ԱՄՆ փոխնախագահ Վենսն ավարտել է Հայաստան և Ադրբեջան այցը:
Բաքվում նա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ստորագրել է ռազմավարական համագործակցության Խարտիա, որի հիմնական դրույթները հրապարակված են և համակողմանի ու խորքային վերլուծության կարիք ունեն մանավանդ այն մասով, որ շոշափում են անվտանգության և պաշտպանության բանագավառը, ինչպես նաև՝ TRIPP նախագծին:
Նկատելիորեն բարդ է նաև Վենսի Երևան և Բաքու այցի միջազգային ու տարածաշրջանային ֆոնը: Երկօրյա լռությունից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը Միացյալ Նահանգների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների «թույլատրելիության» մասին միայն ընդհանուր բնույթի դիտարկում է արել և հավաստիացրել, որ Մոսկվան երկկողմ ձևաչափով շարունակելու է համագործակցել Երեւանի և Բաքվի հետ:
Մինչ այդ, սակայն, ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը վճռականորեն ասել է, որ առանց Ռուսաստանի մասնակցության TRIPP նախագիծը հնարավոր չէ իրականացնել:
Վենսի հարավկովկասյան այցին պաշտոնապես չեն արձագանքել Իրանը և Թուրքիան: Եվ եթե Թեհրանի դեպքում դա «հասկանալի» է, մանավանդ որ Իրանն ինքը չափազանց լուրջ խնդիրներ ունի ԱՄՆ հետ, ապա Անկարայի լռությունը մտորելու տեղ է թողնում: Այս համատեքստում հարկ է ընդգծել, որ Վենսի Երևանից Բաքու մեկնելու օրը Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին գործուղվել է Օմանի մայրաքաղաք Մասկատ:
Ի՞նչ ուղերձ է նա փոխանցել ամերիկյան կողմի հետ բանակցություններում միջմնորդ երկրին, կարելի է գնահատել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բաղայիի հայտարարությունից, որ Թեհրանը պատրաստ է իր միջուկային օբյեկտների «ցանկացած դիտարկման»:
Փետրվարի 11-ին, ինչպես ավելի վաղ կանխատեսել էինք, Հունաստանի վարչապետ Միցոտակիսը մեկնել է Թուրքիա: Կայացել է նրա և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առանձնազրույցը, այնուհետեւ նրանք ներկա են գտնվել միջգերատեսչական համագործակցության Բարձրագույն խորհրդի նիստին:
Կողմերն ստորագրել են առեւտրի, տնտեսության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներին վերաբերող մի շարք փաստաթղթեր: Քաղաքական առումով այդ բանակցությունների նախնական կարեւորություն կարելի է համարել Էգեյան ծովում և Միջերկրականի արևելյան հատվածում առկա բարդ խնդիրները «իրավունքի հիման վրա լուծելու» համաձայնությունը:
Դիտարժան է, որ նույն օրերին Վաշինգտոնում է գտնվել Իսրայելի վարչապետ Նաթանյահուն: Երուսաղեմում մտահոգված են, որ ԱՄՆ նախագահը «կարող է ոչ ցանկալի գործարք կնքել Իրանի հետ»: Իսրայելական կողմին հատկապես անհանգստացնում է այն, որ Իրանի նկատմամբ դիրքորոշում ընտրելու հարցում Դոնալդ Թրամփը «լսում է Թուրքիային, Կատարին և Եգիպտոսին»:
Իրանի շուրջ իրավիճակը, իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը, թուրք-հունական լարվածությունը և, իհարկե, ռուս-ամերիկյան դիվանագիտական շփումները Հայաստան-Ադրբեջան խաղաղության, Հարավային Կովկասում կայունության գործընթացի անմիջական «միջավայրն» են, որի «բարեխառնությունից» մեծապես կախված է նաև հայ-ամերիկյան պայմանավորվածությունների կատարումը:

Բաց մի թողեք
Եվրոպական հանձնաժողովը հայտարարում է կիբերհարձակման դեմ պայքարի ԵՄ-ի «գործողությունների ծրագրի» մասին
Ալի Խամեյնին Վաշինգտոնին «առաջարկում է իշխանության տրանզիտի հնարավորություն թողնել»
«Խաղաղություն ապահովելու լավագույն միջոցը իրական զսպան գործիքներ ունենալու մեջ է»