06/11/2026

EU – Armenia

Կոբախիձեն քննադատել է Եվրահանձնաժողովին

Եվրահանձնաժողովի զեկույցը ամենեւին էլ խիստ չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել։ Այն կլիներ խիստ, եթե հիմնվեր բացառապես փաստերի վրա։ Սակայն այն խիստ է միայն հեղինակների համար։

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նա ասել է, որ անընդունելի է եվրահանձնակատարների պահանջը՝ ազատ արձակելու նրանց, ովքեր բռնի գործողություններ են կատարել։ Նա ափսոսանք է հայտնել, որ զեկույցի հեղինակները չեն կարողացել որեւէ քննադատական դիտարկում կատարել՝ հիմնված բացառապես փաստերի վրա։ Կոբախիձեն ընդգծել է, որ հանգամանքները, որոնք ներկայացված են զեկույցում, հերթական անգամ ցույց են տալիս, թե ինչ ողբալի վիճակում են գտնվում եվրաբյուրոկրատները։

Նա նաեւ ասել է, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որը ընդունվել է Վրաստանի կողմից, չի չեղարկվի, ինչպես պահանջում են Բրյուսելում։Նշենք, որ Բրյուսելում հրապարակել են զեկույց, որում արձանագրվել է, որ Վրաստանն արդեն երրորդ տարին է ԵՄ առաջ ստանձնած հանձնառությունների հետընթաց է արձանագրում։

Զեկույցում նաեւ կոչ է արվել ազատ արձակել անազատության մեջ գտնվող քաղաքական գործիչներին, լրագրողներին եւ ակտիվիստներին։