22/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Համապետական ընտրություններին մենք պետք է ընտրենք ոչ թե անհատի, այլ՝ քաղաքական այնպիսի թիմի

Ողջ հանրային-քաղաքական դաշտը եւ ԶԼՄ-ները կենտրոնացել են մեկ հարցի շուրջ՝ գալիք համապետական ընտրությունների արդյունքում ով է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը: Ոչ թե իշխանությունը, կառավարությունը, Ազգային ժողովը, նախագահը, այլ՝ վարչապետը:

Սա խոսում է քաղաքական համակարգի «հիվանդության», ոչ հասուն կամ ուղղորդված քաղաքացիական հասարակության եւ մեծավմասամբ ապատեղեկացված ընտրողի թյուր պատկերացումների մասին:

ՀՀ Սահմանադրության 146 հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է», ուշադրություն դարձրեք՝ ոչ թե վարչապետը, այլ՝ կառավարությունը: Իսկ 147-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է. «Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից»:

Բայց հանրային հիշողությունը ենթագիտակցորեն առաջնորդվում է «Կառավարությունը ես եմ» փաշինյանական մոդելով: Ավելի վաղ՝ «թավշյա ապոկալիպսիսի» մեկնարկի ժամանակ, նույն անձը բղավում էր. «Կա՛մ ես կլինեմ Հայաստանի վարչապետը, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»:

Այո´, ամբոխավարության մթնոլորտում նման էմոցիոնալ պոռթկումները թռցնում էին տաք կարկանդակների պես, ավելին՝ կուլ տալիս եւ մարսում շատ արագ:

Մեր չարչրկված Սահմանադրության 88-րդ հոդվածի 1-ին կետով՝ «Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է, որը տնօրինում է օրենսդիր իշխանությունը եւ վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն» եւ այլն:

Այսինքն՝ ժողովրդի ներկայացուցիչը ոչ թե վարչապետն է, այլ՝ Ազգային ժողովը, որպես հավաքական մարմին, որն ունի հստակ վերահսկողական գործառույթներ ե՛ւ կառավարության, ե՛ւ վարչապետի, այսինքն՝ «ինքնահռչակ կառավարության» նկատմամբ:

Ըստ Սահմանադրության՝ վարչապետը կառավարության մաս է, նա ո՛չ գլուխ է, ո՛չ էլ «մեր երկրի ղեկավարը», ինչպես նրան բնութագրեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Դավոսում Իլհամ Ալիեւին շնորհակալություն հայտնելու ժամանակ: Իրականում հենց ի՛նքն է «պետության գլուխը» (ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածի 1-ին կետ` «Հանրապետության նախագահը պետության գլուխն է»), եւ իր հիմնական գործառույթներից է՝ «հետեւել սահմանադրության պահպանմանը» (հոդված 123, կետ 2):

Որքան էլ որ գործող վարչապետն իրեն փորձում է վերագրել օրենսդիրի, գործադիրի, դատականի եւ անգամ Վեհափառ հայրապետի հոգեւոր լիազորությունները (չհաշված պատմական կերպարների հետ զուգահեռներ տանելը՝ Պապ թագավորից մինչեւ Տրդատ Երրորդ),  սահմանադրաիրավական դիտանկյունից նա ընդամենը կառավարության մենեջերն է եւ ուրիշ ոչինչ:

Այսինքն՝ երբ նա թավշյա էյֆորիայի մեջ հայտարարում էր՝ «դուք՝ բոլորդ վարչապետ եք», հավանաբար, մտքում իրեն վերապահում էր «վարչապետների վարչապետ» տիտղոսը: Ըստ այդմ, մենք պետք է մեր հանրությանը վերադարձնենք  քաղաքական իրատեսության դաշտ, որպեսզի մեր ժողովուրդը գիտակցի, որ պետությունը պտտվում է ոչ թե անհատի, այլ օրենքի գերակայության առանցքի շուրջ:

«Սուպերվարչապետության» ոչ լեգալ ինստիտուտը, որն իր մեջ փաստացի եւ բռնի կերպով ներառում է իշխանության բոլոր թեւերն ու ճյուղերը, հիմնված է կուսակցական-չինովնիկական համակարգի վրա: Վերջինս գործում է վերադասի նկատմամբ անվերապահ հավատարմության եւ, որոշ դեպքերում, կույր ստրկամտության սկզբունքով:

Կազմաքանդված պետական եւ համայնքային ինստիտուտների բարձրաստիճան պաշտոնյաների մի ստվար զանգված գործում է «ասեք՝ կանենք» կամ «պարգեւավճար տվեք՝ կդավանափոխվենք» նյութապաշտական հանձնառությամբ:

Փաշինյանական կադրային քաղաքականությունը 2018-2026 թթ. ընթացքում բովանդակային իմաստով անփոփոխ է, այսինքն՝ անբովանդակ է: Նրա բոլոր ընտրյալները քաղաքական իմաստով համապատասխանել են Tabula-rasa-ի (մաքուր տախտակ) չափորոշիչներին: Նրանց հիմնական խնդիրը դեկորատիվ ներկայության ապահովումն է եւ ճիշտ պահին կոճակի սեղմումը:

Անփորձությունը, դասալքությունը, դատարկամտությունը, անպատկառությունը, ցինիզմը, կոսմոպոլիտիզմը, հուդայականությունը, թեթեւաբարո կեցվածքը, խոնարհման ճապոնական ծիսակարգը եւ սողալու հմտությունն այն «առաքինություններն» էին, որոնք ձեւավորեցին նոր էլիտայի քաղաքական դիմապատկերը:

Մեր պառակտված հասարակությունն էլ շարունակում է իշխանական քարոզչական մատրիցայում մասնակցել հների եւ նորերի «իմիտացիոն» պայքարին: Մինչդեռ իրական պայքարը պետք է արտահայտվեր սոցիալական արդարության, հավասար իրավունքների եւ օրենքի գերակայության պաշտպանության շուրջ:

Պետք է արձանագրել, որ իշխանությունները պարտվել են թշնամուն, բայց հաղթել են ներսում ընդդիմությանը եւ սեփական ժողովրդին: Ինչպե՞ս: «Մենք կորոշենք, թե ինչպես ձեր կենսաթոշակները ծախսեք, մենք իրավունք ունենք մտնելու ձեր ընտանեկան բյուջե, դուք չեք որոշում՝ թուրքը որտեղ է ապրելու»․ այսպիսի բովանդակությամբ ուղերձները խոսում են հաստատված ավտորիտար վարչակարգի մասին:

Ավելին, այս գործընթացը սահուն կերպով շարժվում է դեպի տոտալիտարիզմ, որը բնորոշ էր հիտլերյան Գերմանիային եւ ստալինյան Ռուսաստանին: Իշխանության նման հակումները լավագույնս արտահայտվում են Հայ առաքելական եկեղեցու դեմ մղված հիբրիդային պատերազմում, որի վերջին շտրիխը կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ քրեական գործի հարուցումն էր:

Հետեւաբար, գալիք համապետական ընտրություններին մենք պետք է ընտրենք ոչ թե անհատի, այլ՝ քաղաքական այնպիսի թիմի, որն ի զորու է ստանձնելու հավաքական պատասխանատվություն մեր պետության, Եկեղեցու եւ ազգի առջեւ:

Արեգ Սավգուլյան