Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի լիագումար նիստի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինան Հայաստանին և Ադրբեջանին մաղթում է միայն խաղաղություն։
Նրա խոսքով՝ կարևոր է, որ Հայաստանն այսօր մասնակցում է եվրոպական գործընկերների հետ միասին նման ձևաչափի քննարկումներին։ Զելենսկին նաև նշեց, որ Ուկրաինայի նախագահի մակարդակով Հայաստան այցը երկար ժամանակ չէր եղել՝ ընդգծելով, որ դա կարևոր իրադարձություն է և վկայում է երկրների միջև համագործակցության ու միասնականության մասին։
Անդրադառնալով ռուս-ուկրաինական պատերազմին՝ նա ասաց, որ մարտական գործողությունները շարունակում են մնալ նույնքան ինտենսիվ, որքան նախկինում։ Զելենսկին ընդգծեց, որ առաջիկա ամառը կարող է կարևոր փուլ լինել, երբ Ռուսաստանի ղեկավարությունը պետք է որոշի՝ շարունակել պատերազմը, թե անցնել դիվանագիտական լուծումների։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է ուժեղացնի ճնշումը՝ այդ ընտրությունը դիվանագիտության կողմ ուղղելու համար։
Նա նաև հիշեցրեց, որ Ռուսաստանը մայիսի 9-ին նախատեսում է ռազմական շքերթ անցկացնել՝ հավելելով, որ միջազգային իրավիճակը ցույց է տալիս Ռուսաստանի դիրքերի թուլացումը և նրանց նկատմամբ սահմանված սահմանափակումների ազդեցությունը։ Զելենսկին կոչ արեց շարունակել Ռուսաստանի նկատմամբ քաղաքական և տնտեսական ճնշումները։
«Այս ամառը լինելու է այն պահը, որ Պուտինը պետք է որոշի, թե ինչ անի՝ ընդլայնի՞ պատերազմը, թե՞ անցում կատարի դիվանագիտությանը, մենք պետք է նրան մղենք դիվանագիտություն: Ռուսաստանը մայիսի 9-ին շքերթ է անցկացնելու ռազմական տեխնիկայով։Եթե դա տեղի ունենա՝ առաջին անգամ է լինելու, որ նրանք չեն կարողանալու ցույց տալ իրենց ռազմական տեխնիկան, վախ սփռող ԱԹՍ-ները բզզալու են Կարմիր հրապարակի վրա։ Սա ցույց է տալիս, որ նրանք ուժեղ չեն, պետք է շարունակենք մեր պատժամիջոցները նրանց դեմ»,- նշել է նա:
Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը մտադիր է Երևանում կազմակերպված եվրոպական գագաթնաժողովում քննարկել Հորմուզի նեղուցի շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնել են վարչապետի գրասենյակից:
Նշվում է, որ Սթարմերը ծրագրում է գործընկերների հետ քննարկել այս նեղուցի երկարաժամկետ անվտանգության հարցը՝ նպատակ ունենալով կանգնեցնել ծախսերի աճը, ապահովել տնտեսական կայունություն և թույլ չտալ, որ շարունակվող հակամարտությունը սրի ներքին լարվածությունը:
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում քննարկման ենթակա այլ թեմաների թվում նշվել է Ուկրաինայի հակամարտությունը, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի մասնակցությունը Կիևին տրամադրվող ԵՄ 90 միլիարդ եվրոյի վարկին և հակամարտության ավարտից հետո բրիտանացի ու ֆրանսիացի խաղաղապահների ուղարկումը Ուկրաինա: Նաև այս շաբաթ կհայտարարվի ռուսական ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցների մասին:
«Սթարմերը կհայտարարի, որ Մեծ Բրիտանիան ցանկանում է միավորել ջանքերը ԵՄ-ի հետ, որպեսզի երաշխավորի, որ Ուկրաինան կստանա կենսականորեն անհրաժեշտ ռազմական տեխնիկան»,-հայտարարել են վարչապետի գրասենյակում:
Նշվում է, որ Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը կարող է նոր հնարավորություններ բացել բրիտանական ընկերությունների համար, որպեսզի նրանք կարողանան բավարարել Ուկրաինայի հրատապ կարիքները սպառազինության հարցում, ինչպես նաև բրիտանական պաշտպանական արդյունաբերությանը խոշոր պայմանագրերի հասանելիություն տալ:

Բաց մի թողեք
ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում, որին հենց պատկանում է. Կոշտա
Մենք երբևէ չենք փոխի մեր աշխատակարգը և դիրքորոշումները, որոնք որդեգրում ենք. Ռոբերտա Մեցոլան՝ Ալիևին
Ֆրանսիան և Իսպանիան ցանկանում են, որ արբանյակային հաճախականություններում տարածք հատկացվի ԵՄ ընկերությունների համար