Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին, ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը, ինչպես նաեւ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր:
Վարչապետ Փաշինյանը գոհունակություն է արտահայտել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ակտիվացման առիթով: Վարչապետը կարեւորել է նաեւ ս/թ ապրիլի 5-ին Բրյուսելում ձեռքբերված պայմանավորվածությունների ի կատար ածումը՝ ընդգծելով, որ այդ պայմանավորվածություններն արտահայտված են հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրության մեջ, եւ հանդիպումը որեւէ գաղտնի օրակարգ չի ունեցել:
Վարչապետ Փաշինյանը նաեւ դրական է արտահայտվել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման գործընթացի վերաբերյալ՝ ընդգծելով, որ Տավուշի մարզի Ոսկեպար, Կիրանց եւ Բերքաբեր գյուղերի բնակիչների մտահոգությունները հասկանալի են, եւ ամեն ինչ կարվի նրանց լեգիտիմ մտահոգությունները հասցեագրելու համար:
Զրուցակիցներն ընդգծել են 2022թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների կարեւորությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում: Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ճանաչումը, ինչպես նաեւ նույն հռչակագրի հիման վրա սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի իրականացումը բացում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհը:
Քննարկվել է նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Վարչապետ Փաշինյանը եւս մեկ անգամ ընդգծել է, որ այն արտահայտում է 2023 թ. հուլիսին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ իր պայմանավորվածություններն առ այն, որ տարածաշրջանային կոմունիկացիաները պետք է բացվեն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության հիման վրա, հավասարության եւ փոխադարձության սկզբունքով: Այս պայմանավորվածություններն արտահայտված են նախագահ Միշելի՝ վերոնշյալ հանդիպմանը հաջորդած հայտարարությունում:






Բաց մի թողեք
Արամ Ղազարյանը՝ ՓԾ տնօրեն, Կամո Ցուցուլյանը՝ ոստիկանության պետ
ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանն ու Փրկարար ծառայության ղեկավար Կամո Ցուցուլյանը պաշտոններով կփոխվեն
Կադրային բազմաթիվ փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ՝ ՆԳ նախարարի հրամաններով