22/12/2024

Crocus City Hall-ի ահաբեկչության մեջ կասկածվող անձանց ավտոմեքենայում Տաջիկստանի քաղաքացու երկու անձնագիր է հայտնաբերվել

Բրյանսկի մարզում՝ Ուկրաինայի հետ սահմանի մոտ, ձերբակալվել է Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կասկածվող երկու անձ։

Այս մասին հայտնել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Խինշտեյնը։

«Renault ավտոմեքենայում հայտնաբերվել է PM ատրճանակ, AKM ինքնաձիգի պահունակ և Տաջիկստանի քաղաքացիների անձնագրեր։

Նախնական տեղեկություններով՝ Renault-ը, որը վարում էին կասկածյալները, հայտնաբերվել է գիշերը։ Իրավապահների պահանջով՝ ավտոմեքենան կանգ չի առել, և ուղևորները փորձել են փախչել։

Հետապնդման ժամանակ հնչել են կրակոցներ, և ավտոմեքենան շրջվել է։ Մեկ հոգի տեղում ձերբակալվել է, մնացածը փախել են անտառ։ Խուզարկության արդյունքում՝ ժամը 03:50-ի սահմաններում, հայտնաբերվել և բերման է ենթարկվել երկրորդ կասկածյալը։ Մյուսների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Գործողությանը ներգրավված են բոլոր իրավապահ մարմինները»,- գրել է Խինշտեյն «Տելեգրամ»-ի իր ալիքում։

Նշենք, որ Տաջիկստանը հերքել է իր քաղաքացիների մասնակցությունը Մոսկվայի մարզում տեղի ունեցած ահաբեկչությանը:

ՌԴ ՔԿ տեղեկատվության համաձայն, Բրյանսկի շրջանում ձերբակալված ահաբեկիչները տեղափոխվում են Մոսկվա: Ահաբեկչությունից հետո հանցագործները մտադիր են եղել հատել ՌԴ-ի և Ուկրաինայի սահմանը, համապատասխան շփումներ են ունեցել ուկրաինական կողմում:

Հիշեցնենք՝ մարտի 22-ին հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Վերջին տվյալներով ահաբեկչության հետևանքով զոհվել է 93 մարդ (տվյալները վերջնական չեն)։

ՌԴ ԱԴԾ ղեկավար Բորտնիկովը հայտնել էր, 11 անձի ձերբակալության մասին, որոնց թվում են 4անձինք, ովքեր անմիջականորեն մասնակցել են «Կրոկուսի» ահաբեկչությանը:

Ավելի վաղ Baza-ն հայտնել էր, որ Բրյանսկի մարզում ձերբակալվել են Crocus City Hall-ի հարձակման մեջ կասկածվող երկու անձինք։

Մոսկվայի մարզի Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությանը Տաջիկստանի քաղաքացիների մասնակցության մասին տեղեկությունը կեղծ է. Դուշանբեն Ռուսաստանի իշխանություններից նման տվյալներ չի ստացել:

Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել հիմնվել Ռուսաստանի պետական մարմինների պաշտոնական տեղեկատվության վրա: Գերատեսչությունից նշել են որ չստուգված և ոչ հավաստի տեղեկատվության տարածումը կարող է վնաս հասցնել Տաջիկստանի քաղաքացիներին, որոնք ներկայումս գտնվում են երկրի սահմաններից դուրս:

Լրատվամիջոցները շարունակում են գրել, որ ահաբեկչության հետաքննության շրջանակում ձերբակալվել են Տաջիկստանի քաղաքացիներ:

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը Վլադիմիր Պուտինին զեկուցել է 11 անձի, այդ թվում՝ համերգասրահում տեղի ունեցածին մասնակցած 4 ահաբեկչի ձերբակալության մասին: Այդ մասին հայտնել են Կրեմլից: