27/09/2025

Հայաստանի խնդիրն է՝ ոչ թե ուրիշներից ակնկալել հաջորդ պատերազմի կանխումը, այլ …

Հինգ տարի առաջ այս օրն սկսվել է ղարաբաղյան երկրորդ լայնածավալ պատերազմը, որի ցավալի հետևանքները, կարելի է պայմանականորեն ասել, ամփոփվեցին Վաշինգտոնում՝ անցած օգոստոսի 8-ին:

Սեպտեմբերի 26-ին արտգործնախարար Արարատ Միրզոյանը վստահաբար հայտարարել է, որ «հաստատված է խաղաղություն»: Մեկ օր առաջ Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի ելույթում նման միանշանակ հավաստիացում չի արել:

Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունը վաղաժամ չէ՞, արդյոք: Կարելի՞ է վստահ լինել, որ տեսանելի ապագայում Հայաստանը և Ադրբեջանը կստորագրեն խաղաղության և հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, այն կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացում կանցնի:

Ֆորմալ առումով դա հնարավոր է: Բայց իրական խաղաղությունը «թղթով» չի հաստատվում, այլ՝ կողմերի իրական քաղաքականությամբ, որ ենթադրում է շահերի փոխադարձ ըմբռնում և հարգում, բայց ամենից առաջ՝ միմյանց նկատմամբ հանրային լայն հանդուրժողականություն:

Ադրբեջանական քաղաքական շրջանակների, լրատվամիջոցների, սոցիալական մեդիայի խոսույթը, ցավոք, թույլ չի տալիս նույնիսկ ենթադրել, որ այդ երկրում հայատյացությունը նվազել է: Ավելի շատ գերակշռում է մոտեցումը, որ «հաղթած կողմն իրավունք ունի ոչ միայն խաղաղություն, այլև պարտվածի նկատմամբ գերակայություն ստանալ»:

Այդ իշխող դիսկուրսի դեմ ի՞նչ ունենք Հայաստանում: Բայց, երևի, ճիշտ կլինի ասել՝ ի՞նչ չունենք, որպեսզի կարողանանք արժանապատվորեն և անկորուստ հաղթահարենք «խաղաղության փորձությունը»:

Մենք խնդիր ունենք այս «մենամարտում» հաղթել Ադրբեջանին: Հակառակ դեպքում խաղաղություն չենք ունենա: Ինչպես չենք ունեցել 1994-2020 թվականներին:

Որովհետև Հայաստանը քառորդ դար անընդմեջ կորուստներ է ունեցել: Այդ դեգրադացիայի հաշվարկով է նաև սկսվել ղարաբաղյան երկրորդ պատերազմը: Հայաստանի խնդիրն է՝ ոչ թե ուրիշներից ակնկալել հաջորդ պատերազմի կանխումը, այլ ձեռք բերել խաղաղություն կառուցելու ազգային պոտենցիալ: