02/02/2026

Անգլերենի թեստերում եղել է խոտան. ովքեր համաձայն չեն արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննության. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարությունը, ի գիտություն «Անգլերեն» առարկայի միասնական քննության դիմորդների, հայտնում է, որ 2026 թվականի հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան:

«Հաշվի առնելով, որ քննասենյակներում ստեղծված իրավիճակը կարող էր որոշակի ազդեցություն ունենալ դիմորդների քննական արդյունքի վրա, Գնահատման և թեստավորման կենտրոնը 2026 թվականի մարտի 1-ին կկազմակերպի «Անգլերեն» առարկայի նոր քննություն:

Քննությանը մասնակցած բոլոր այն դիմորդները, որոնք համաձայն չեն իրենց քննական արդյունքի հետ, կարող են մասնակցել նոր քննությանը՝ անկախ իրենց թեստի տարբերակից. կպահպանվի բարձր միավորը:

Այն դիմորդները, որոնք ընդունում են իրենց քննական արդյունքը, կարող են պահպանել այն՝ չմասնակցելով նոր քննությանը:

Հայտագրման գործընթացի հետ կապված կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ: