19/11/2026

EU – Armenia

Դաստիարակը երեխաներին սպառնացել է չքնելու դեպքում դանակով վիզը կտրե՞լ

1995թ. Արարատ քաղաքում ծնված, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած Գ. Արսենյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չունենալով համապատասխան մասնագիտական որակավորում, սակայն 2020 թ․ սեպտեմբերից փաստացի աշխատելով Երեւանի «Մեր բակ» մանկապարտեզում որպես դաստիարակ եւ ունենալով մանկապարտեզի հոգածությանը հանձնված եւ իր խմբում ընդգրկված երեխաների առօրյա խնամքով եւ դաստիարակությամբ զբաղվելու պարտականություն, թերի է կատարել իր պարտականությունները:

Այդ թվում` «2020 թ․ դեկտեմբերի 3-ին, չկարողանալով մանկավարժական մեթոդների կիրառմամբ հասնել իր խնամքին հանձնված մանկահասակ երեխաներին հանգստացնելուն եւ պատշաճ կերպով նրանց խնամելն իրականացնելուն, սպառնալիքներ, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել անօգնական վիճակում գտնվող մանկահասակ երկվորյակ քույրերի՝ 2018 թ․ հունիսի 21-ին ծնված Ա․ Ս․-ի եւ Ե․ Ս․-ի, 2018 թ․ հունվարի 6-ին ծնված Մ․ Հ․-ի, 2018 թ․ մարտի 16-ին ծնված Ա․ Ս․-ի, 2018 թ․ հուլիսի 2-ին ծնված Լ․ Ղ․-ի, 2017 թ․ դեկտեմբերի 8-ին ծնված Վ․ Ա․-ի հասցեին, այդ թվում սպառնացել է չքնելու դեպքում պահել մութ սենյակում, դանակով վիզը կտրել, սատկացնել, դիմել հայրերին՝ երեխաներին ծեծի ենթարկելու համար, ինչպես նաեւ՝ երեխաների պահանջով հրաժարվել է տրամադրել խմելու ջուր եւ հարվածներ հասցնելով՝ ծեծի է ենթարկել նրանց՝ դիտավորությամբ պատճառելով երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ եւ որպես հոգետրավմատիկ գործոնների ամբողջություն՝ այդ գործոնները բացասաբար են անդրադարձել երեխաների հոգեվիճակի վրա՝ ուղեկցվելով դրանից բխող վարքային եւ հուզական փոփոխություններով»:

Գ․ Արսենյանին մեղադրանք է առաջադրվել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով («Անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, եթե դա չի առաջացրել սույն օրենսգրքի 112-րդ եւ 113-րդ հոդվածներով նախատեսված հետեւանքները, եւ եթե բացակայում են սույն օրենսգրքի 309.1-ին հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները, որոնք կատարվել են երկու կամ ավելի անձանց նկատմամբ, անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաեւ՝ առեւանգված կամ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ»):

Երեւան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանն ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանք է դիտել ամուսնացած լինելն ու նախկինում դատապարտված չլինելը, պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել խնամքին մեկ անչափահաս երեխայի առկայությունը: Դատարանում ամբաստանյալի պաշտպանները պաշտպանական ճառերում հայտնել են, որ ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննությամբ ապացուցվել է իրենց պաշտպանյալի անմեղությունը։ 2026 թ․ փետրվարի 11-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` նախագահությամբ Նելլի Բաղդասարյանի, վճռել է Գայանե Մեսրոպի Արսենյանին մեղավոր ճանաչել 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով եւ նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ ազատազրկում՝ 3 տարի ժամկետով, պատժի ժամկետին հաշվակցել Գ․ Արսենյանի՝ արգելանքի տակ գտնվելու 1 օր ժամկետը՝ թողնելով կրելու ազատազրկում 2 տարի 11 ամիս 29 օր ժամկետով: Նրա նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնել անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Գ․ Արսենյանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 1 միլիոն 987 հազար 80 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս:

Հուլիսի 14-ին Գ․ Արսենյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ խնդրելով բեկանել քրեական դատարանի 2026թ. փետրվարի 11-ին կայացրած դատավճիռը՝ ճանաչել եւ հռչակել Գայանե Արսենյանի անմեղությունը եւ նրա նկատմամբ կայացնել արդարացման դատական ակտ կամ անփոփոխ թողնելու դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ սույն գործով վերաքննիչ դատարանում հերթական նիստը նշանակված է այսօր։