Մի քանի օր է Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ–ականները, ինչպես նաեւ իշխանության «հաճախորդները», լծվել են Շաքի գյուղ ներխուժած, հայ կնոջը հրազենային վիրավորում հասցրած և վերջինիս երեխաներին վնասվածքներ պատճառած ադրբեջանցի զինծառայողի գործողություններն արդարացնող վարկածներ շրջանառելուն։
Հրապարակ թերթը գրել է․ Նախորդ օրն Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպով փորձ արվեց հանրային ուշադրությունը շեղել կատարվածից, այնուհետեւ Փաշինյանը հարցազրույցում առաջ քաշեց մի ամոթալի վարկած, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Ըստ նրա՝ հնարավոր է, որ ադրբեջանցի զինծառայողը պարզապես մոլորվել է և ոչ թե նպատակային ներթափանցել Հայաստանի տարածք։ Մնում էր Արամ Զավենիչի պես ասեր, որ խեղճ զինվորը քնած է եղել, կինը դանակով հարձակվել է վրան, նրան էլ այլ բան չի մնացել քան կրակել։
Իսկ երեկ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը շարունակեց ադրբեջանցի զինվորի համար փաստաբանություն անել։ Բանն այն է, որ այս միջաեպը հօդս է ցնդեցրել ոչ միայն ամուր սահմաններ եւ մարտունակ բանակ ունենալու մասին իշխանականների սին հավաստիացումները, այլեւ խաղաղության մասին հեքիաթը, որին միայն իրենց էլեկտորատն է հավատում։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Գասպարյանը հարց տվեց` Շաքիում հային ահաբեկող ադրբեջանցու ձերբակալման գործընթացը տեսանկարահանվե՞լ է, եթե այո` ինչո՞ւ չի հրապարակվել սոցցանցերում, ինչպես իրենց պաշտպանյալների՝ ազգությամբ հայերի ձերբակալություններն են հրապարակվում, որոնք ուղեկցվում են մարդկային արժանապատվությունը նվաստացնող տեսարաններով և սոցցանցերում մեծ թվով դիտումներ են ունենում։
Նիկոլ Փաշինյանը փորձեց հնարավորինս լղոզել իրականությունը․ «Այս պահին չեմ կարող ասել՝ տեսանկարահանում կա, թե ոչ։ Կճշտեմ՝ լրացուցիչ կասեմ», ասաց նա, ապա շարունակեց պաշտպանել հանցագործ ադրբեջանցուն. «Վստահաբար մի բան կարող եմ ասել՝ ադրբեջանցի զինվորը, որի ձեռքին եղել է հրազեն, ձերբակալության պահին ընդհանրապես դիմադրություն ցույց չի տվել, նաև որոշակի վնասվածքներ է ունեցած եղել։ Գուցե նաև դա է պատճառը, որ ինչ-որ կոնկրետ կադրեր չեն հրապարակվել»։
Խոսքի մեջ էլ վրդովվեց, թե` այդ հարցադրումները՝ հայը, թուրքը, ադրբեջանցին, ինչի են հանգեցնում․ «Կարծում եմ այդ դեպքը, որը տեղի է ունեցել, որևէ ընդհանրություն չունի բոլոր այն շահարկումների հետ, որ կան։ Բանը հասել է այնտեղ, որ մարդիկ կասկածի տակ են դնում, թե խաղաղություն հաստատվա՞ծ է, թե՞ ոչ։ Դրանից առաջ էլ էին կասկածի տակ դնում։ Նրանց համար կապ չունի՝ ինչու, ինչ է տեղի ունեցել․ իրենց ասելիքը չի փոխվում»։ Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, թե գործընկերներին խնդրել է, որ խուսափեն նման կադրեր հրապարակելուց՝ խոսքը հայ գործընկերների ձերբակալություններին է վերաբերվում։
Նույն խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը նկատեց, թե Փաշինյանը փաստացի զբաղված է ադրբեջանցի ահաբեկչի փաստաբանությամբ, պատճառաբանելով, թե մառախուղ է եղել, նա ձերբակալության ժամանակ չի դիմադրել։
«Արդյոք հնարավո՞ր է՝ շուտով հանդես գաք հայտարարությամբ և դատապարտեք ՀՀ քաղաքացի, Շաքիի բնակիչ Անի Ավետիսյանին, ով հերոսաբար և անձնազոհաբար, պաշտպանում էր իր երեխաներին, փաստացի թշնամու կրակոցին պատասխանել է, վիրավորել է նրան և ինքնապաշտպանվել է», հեգնեց ընդդիմադիր պատգամավորը Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ եթե «Ուժեղ Հայաստանն» իշխանության լիներ՝ Շաքիի դեպքի առնչությամբ ՀՀ-ում կհայտարարվեր ռազմական դրություն, կբերվեր բանակը մարտական վիճակի, հրետանային կրակով կմշակվեր սահմանային ամբողջ տարածքը, օդուժը կռմբակոծեր Ադրբեջանի մերձակա դիրքերը, բոլոր հրետանային հրթիռային համակարգերը կբերեին գործի։ «Այն, որ ասում էի սեպտեմբերին պատերազմ է սկսելու՝ սա նկատի ունեի», նորից պատերազմով փորձեց հանրությանը վախեցնել կառավարության ղեկավարը:
Ապա գրեթե հաստատեց ընդդինադիր պատգամավորի կասկածները, որ պատրաստ են հերոսաբար իր զավակներին պաշտպանած կնոջը մեղադրել, ասելով, թե պետք է ոստիկանությանը ապավինեին, երբ ոստիկանություն են զանգում՝ դիմում են ոստիկանություն, ուրեմն պետք էր սպասել ոստիկանության գործողություններին։ Հովսեփյանը զարմացավ՝ Անի Ավետիսյանը ոչ թե պետք է տրվեր մայրական բնազդին, պաշտպաներ իր երեխաներին, այլ պետք է զանգեր ոստիկանությո՞ւն։ «Այսուհետ կարող ենք արձանագրել` Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ես և դուք գտնվում ենք ոչ անվտանգ միջավայրում, որովհետև ցանկացած օր, ցանկացած պահի ադրբեջանցին կարող է մտնել մեր տուն և կրակի մեզ վրա, մեր երեխաների վրա և չկրի ծանրագույն պատիժ»։
Փաշինյանն ասաց. «Զանգել էր ոստիկանություն, որովհետև այդ տունը, որտեղ մտել է ադրբեջանցի զինվորը, մարդիկ առնվազն բացակա են եղել մի քանի օր, հետո երեխաները եկել են՝ տեսել, որ տանը օտար մարդ կա, հետո զանգել են մայրիկին ասել են, որ տանը օտար մարդ կա, մայրիկը զանգել է ոստիկանություն, բայց մայրիկը ավելի շուտ է այդտեղ հասել…Դա սովորական կրիմինալ իրավիճակ է, եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, բացարձակապես ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա»։

Բաց մի թողեք
Լեգիտիմության ամբողջական բացակայություն
Չեմ դադարում զարմանալ մարդկային լկտիության, ցինիզմի, անամոթության անսահմանության վրա
Կասկածելի միգրանտներ Սյունիքում. ո՞վ կարող է ոտքով մտնել Հայաստան