Ուկրաինական հակամարտության կարգավորման ամերիկյան նոր պլանը թեեւ դեռ քննարկումների փուլում է, եւ դժվար է կանխատեսում անելը, թե արդյոք պատերազմը կավարտվի՞ մինչեւ հինգշաբթի, սակայն ՌԴ-ում փորձագետները սկսել են խոսել այն մասին, թե արդյո՞ք պատերազմի ավարտը երկրի ներքաղաքական կյանքում փոփոխությունների նոր մեկնակետ կդառնա։
Համաձայն տիրապետող տեսակետի, նույնիսկ եթե պատերազմն ավարտվի այս հինգշաբթի, միեւնույն է, պուտինյան վարչակարգի ներքաղաքական գծի մեջ ազատականացման միտումներ չեն լինի, եւ պետական հռետորաբանությունը կշարունակի կառուցվել հանրային միասնականության ու համախմբվածության տրամադրությունների շուրջ։ Կշարունակեն պահպանվել արտաքին սպառնալիքներին դիմագրավելու, նոր ռեգիոնները համատեղ ուժերով վերականգնելու թեզերը։
Հիմնական խնդիրը ներքաղաքական կյանքում, ինչպես նշում է nezigar տելեգրամյան ալիքը, կդառնա պատերազմի արդյունքների մեկնաբանությունն ու ըստ դրա՝ մատուցումը հասարակությանը։ Այլ խոսքով՝ կքննարկվի այն հարցը, թե որքանով կատարվեցին այն առաջադրանքները, լուծվեցին խնդիրները, որոնք դրվել էին 22 թ. փետրվարին։ Միաժամանակ, սոցհարցումները փաստում են, որ պատերազմի ավարտը դրական կընդունի ռուսաստանցիների 60-65 տոկոսը, եւ այն կստեղծի հաղթանակի տրամադրություններ ու էֆեկտ։
Պատերազմի ավարտի դրական տրամադրությունները, ըստ կրեմլյան ստրատեգների, կպահպանվեն 2-3 ամիս, որից հետո արդեն կսկսեն գլուխ բարձրացնել հարակից հարցերը, ինչպիսիք են՝ դեմոբիլիզացիան, անցումը նպատակների նոր ֆորմատին, դժգոհությունները եւ այլն։
Այս ամենը, ըստ վերլուծաբանների, դժվար թե թույլ տա, որ կյանքը, ու քաղաքական կյանքը՝ հատկապես, Ռուսաստանում գնա դեպի ազատականացում։ Պատերազմն ինքնին ու դրա շարունակումը պահանջում են եղած ռեսուրսների համակենտրոնացում, հասարակության ճիգերի ու ջանքերի գերլարված գործադրում, երբ ամեն բան մի կողմ է դրվում, ներառյալ նաեւ սոցիալ-տնտեսական դժգոհությունները։
Պատերազմի ավարտը, բնականաբար, այդ դժգոհությունները դարձյալ ասպարեզ է բերելու, ու կուսակցությունները եթե ճիշտ մարտավարություն ընտրեն, ապա իրենց շարքերի համալրման հարցում կարող են զգալի հաջողությունների հասնել, եթե ռուսաստանյան խիստ սահմանափակ մանեւրայնության տարածքում կարողանան քննադատություններով հանդես գալ՝ ուղղված իշխանություններին։ Զուգընթաց՝ սպասել, որ ռուսաստանյան քաղաքական-կուսակցական համակարգում կլինեն փոփոխություններ, սխալ է։ Նույնկերպ եւ՝ սպասվող Դումայի ընտրություններում մեծ փոփոխություններ ակնկալելն է սխալ։
«Եդինայա Ռոսիան» թերեւս կավելացնի իր մանդատների թիվը, ինչպես նախատեսված է կրեմլյան ստրատեգների կողմից։ Քաղաքացիական լիարժեք կյանքին վերադարձը կունենա նաեւ մեկ այլ խնդիր։ Տեւական պատերազմը զգալիորեն ուժեղացրել է ուժային կառույցների դերակատարումը։ Այդ կառույցները ոչ թե ուրվագծում են ներքաղաքական կուրսը, այլ մշակում են ներքաղաքական լանդշաֆտը։
Բողոքի ցույցերի խիստ արգելքները, գրաքննությունը եւ այլ սահմանափակումները կշարունակեն գոյատեւել նաեւ հետպատերազմական շրջանում։ Իհարկե, հնարավոր է, որ որոշակի «հալոցք» լինի, սակայն դրանք միայն իմիտացիա են՝ հանրային տրամադրությունները եւ հանրային տարբեր խմբերի կառավարելու համար։ Իսկ ահա պատերազմի ավարտից հետո իշխանությունների թիվ մեկ խնդիրը՝ բոլոր մակարդակներում, լինելու է մարդկանց սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը՝ կարծում են մասնագետները։






Բաց մի թողեք
Թուրք-իրանական համագործակցությունը ներառնո՞ւմ է նաև տարածաշրջանային հաղորդուղիների թեման
ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարվեց
Ռուսաստանի «ստվերային նավատորմի դեմ դրոնային հարձակումները» սևծովյան նոր պատերազմի մեկնարկ