Ինձ երբեմն ասում են՝ ինչո՞ւ ես խոսում գրեթե բացառապես Փաշինյանի մասին, մանրամասնորեն չես անդրադառնում նրա ստորադասների, մեղմ ասած, տգեղ վարքին: Շատ պարզ. որովհետեւ այդ վարքը պայմանավորված է Փաշինյանի հրահանգներով:
Ես չեմ կարող ասել՝ «ա՜խ, ինչ վատ տղաներ են դիմակավորված ԱԱԾ-ականները, որ ասֆալտին են փռում մարդկանց, որոնք իրենց ո՛չ դիմադրում են, ո՛չ էլ պատրաստվում են փախչել»: Նրանք դա անում են, որպեսզի ստանան համապատասխան կադրեր, որոնք հետո ցուցադրվում են Փաշինյանին, եւ դրանով վերջինիս սիրտը փառավորվում է:
Անշուշտ, նրանք, ովքեր կատարում են բռնապետի հրահանգները, կրելու են բարոյական, քաղաքական եւ գուցե նաեւ՝ իրավական պատասխանատվություն: Խոսքն այլ բանի մասին է. ես չեմ ուզում ավելացնել հասարակության մեջ առկա ատելությունը (որի սկզբնաղբյուրը Փաշինյանն է)՝ երկրորդական դեմքերի վրա սեւեռվելով:
ՔՊ-ական պատգամավորներն առանց Փաշինյանի պատգամավոր չեն լինի, կամ ոմանք կլինեն ընդդիմադիր պատգամավոր՝ երկու դեպքերում էլ իմ վերաբերմունքը նրանց հանդեպ փոխվելու է դեպի լավը:
Նույնը՝ նախարարները, Փաշինյանի հրամաններն անվերապահ կատարող իրավապահները, ՀՀ նախագահը՝ բոլորը, ովքեր հիմա Փաշինյանի մոտ են աշխատում: Դեկորացիաները փոխվում են, մարդիկ մնում են:
Մի մասն, իհարկե, ծառայելու է նոր տերերին, որովհետեւ կան «քրոնիկապես փչացած» մարդիկ, եւ ես դարձյալ կոչ եմ անելու նրանց վրա ժամանակ եւ նյարդեր չծախսել:
Որովհետեւ կարեւորը ոչ թե նրանք են, այլ նրանց հրաման տվողը: Կամ գուցե երբեւէ կգա մի ժամանակ, երբ առաջին դեմքն ապօրինի, անբարոյական հրահանգներ տալու հնարավորություն չի ունենա:
Իսկ առայժմ պարզապես արձանագրում եմ այդ մարդկանց ստորացումը, բայց աշխատում եմ անձնապես նրանց մասին չխոսել:
Եթե նրանք զգում են իրենց վիճակի ողբերգականությունը, ցավակցում եմ, եթե չեն զգում՝ ոչինչ, ամեն ինչ վաղ թե ուշ վերջանալու է:
Արամ Աբրահամյան

Բաց մի թողեք
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է, բայց պիտի մի բան հասկանալ
Պետությունների շահերը, նույնիսկ եթե նրանք վաղեմի բարեկամներ են, միշտ չէ որ համընկնում են
Փաշինյանի թեզի հիմնական խնդիրը