02/02/2026

ՀՀ կառավարությունը աշխատանքներ է տանում Գազայից երեխաների բուժումը ՀՀ-ում շարունակելու ուղղությամբ

ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ Ժիրայր Անանյանը ելույթ է ունեցել «Իրավիճակը Միջին Արևելքում» խորագրով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը` ներկայացնելով Հայաստանի մոտեցումները տարածաշրջանում զարգացումների վերաբերյալ։

Այս մասին հայտնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։

«Անդրադառնալով Միջին Արևելքին Հայաստանի աշխարհագրական մերձակայությանը, տարածաշրջանի երկրների հետ պատմականորեն բարեկամական հարաբերություններին, ինչպես նաև հայկական համայնքների նշանակալի ներկայությանը՝ ՄԱԿ-ում ՀՀ ՄՆ տեղակալն առանձնանշեց հայ խաղաղապահների ներդրումը Լիբանանում ժամանակավոր տեղակայված խաղաղապահ առաքելությունում /UNIFIL/»,-ասված է ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ։

Ժիրայր Անանյանը նաև նկատել է, որ ՀՀ կառավարությունն աշխատանքներ է տանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ՝ Գազայից տասնյակ երեխաների բուժումը Հայաստանի բուժհաստատություններում կազմակերպելու նպատակով։

Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը ողջունում է Գազայի վերաբերյալ 2025թ. նոյեմբերի 17-ին ընդունված ՄԱԿ ԱԽ 2803 բանաձևը և, որպես հիմնադիր անդամ, ստորագրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը՝ վերահաստատելով հետհակամարտային կայունացման, վերակառուցման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային հանձնառությունը՝ շեշտելով Խաղաղության խորհրդի շրջանակներում ակտիվորեն ներգրավվելու ՀՀ պատրաստակամությունը։

Նշվում է, որ իր խոսքում Անանյանը նաև առանձնանշել է Հայաստանի հետևողական սատարումը բարեկամ Սիրիայի միասնականությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ հավելելով, որ սիրիական առաջնորդությամբ իրականացվող հետհակամարտային վերականգնման և խաղաղաշինության գործընթացը կարևորագույն նշանակություն ունի երկրում տևական խաղաղություն ապահովելու համար։