13/12/2025

ԱԱԾ-ն անգամ ծառահատումներով է զբաղվում

Հոկտեմբերի 27-ին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանին տեղեկատվական հարցում էի արել․ «Ձեր ղեկավարած տեսչությունն այս տարի Իջեւանի անտառտնտեսության անտառներում ուսումնասիրություններով հայտնաբերել է ապօրինի հատված շուրջ 2 հազար ծառ։ Օրենքով նախատեսված ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել այդ առթիվ։ ՀՀ-ում քանի՞ փայտածխի արտադրամաս է գործում, դրանցից քանիսը՝ որ մարզում։ Այդ արտադրամասերից քանիսի՞ գործունեությունն է համապատասխանում բնապահպանական օրենսդրությունը։ Ձեր տեսչությունը 2025 թվականին ի՞նչ միջոցներ է ձեռնարկել բնապահպանական նորմերը խախտող փայտածխի արտադրամասերի նկատմամբ»։ 

Հրապարակ թերթը գրել է․ Ավելի քան մեկ ամիս անց՝ դեկտեմբերի 2-ին, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ․ Գալոյանի ստորագրությամբ պատասխան եմ ստացել, որտեղ նշված է․ ««Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղում տեսչական մարմնի կողմից հայտնաբերվել են ապօրինի հատված 608 ծառ եւ 2 ճյուղ, բուսական աշխարհին հասցված վնասի չափը կազմել է 34 մլն 092 հազար 500 ՀՀ դրամ։ Նույն ժամանակահատվածում ՀՀ ազգային անվտանգության ծառայության գրության հիման վրա կատարված ստուգմամբ հայտնաբերվել են ապօրինի հատված 667 ծառ եւ 26 ճյուղ, հաշվարկվել է բուսական աշխարհին հասցված 43 մլն 84 հազար ՀՀ դրամի վնաս։ Բոլոր դեպքերով առերեւույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։ Միաժամանակ մասնաճյուղում ներքին ստուգում է իրականացվել նաեւ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության կողմից, որի արդյունքներով հայտնաբերված ապօրինի հատված ծառերի փաստով իրենց իսկ կողմից նույնպես հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։ Տավուշի մարզում հաշվառված է փայտածխի արտադրության 90 արտադրամաս (ԱՁ, ֆիզ. անձ)։ 2025 թվականի ընթացքում իրականացված պլանային ստուգումների, ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետ համատեղ ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումներով կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ, ինչպես նաեւ՝ Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ»։

Զարմանալի է, որ էկոպարեկային ծառայությունը, փոխանակ Իջեւանի անտառների պահպանությունն արդյունավետ իրականացնի, թերացել է այդ գործում, իր պահպանած տարածքում ապօրինի հատումների վերաբերյալ Քննչական կոմիտե հաղորդում է ներկայացրել։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինն այդպես էլ չի պատասխանել իմ հարցերին, թե ՀՀ-ում փայտածխի քանի արտադրամաս է գործում, դրանցից քանիսը՝ որ մարզում, այդ արտադրամասերից քանիսի գործունեությունն է համապատասխանում բնապահպանական օրենսդրությանը։