ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով կոմիտեն պաշտոնապես մուտքագրել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ նախատեսող օրինագիծը: Դինա Տիտուսի նախաձեռնած օրինագծին աջակցություն է հայտնել արդեն 27 ամերիկյան օրենսդիր:
Այս մասին հայտնում են Եվրոպայում ադրբեջանական քաղվտարանդիության աղբյուրները: Հայտնի է դարձել, որ ընդլայնվել է նաեւ «պատժամիջոցային ցուցակը»: Այնտեղ ընդգրկվել է եւս երեք ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյայի անուն:
Սկզբունքային նշանակություն ունի, թերեւս, այն, որ պատժամիջոցների ենթակա է համարվել նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ գեներալ Քերիմ Վելիեւը: Այդ պաշտոնին նա նշանակվել է ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո:
Վելիեւը մինչ այդ զբաղեցրել է Ադրբեջանի ԶՈՒ Նախիջեւանի առանձին համազորային բանակի հրամանատարի պաշտոնը, համարվում է «թուրքական կոփվածքի» զինվորական: Ըստ որոշ աղբյուրների, Քերիմովը հատուկ նշանակության զորախմբի հրամանատար Միրզոեւի հետ «անձամբ մասնակցել է» Շուշիի գրավման ռազմագործողությանը:
Այդպես է, թե՝ ոչ, էական չէ: Հայտնի է, որ Վելիեւը զինվորական ծառայության ողջ ընթացքում վայելել է Իլհամ Ալիեւի առանձնահատուկ համակրանքը: Մի շարք փորձագետների կարծիքով՝ նա պաշտպանության նախարար Հասանովի «ամենահավանական փոխանորդն է»: «Թուրան» գործակալության վաշինգտոնյան թղթակցին հայտնի է դարձել, որ ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականները «մեղադրվում են անցած աշնանը Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում պատերազմական հանցագործությունների մեջ»:
Օրինագծի, այսպես ասած՝ ընթացակարգային ճակատագրի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Արտաքին հարաբերությունների կոմիտեն կքննարկի՞ այն, ե՞րբ, ի՞նչ մոտիվացիայով՝ չափազանց բարդ է նույնիսկ կռահել: Այս առումով բավական դիտարժան տեսակետ է հայտնել ադրբեջանցի վերլուծաբան Գասիմլին:
Նրա կարծիքով՝ «Արեւմուտքի հանդեպ Ադրբեջանում հանրային բացասական կարծիք ձեւավորվում է անձամբ Ռուսաստանի նախագահ Պուտինի պահանջով»: Ադրբեջանցի քաղաքագետը համոզված է, որ «Ղարաբաղում հատուկ ռազմագործողությունից հետո Կրեմլը աքցանի մեջ է առել Ալիեւին, նրա համար չափազանց դժվար է խզվել Պուտինի հետ»:
Գասիմլին համարում է, որ Արեւմուտքը «դեռեւս կարմիր գծերը պահում է, իրական քայլեր Ադրբեջանի դեմ չի անում»: Նա օրինակ է բերում Ֆրանսիան, որ թեեւ Ազգային ժողովի եւ Սենատի մակարդակով ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը, բայց նախագահ Մակրոնը «ձեռնպահ է մնում ընդառաջելուց»:
Նույնը, նրա կարծիքով, Վաշինգտոնն է անում՝ Կոնգրեսում «հարուցելով պատժամիջոցներ նախատեսող օրինագծի քննարկում»: Նպատակն, ըստ ադրբեջանցի վերլուծաբանի մեկն է՝ «Ալիեւին հեռացնել Պուտինից, թույլ չտալ, որ հայ-ադրբեջանական սահմանին բախումներ սկսվեն»:
Կարելի է համարել, որ նման տեսակետների շրջանառումը կազմակերպված է, ուղղորդվում է Ալիեւի աշխատակազմից կամ Ադրբեջանի ԱԳՆ-ից, կամ նույնիսկ՝ հատուկ ծառայություններից: Այդուհանդերձ, խոսույթն ինքնին ուշադրության արժանի է թեկուզ այն առումով, որ վկայում է Ադրբեջանում քաղաքական քննարկումների «երկրորդ շերտի» առկայությունը:
Մանավանդ որ ԱՄՆ պետական դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը, կարծես հակադարձելով Ալիեւի «Երեւանին եւ Բաքվին միջնորդներ պետք չեն» հայտարարությանը, վերահաստատել է, որ պետքարտուղար Բլինքենը ներգրավված է հայ-ադրբեջանական «ճգնաժամի կարգավորմանը»:
Այս ֆոնին ուշադրություն է գրավում ռուսաստանցի մեկնաբան Տարասովի տեսակետը, որ հայ-ադրբեջանական նախարարական հանդիպումն Ալմաթիում կազմակերպելու համաձայնությունը «վկայում է, որ բանակցային գործընթացն Արեւմուտքից տեղափոխվում է հետխորհրդային տարածք»: Գասիմլին Ալիեւի կեցվածքի երկդիմությունը բացատրում է ռուս-ուկրաինական պատերազմի ելքի անորոշությամբ: «Եթե Ռուսաստանն իր նպատակին չհասնի, ապա Ալիեւը կհայտնվի «օդում»: Նրան կվերաբերվեն՝ ինչպես Պուտինին եւ Լուկաշենկոյին»-ամփոփել է նա:
Կոնգրեսում մուտքագրված «պատժամիջոցային օրինագիծը» եւ, մանավանդ, ցուցակի համալրումն Ալիեւի մերձավոր շրջապատի անձի անունով զգուշացո՞ւմ են: Եթե Ալիեւը հարկադրված լինի «մինչեւ երկրորդ աքլորականչ» ուրանալ Պուտինին, ինչե՞ս դրան կարձագանքի Կրեմլը:
Բաց մի թողեք
Ադրբեջանը սահմանին կհանդիպի՞ ԱՄՆ մասնագետների խմբին
Կարևոր է, թե Հայաստանն ինչպես է օգտագործելու նոր հնարավորությունները
Գուցե օլիգարխ – տնտեսական ու քաղաքական վերնախավերի, բայց հաստատ ոչ միայն կրթության շնորհիվ