22/04/2026

EU – Armenia

Գերմանիայի ու Ռուսաստանի միջև առճակատումն աճում է ներգրավելով Լատվիան

Բեռլինում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Նեչաևը հրավիրվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն: Այդ մասին ԳԴՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը տեղեկացրել է սոցիալական X հարթակում արված գրառման միջոցով:

Ըստ այդմ, Ռուսաստանի դեսպանը «հրավիրվել է Գերմանիայի դեմ աճող սպառնալիքների կապակցությամբ»:

Գերմանական կողմը Ռուսաստանի դեսպանին իրազեկել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության կողմից ԳԴՀ տարածքում ռազմական արդյունաբերության ընկերությունների հասցեական տեղանշումը «հետապնդում է Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը թուլացնելու նպատակ»:

Ըստ պաշտոնական գրառման, Բեռլինը Մոսկվային իրազեկել է, որ «նման սպառնալիքը և բոլոր տեսակի լրտեսական գործողությունները անընդունելի» են: Գերմանիայի ԱԳՆ-ն եզրափակել է, որ իրեն «վախեցնել հնարավոր» չէ:

Ինչպես հայտնի է, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը եվրոպական երկրներում Ուկրաինայի կարիքների համար սպառազինությունների արտադրությունը գնահատել է որպես «պատերազմին ուղղակիորեն ներգրավվելու վկայություն», իսկ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «այդ ձեռնարկությունները ՌԴ համար օրինական թիրախ» են:

Գերմանիան եվրոպական առաջին երկիրն է, որ արձագանքել է ՌԴ ՊՆ հրապարակմանը և ԱԽ քարտուղար Շոյգուի սպառնալիքին: Բեռլինի պատասխանը հստակ է՝ Ուկրաինային ռազմական աջակցությունը շարունակվելու է, Ռուսաստանի կեցվածքն անընդունելի է: Ըստ երևույթին, դեր է խաղացել նաև այն, որ ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը Գերմանիայն «նացիզմի վերածննդի նպատակադրվածություն» է վերագրել:

Ըստ տեղեկությունների, Բեռլինում «լրջորեն քննարկվում է զինվորական պարտադիր ծառայությունը վերականգնելու, ինչպես նաև ռազմական արդյունաբերությունը լիովին արդիականացնելու ծրագիրը»:

Գերմանիայի կանցլեր Մերցը եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության ջատագով է: ՌԴ արտգործնախարար Լավրովը նույնիսկ կանխատեսել է, որ Գերմանիան Ֆինլանդիայի հետ «ռազմական դաշինք է քննարկում»:

Ֆինլանդիան, ինչպես հայտնի է, ՆԱՏՕ-ին անդամակցել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո: Ռուսաստանի արտգործնախարարը քարոզչական տիրույթում փաստացի վերականգնել է Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեի ռազմաքաղաքական իրավիճակը, երբ Ֆինլանդիան Գերմանիայի դաշնակիցն էր, ինչը առիթ հանդիսացել, որպեսզի ԽՍՀՄ-ը նրան պատերազմ հայտարարի և գրավի զգալի տարածքներ:

Բարդ է ասել, որ Մոսկվան «նույն սցենարը քննարկում» է նաև այսօր, բայց եվրոպական միանգամից մի քանի երկրի հասցեին Շոյգուի հնչեցրած սպառնալիքը թույլ է տալիս ենթադրել, որ Ռուսաստանը Եվրոպայի հետ ռազմական դիմակայությունը չի բացառում:

Ռուսաստանյան մամուլում արծարծվում է «ՆԱՏՕ-ի կողմից Կալինինգրադի մարզի շրջափակման հավանականությունը»: Ավելի վաղ նախկին փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը բաց խոսել է «Սուվալյան միջանցքը գրավելու անհրաժեշտության» մասին:

Խոսքը Լատվիայի տարածքի այն հատվածի մասին է, որ Բելառուսի միջոցով Ռուսաստանի և նրա անկլավ Կալինինգրադի միջև ցամաքային կապ է ապահովում: