Սեւանում դանակահարել են 20-ամյա երիտասարդի, որը մահացել է:
Ինչքան սովորական է դարձել Հայաստանում այս ամենը: Դե, Աջափնյակի «քրեական ճակատամարտի» ֆոնին՝ դանաակահարությունները արդեն «չնչին» միջադեպեր են: Առանց հեգնանքի՝ Հայաստանում գործնականում ամենաթողություն է:
Ընդ որում, շեշտեմ, այդ ամենաթողությունը գալիս է առաջին հերթին բարոյական-արժեքային համակարգում ամենաթողությունից, ինչի մասին ես գրել էի Աջափնյակից հետո, որի հղումը կտեղադրեմ ներքեւում:
Բարոյական ու արժեքային մակարդակով ամենաթողությունը, «ամմեն ինչ կարելիի» սկզբունքը գալիս է պետական իշխանությունից, իջնելով արդեն մինչեւ հանրային հյուսվածքներ: Դրան ավելանում է նաեւ այն բախտորոշ հանգամանքը, որ երկրում չկա կառավարման զսպող համակարգ: Այդ համակարգը զսպում է միայն ու միայն քաղաքական իշխանության հանդեպ մրցակցային երեւույթները: Մնացյալ ամեն ինչ կարելի է:
Կրիմինալը երկրում չի զգում որեւէ իրավապահ համակարգի «շունչ», որեւէ կարգուկանոնի, կրիմինոգեն իրադրության վերահսկողության շունչ, չի զգում երկրում գոյություն ունեցող ոստիկանական կոդեքս բառի թե բարոյական, թե մասնագիտական կոմպետենտության իմաստով:
Սա չի նշանակում, որ համակարգում չկան այդպիսիք: Կան, ընդ որում քիչ չեն: Բայց նրանք շատ վաղուց արդեն համակարգի բնորոշիչ չեն, նրանք համակարգում նույնիսկ «մարգինալության» հասցված երեւույթ են:
Այս լրջագույն խնդիրները պետք է դառնան նախընտրական խոսակցության, հանրության հետ երկխոսության կարեւոր բաղադրիչ, որպեսզի մարդիկ հասկանան՝ խաղաղություն ասվածը չի կարող լինել միայն արտաքին երեւույթ, ցանկացած երկրի պարագայում: Խաղաղությունը համալիր է, այն պետք է ունենա արտաքին ու ներքին շերտերի հավասարակշռություն: Իսկ ներքին կառուցվածքում կրիմինոգեն իրավիճակը հիմնարարներից մեկն է:
Ընդ որում, հենց դրանով է պայմանավորված, երբ երկրներում՝ որոնք ավարտում են այսպես ասած արտաքին պատերազմը, անկախ ելքից, լրձագույն խնդիր է դառնում արդեն ներքին կրիմինոգեն իրավիճակը եւ մինչ այն չի ստանում արդյունավետ լուծում, երկիրը չի մտնում խաղաղության լիարժեք ռեժիմ եւ հոգեբանական դաշտ:
Սա իհարկե չի նշանակում, որ արտաքին խաղաղության հարցը լուծված է եւ մնում է ներքինը: Ոչ: Եվ այդ թեմայով ես պարբերաբար խոսում եմ ու հայտնում կարծիքս: Բայց, հարցը այն է, որ պետք է հանրության հետ քաղաքական երկխոսությունը չկենտրոնանա միայն խաղաղության արտաքին ասպեկտի վրա, այլ ներքին այս կրիմինոգեն վիճակն էլ պետք է դառնա խորը քննարկումների առարկա:
Քաղաքագետ Հակոբ Բադալյան

Բաց մի թողեք
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է, բայց պիտի մի բան հասկանալ
Պետությունների շահերը, նույնիսկ եթե նրանք վաղեմի բարեկամներ են, միշտ չէ որ համընկնում են
Փաշինյանի թեզի հիմնական խնդիրը