31/07/2025

Միացյալ Նահանգներն Ադրբեջանին «էներգետիկ պատերազմ» է հայտարարելու, ԵՄ-ն կլինի միջնորդ

Բաքվի լրատվամիջոցները տագնապով գրում են, որ եվրոպական մի քանի երկրներ, այդ թվում՝ Իտալիան և Ավստրիան, ադրբեջանական նավթի գնման հետ կապված խնդիրներ են հարուցում:

Խոսքը Բաքու-Ջեյհան խողովակաշարով տարանցվող նավթի բաղադրության մեջ «քլորիդների առկայության» մասին է, ինչը դժվարացնում է նավթավերամշակման գործարանների աշխատանքը, քանի որ առկա է մթնոլորտի աղտոտման վտանգ: Ի՞նչ ծագում ունեն այդ «քլորիդները», առայժմ պարզ չէ:

Այս տեղեկատվությունը տարածվել է ԱՄՆ-Եվրամիության էներգետիկ գործարքի համաձայնեցման ֆոնին: Հուլիսի 28-ին Եվրահանձնաժողովը և Միացյալ Նահանգները փաստաթուղթ են ստորագրել, որի համաձայն առաջիկա երեք տարիներին ԵՄ-ն ԱՄՆ-ից պետք է գնի 750 միլիարդ դոլարի էներգակիրներ՝ նավթ և հեղուկ գազ:

Գործարքն, իհարկե, քաղաքական է: Նույն օրն Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը մեկնաբանել է, որ ամերիկյան էներգակիրներն ավելի թանկ են, քան ռուսաստանյանը, և Եվրոպային սպառնում է ապաինդուստրալիզացիա, կապիտալի արտահոսք Միացյալ Նահանգներ:

Ի՞նչ հաշվարկների վրա է կառուցված Եվրոպայի համար այդ «ապոկալիպտիկ» կանխատեսումը, Լավրովը չի մանրամասնել: Փաստ է, որ Միացյալ Նահանգները ԵՄ-ին «հարկադրում» 1 լիովին ազատվել Ռուսաստանի էներգետիկ «դիկտատից», իսկ փոխարենն առաջարկում է բացառապես սեփական էներգակիրները:

ԱՄՆ-Եվրամիություն էներգետիկ գործարքը, դատելով ադրբեջանական մամուլի իրար հաջորդող հրապարակումներից, խնդիրներ է հարուցում նաև Ադրբեջանի համար: Եվրամիության էներգետիկ անվտանգության ապահովման գործում Ադրբեջանի մասնակցությունը մեծ չէ, ընդամենը՝ մոտ չորս տոկոս, բայց հարավային Եվրոպայի մի քանի երկրների կողմից գազի գնման ծավալներում ադրբեջանական «ներդրումը» կազմում է տասից տասնհինգ տոկոս:

Ադրբեջանի և Եվրահանձնաժողովի միջև պայմանավորվածության համաձայն 2027 թվականին Եվրամիության երկրներ մատակարարվելիք ադրբեջանական գազի տարեկան ծավալները պետք է հասնեն 20 միլիարդ խորանարդ մետրի:

Անցած երկու տարիներին Իլհամ Ալիևը մի քանի անգամ հրապարակային դժգոհել է, որ Եվրամիությունն ադրբեջանական գազի գնման ծավալների մեծացումը չի ապահովում ոչ ֆինանսական աջակցությամբ, ոչ կայուն համագործակցության պայմանագրերով:

ԱՄՆ-ի հետ Եվրահանձնաժողովի պայմանավորվածությունը, մինչդեռ, «երկաթյա է»: Եվ եթե Եվրամիությունը գրեթե հարյուր տոկոսով ավելացնի ամերիկյան էներգակիրների ներկրումը, ապա հարց է, թե Հարավային Եվրոպայի երկրները կշարունակե՞ն ադրբեջանական գազ օգտագործել կամ «հում» նավթ գնել, թե կգերադասեն կամ ստիպված կլինեն նախապատվությունը տալ ամերիկյա՞ն հեղուկ գազին և նավթին:

ԱՄՆ նախագահն, ամենայն հավանականությամբ իրոք քաղաքականությունը համարում է «գործարքներ կնքելու հմտություն», բայց նա առաջնահերթությունը տալիս է իր երկրի, ամերիկյան ընկերությունների շահերին:

Եվ եթե խնդիր է դրված ամբողջությամբ գրավել էներգակիրների եվրոպական շուկան, ապա ի՞նչ երաշխիք, որ Թրամփի «տոփանագլանը չի անցնի նաև ալիևյան Socar-ի վրայից»:

Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցը Եվրահանձնաժողովի հետ էներգակիրների, մաքսատուրքերի և ԵՄ կողմից ամերիկյան տնտեսության մեջ 600 միլիարդ դոլարի ներդրումներ կատարելու շուրջ պայմանավորվածություններն անվանել է «Թրամփի հաջողություններից գլխապտույտը»:

Սա, երևի, ավելի շատ Բաքվի տագնապները «գաղտնագրելու» համար օգտագործված քարոզչական հնարք է: Իհարկե, չափազանցություն կլիներ ասել, թե Միացյալ Նահանգներն Ադրբեջանին «էներգետիկ պատերազմ» է հայտարարելու, մանավանդ որ Կասպից ավազանից արտահանվող նավթի և գազի պաշարների ընդամենը մեկ քառորդն է Ադրբեջանին պատկանում, մնացածը տնօրինում են մոտ մեկ տասնյակ ընկերություններ, այդ թվում և՝ ամերիկյան, բրիտանական BP մասին դեռ չխոսած, որի մասնաբաժինն ընդհանուրի մեկ երրորդն է, գումարած, որ նա է կառավարում Բաքու-Ջեյհան նավթամուղը:

Բայց խնդիրներ, հավանաբար, ծագելու են, իսկ դրանք կարգավորումը պահանջելու է բարդ բանակցություններ, որտեղ, բնականաբար, ազդեցիկ կողմ լինելու է Միացյալ Նահանգները: