի առաջարկած՝ դիզելային վառելիքի արտահանման արգելքին այլընտրանքային տարբերակներ։ Քննարկումներին ծանոթ և անանուն մնալու պայմանով խոսած երկու անձանց տվյալներով՝ դիտարկվող տարբերակներից մեկը կարող է լինել եվրոպական կառավարություններին ուղղված խնդրանքը՝ օգտագործելու սեփական ռազմավարական պաշարների դիզելային վառելիքը։

Եվրոպացի պաշտոնյաները խոստովանել են, որ վերջնական որոշումը Թրամփինն է, և որ առանձին անդամ երկրները քիչ բան կարող են անել՝ ԱՄՆ նախագահի մտադրությունն իրականանալու դեպքում նրա դիրքորոշումը փոխելու համար։ «Կոնկրետ որևէ անդամ պետության համար չափազանց դժվար կլինի փոխել այդ տարբերակի վերաբերյալ որոշումը», — նշել է Ռումինիայի էներգետիկայի հարցերով պետքարտուղար Քրիստիան Բուշոյը։ «Փորձել կռահել, թե ինչ կանի Թրամփը, նույնն է, թե նայել կախարդական գնդի մեջ», — հավելել է վերոնշյալ պաշտոնյան։

Սա չի նշանակում, թե ԵՄ-ի համար այլընտրանքային տարբերակներ գոյություն չունեն։ Էներգետիկ քաղաքականությունը համակարգող զարգացած երկրների խմբի՝ Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) գործադիր տնօրեն Ֆաթիհ Բիրոլը, ով նույնպես ներկա էր Դուբլինում կայացած քննարկումներին, ընդունել է, որ Եվրոպան «ամենախոցելի տարածաշրջաններից մեկն է»։ Միաժամանակ նա հայտնել է, որ IEA-ն պատրաստ է համակարգել ռազմավարական նավթային պաշարների օգտագործումը՝ զգուշացնելով, սակայն, որ նման քայլն առայժմ առաջնահերթություն չէ։

«Մեր պաշարները բավարար վիճակում են», — առանձին հարցազրույցում հավելել է Օ’Բրայենը։ — «Այս փուլում պաշարների սպառման հետ կապված խնդրի վտանգ չկա։ Մենք գիտենք միայն, որ պետք է նախապատրաստվենք վատթարագույն սցենարին և հուսանք լավագույնին»։