19/11/2026

EU – Armenia

Գյումրիում նոր ներդրող է հայտնվել․ քաղաք կբերի պարսկական քաղաքների փորձը

Գյումրիում նախատեսվում է շուրջ 7 մլն դոլարի ներդրում՝ թափոնների վերամշակման գործարանի կառուցման նպատակով։ Գյումրու ավագանին նախնական համաձայնություն է տվել «Արմ Գրին Վորլդ Գ» ՍՊԸ-ի ներկայացրած ներդրումային առաջարկին, որով նախատեսվում է քաղաքում իրականացնել թափոնների համալիր կառավարում, տեսակավորում, վերամշակում, ինչպես նաև սանիտարական աղբավայրի կառուցում և շահագործում։

Ներդրումային ծրագիրը ներկայացրել է Լաերտ Գևորգյանը։ Նրա խոսքով՝ ծրագրի հիմնական ուղղությունը աղբավայրի մշակման և աղբի վերամշակման գործարանի կառուցումն է։ Նախագծի իրականացման դեպքում Գյումրին հնարավորություն կունենա հրաժեշտ տալ տարիներ շարունակ ծխացող աղբավայրին, որը մասնագետները կկոնսերվացնեն։

Լաերտ Գևորգյանը նշել է, որ ծրագրի իրականացման համար համայնքից ֆինանսավորում չեն ակնկալում․ ներդրումները լինելու են Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Նրա խոսքով՝ ընկերությունը նման գործունեություն է իրականացնում նաև Իրանի Քիշ քաղաքում, որտեղ գործում է աղբի տեսակավորման գործարան։ Քիշը Իրանի խոշոր նավահանգստային քաղաքներից է։
Գևորգյանը ավագանու անդամներին հրավիրել է Քիշ՝ առաջարկելով տեղում ծանոթանալ իրենց գործունեությանը և տեսնել, թե ինչի մասին է խոսքը։ Նա նաև նշել է, որ Հայաստանում ընկերությունը հիմնադրվել է վերջերս և հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության դուստր ընկերություն։

Նշենք, որ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս հարցով ձեռնպահ է քվեարկել՝ պատճառաբանելով, որ բավարար ժամանակ չի ունեցել ներդրողի բիզնես առաջարկին ծանոթանալու և այն մանրամասն ուսումնասիրելու համար։