Այս պահին առկա տեղեկություններից դատելով՝ ԱՄՆ-ն ընդունել է Հայաստանի առաջարկները ապաշրջափակման հարցում ամերիկյան մասնակցության եղանակի վերաբերյալ։ Ինչպես գիտեք, Հայաստանը մերժել է ճանապարհի վարձակալման շուրջ ամերիկյան առաջարկը, որի մասին հայտնել էր Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Թոմ Բարաքը։
Վստահաբար, այս առաջարկը չընդունելուց հետո Հայաստանը պաշտոնական դիվանագիտական խողովակներով ամերիկյան կողմին է ներկայացրել այն սխեման, որն ինքն ընդունելի է համարում։ Տեղի են ունեցել քննարկումներ, և ըստ էության, Հայաստանը և ԱՄՆ-ն համաձայնության են եկել ստեղծել համատեղ ձեռնարկություն (US-Armenia Joint Venture), որի նկատմամբ և որի աշխատանքներում հավասար իրավունքներ են ունենալու հայկական և ամերիկյան պաշտոնական կողմերը։
Այդ կոնսորցիումի աշխատանքները վերաբերելու են կոմունիկացիոն ենթակառուցվածքների ստեղծմանը և կառավարմանը։ Կառուցվելու են երկաթուղային, ավտոմոբիլային գծեր, ինչպես նաև՝ էլեկտրահաղորդման, նավթա-գազային խողովակաշարեր։
Արդեն հայտնի է, որ Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հանդիպումը։ Նրանց մասնակցությամբ ադրբեջանական «SOCAR»-ի և ամերիկյան «ExxonMobil»-ի միջև ստորագրվել է «Համագործակցության հուշագիր»:
Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարն ու «ExxonMobil»-ի փոխնախագահը: Ամերիկյան «ExxonMobil»-ը զբաղվում է նավթի և բնական գազի հետազոտությամբ, արդյունահանմամբ, տեղափոխմամբ և մատակարարմամբ։
Դեռ չկան մանրամասներ այս գործակցության մասին։ Ես ենթադրում եմ, որ Հայաստանի տարածքով անցնելիք նավթագազային խողովակաշարերի ստեղծումը և կառավարումը ամերիկյան «ExxonMobil» ընկերությունն է իրագործելու։ Այսինքն, ադրբեջանական նավթը և գազը Հայաստանի տարածքով կարող է անցնել և խողովակաշարերի կառավարումը «ExxonMobil»-ն իրականացնի։ Չեմ բացառում՝ այս ընկերությունը նաև Ադրբեջանի տարածքում արդյունահանմանը ներգրավվի։ Բայց Հայաստանի կոնտեքստում, կարծում եմ, իրականացնելու է տեղափոխման գործառույթ։
Սա մի կողմից՝ Ադրբեջանին կտա երաշխիք, որ Հայաստանով անցնելիք խողովակաշարերը կգործեն անվտանգ։ Հայաստանը կստանա ֆինանսական միջոցներ՝ իր տարածքով ադրբեջանական նավթա-գազային փոխադրումների համար, իսկ ամերիկյան «ExxonMobil»-ը կարող է ներգրավվել ադրբեջանական էներգետիկ ոլորտում և ներդրումներ կատարել։ Բայց սա էլի իմ ենթադրությունն է՝ հիմնվելով գործընթացի ընդհանուր տրամաբանության և ինձ հայտնի տեղեկությունների վրա։ Անհրաժեշտ կլինի հետևել պաշտոնական հայտարարություններին և պաշտոնական պայմանավորվածություններին այս մասով։
Վերադառնանք Հայաստան-ԱՄՆ տիրույթին։ Ստեղծվելիք հայ-ամերիկյան կոնսորցիումը կհանձնարարի կամ կպատվիրակի հայկական և ամերիկյան մասնավոր ընկերություններին, որպեսզի նրանք կատարեն ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները։ Ֆինանսական ներդրումները կատարելու է ամերիկյան կողմը` պետական կամ մասնավոր հատվածներին ներգրավելով։ Վստահաբար՝ ԱՄՆ-ում առկա են ֆինանսական հաշվարկներ ներդրումների վերաբերյալ։
Հաշվի առնելով, որ ստեղծվում է հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն, կարելի է ենթադրել, որ կառուցվելիք ենթակառուցվածքների նկատմամբ սեփականության իրավունքները պատկանելու են հենց այս կոնսորցիումի կողմերին հավասարապես։
Դա է հուշում տրամաբանությունը, քանի որ հավասար իրավունքներ են ունենալու կողմերը։ Չեմ բացառի նաև այլ ձևաչափ․ կախված է այն հարցից, ֆինանսական ներդրումները ում կողմից են ներդրվում։ Սա դեռ հավելյալ պարզաբանումներ է պահանջում։
Եթե մի քիչ գործնականացնենք, ապա իմ տրամաբանությամբ, եթե մեկ օր ԱՄՆ-ն ցանկանա դուրս գալ այս նախագծից, նա սեփականության կես-իրավունք կունենա ենթակառուցվածքների նկատմամբ, մյուս կեսը կպատկանի Հայաստանին, որը տեսականորեն՝ կկարողանա գնել մյուս կեսը։
Բայց սա իհարկե՝ ենթադրության դաշտից է, որը կարծում եմ մոտ կլինի իրականությանը։ Չի կարելի բացառել, որ ենթակառուցվածքները՝ խողովակաշարերը, երկաթուղային գծերը, մալուխային և խողովակային գծերը պատկանեն միայն ամերիկյան կողմին, որի գումարներով դրանք կառուցվելու են։ Սակայն հողի նկատմամբ իրավունքները պահպանի Հայաստանը։ Երկու սցենարն էլ ես ենթադրում եմ, չեմ պնդում։ Կարևոր է հասկանալը՝ ֆինանսական հատկացումները ով է անում, ինչ մասնաբաժնով, սրանից էլ կգան այս հարցերի պատասխաններ՝ ենթակառուցվածքների նկատմամբ սեփականության շուրջ։
Եթե հայկական կողմը լավ բանակցած լինի, ապա ենթակառուցվածքների նկատմամբ իրավունքները կկիսվեն։ Հայկական կողմի առարկությունն այն է եղել, որ այն հողը, որի վրա կառուցվելու են ենթակառուցվածքները, շարունակի պատկանել Հայաստանին։ Այսինքն՝ կառուցվի երկաթգիծ՝ Հայաստանին պատկանող հողի վրա։ Ենթադրում եմ՝ այս բանաձևն է գործելու՝ եթե սեփականության հարցին անդրադառնանք։ Էլի հատուկ ընդգծեմ, սա իմ ենթադրությունն է՝ հիմնվելով ինձ հայտնի տեղեկությունների վրա։
Իսկ ո՞րն է տարբերությունը ԱՄՆ-ի նախնական առաջարկի և այսօր համաձայնեցված մեխանիզմի միջև։ ԱՄՆ-ի նախնական առաջարկը ենթադրում էր ամբողջ ճանապարհի և ենթակառուցվածքների վարձակալության հիմունքներով տրամադրում ամերիկյան պետությանը։ Դա չէր ենթադրում Հայաստանի մասնակցության ոչ մի աստիճան։ Այսինքն, կարող էին ստեղծվել ենթակառուցվածքներ՝ Հայաստանի իրավազորությունից և ինքնիշխանությունից դուրս։
Դա կնշանակեր՝ Հայաստանի օրենքների և պետական կառույցների իրավազորությունից դուրս գտնվող ենթակառուցվածքներ էին գործարկվելու։ Իմ կարծիքով, դա իրապես վտանգավոր սխեմա կլիներ, քանի որ Հայաստանը չէր ունենա հասանելիություն և չէր ունենա իրավազորություն՝ իր տարածքում գտնվող օբյեկտների նկատմամբ։
Հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկության պարագայում, տրամաբանությունը հուշում է, որ Հայաստանի տարածքի նկատմամբ սեփականության օտարում չպետք է լինի պետությունից պետություն։ Այլ հայ-ամերիկյան ձեռնարկությունը, որը կստեղծվի Հայաստանի օրենքներով և կգործի հայաստանյան օրենքներին համարժեք, կունենա իրավունք վարձակալել տարածք՝ ենթակառուցվածքներ կառուցելու։ Իմ ընկալմամբ՝ դա չպետք է նշանակի, որ Հայաստանը կորցնում է այդ տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը, այլ վարձակալում է կոնսորցիումը՝ բիզնես-գործունեության նպատակով։
Ինձ համար տարբերությունն ակնհայտ է։ Մի դեպքում միայն ԱՄՆ պետությունն էր միանձնյա որոշում կայացնելու և իրավունքներ ունենալու տարածքի նկատմամբ։ Այս պարագայում՝ հայ-ամերիկյան կոնսորցիումն է վարձակալելու տարածք բիզնես-գործունեության նպատակով։ Այսինքն, այստեղ չի գործելու գեոպոլիտիկ և ուժային սկզբունք, այլ զուտ՝ բիզնեսի տրամաբանություն։
Ես այսպես եմ հասկանում․ ինչպես Հայաստանի իրավապահներն այսօր ունեն մուտք Հայաստանի տարածքում գտնվող ցանկացած շենք, տարածք, ճանապարհ, նույն կերպ՝ անհրաժեշտության դեպքում կմտնեն այդ շինությունների և ենթակառուցվածքների տարածքներ։ Օրինակ տեսական սցենար բերեմ․ եթե գնացքի ռելսերի տակ մարդ է հայտնվել, հայաստանյան պետական կառույցները պետք է մտնեն այդ տարածք, հետաքննություն կատարեն, փորձեն հասկանալ՝ ինչի հետևանք է դեպքը, իսկ ահա արդեն բուն քրեական գործը կքննեն Հայաստանի իրավապահները և դատարանները։
Բերեմ մի համեմատություն․ եթե Գյումրիի ռազմաբազայում տեղի է ունենում հանցագործություն, դատական պրոցեսն ու հետաքննությունը իրականացվում է բազայի տարածքում։ Հայաստանի իրավապահները չեն կարող մտնել բազայի տարածք և մարդու ձերբակալել, բազայի տարածքում միայնակ հետաքննություն անցկացնել, ապա անձին տանել հայաստանյան դատարան և դատաքննություն անցկացնել։
Եթե այդ ենթակառուցվածքների վրա տեղի ունենա որևէ հանցագործություն, Հայաստանի իրավապահները պետք է կարողանան մուտք գործել այդ տարածքներ, հետաքննություն անցկացնել և Հայաստանի դատարանը կայացնի վերջնական դատական ակտ։ Այս դետալավորումը իմ պատկերացումն է սիրելի բարեկամներ՝ հիմնված հայկական կողմի այն տեսակետների վրա, որ մինչև հիմա հրապարակային հայտնվել է Հայաստանի պաշտոնյաների կողմից։
Ես խորհուրդ կտամ ևս մեկ անգամ դիտել Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսը, ուր նա խոսում է հայկական կողմի պատկերացումների մասին՝ այդ ընկերության գործունեության շուրջ։
Մինչև վերջերս Հայաստանի կառավարության տեսակետն այն է եղել, որ պետական ֆունկցիաները չեն կարող մասնավոր ընկերության տրվել։ Օրինակ՝ մաքսային վճարները չի կարող մասնավոր ընկերություն գանձել կամ Հայաստանի պետական սահմանի պահպանությունը չի կարող մասնավոր կազմակերպություն իրականացնել։
Իհարկե, դեռ շատ մանրուքներ հասկանալու կարիք կա։ Օրինակ՝ ինձ պարզ չէ, թե Հայաստանի տարածք մտնող ադրբեջանցիները ինչպես և ում կողմից են ենթարկվելու ստուգումների։ Ես կարծում եմ՝ այդ գործառույթը պետք է իրականացնեն հայկական պետական կառույցները։ Ես միայն կարող եմ ենթադրել, որ այս հարցի շուրջ դեռևս հավելյալ բանակցելու և համաձայնեցնելու կարիք կա։ Կամ էլ արդեն համաձայնեցվել է և կողմերը մանրամասներ կհաղորդեն հանդիպման արդյունքների ամփոփման ժամանակ։
Տեղյակ եմ, որ Հայաստանը նախկինում առաջարկել էր, որ գործի «առջևի գրասենյակ» և «հետին գրասենյակ» սկզբունքը։ Այս դեպքում՝ ադրբեջանցիներն առաջինը գործ կունենային երրորդ կողմի աշխատակիցների հետ, որոնք ստուգումները կիրականացնեին, և ինֆորմացիան կտրամադրեին «հետին գրասենյակ», որտեղ գտնվող հայկական մաքսային ծառայությունը որոշում կկայացներ իրավիճակի վերաբերյալ։
Ինչքան գիտեմ՝ Ադրբեջանը սա մերժել է նախկինում, և տեղյակ չեմ՝ ինչպիսի լուծում այստեղ կգտնվի։ Ալիևն ասում էր՝ չեն ուզում տեսնել ճանապարհի վրա ոչ միայն հայերի, այլև՝ այլ կողմերի։ Բայց նաև նա ասում էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը բացառապես երկկողմ ձևաչափով են գնալու լուծումների։ Վաշինգտոնում նախաստորագրելով պայմանագիրը Հայաստանի հետ՝ Ադրբեջանն ընդունելու է ԱՄՆ-ի հատուկ դերը՝ ստորագրման հասնելու հարցում։ Այսինքն, պրոցեսը երկկողմ չի լինելու։ Չեմ բացառում, Ադրբեջանը որոշի ընդունել ամերիկյան կողմի դերը՝ Հայաստանի տարածքով երթեևկության ժամանակ։
Չեմ բացառում, որ Հայ-ամերիկյան կոնսորցիումը ներգրավվի այդ աշխատանքներում՝ Հայաստանի պետական մարմինների հսկողությամբ։ Բայց դա ընդամենը իմ ենթադրությունն է, այստեղ վերջնական պատասխան ես չունեմ։ Դրա համար կարիք կլինի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համատեղ ձեռնարկության ստեղծման պայմանագիրը ուսումնասիրել։ Ես նկարագրում եմ շատ ընդհանրական բանաձևեր։ Կարիք կա նաև հասկանալու, թե Նախիջևանի տարածքով երթևեկելիս անվտանգության ինչպիսի երաշխիքներ են տրվելու հայկական գնացքներին և ավտոմոբիլներին։ Կարծում եմ՝ սա ևս բանակցության ենթակա է կամ արդեն կա համաձայնեցում, որի մասին գուցե իմանանք։
Բայց մյուս կողմից՝ չեմ կարծում, թե ԱՄՆ-ն միլիոնավոր դոլարներ կներդնի (անգամ՝ մասնավոր ֆոնդերի ներգրավմամբ) Հայաստանի տարածքում ենթակառուցվածքների ստեղծման վրա՝ Ադրբեջանի կողմից չունենալով համաձայնություն, որ նա օգտվելու է այդ կոմունիկացիաներից։ Տրամաբանությունը հուշում է, որ ամերիկյան կողմը պետք է Ադրբեջանից ունենա հավաստիացումներ, որ Հայաստանի տարածքում կառուցվելիք ենթակառուցվածքներն օգտագործվելու են։
Կարծում եմ՝ այն, ինչ գրել եմ, շատ մոտ է իրականությանը, բայց կարիք կա պաշտոնական համաձայնությունների հրապարակային։ Չմոռանանք՝ առջևում է նաև Թրամփ-Ալիև, Թրամփ-Փաշինյան, ինչպես և՝ Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ բանակցությունները, որոնց ժամանակ, հավանական է, վերջնականացվեն չհամաձայնեցված հարցերը։ Չբացառենք նաև անհամաձայնությունների պահպանումը՝ հատկապես կոմունիկացիաների վրա անվտանգային երաշխիքների շուրջ։
Ռոբերտ Անանյան; Ֆեյսբուք






Բաց մի թողեք
Օրենք ընդունեք վարչապետի կամքը օրենքի աստիճան բարձրացնելու մասին․ Լևոն Ջավախյան
Եկեղեցին անհաղթահարելի է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսով, իսկ հալածանքներն անցողիկ են
Հայաստանյան իրականությունը՝ «The Times»-ի էջերում. Լուսանկար