07/05/2026

EU – Armenia

Փաշինյանի ստացած նվերները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Նիկոլ Փաշինյանին անվանական փորագրությամբ եւ ընկերության տարբերանշանով ձեռքի ժամացույց է նվիրել։ Ժամացույցի արժեքը 45 հազար դրամ է։

Հրապարակ թերթը գրել է․ Նվերը հանձնել են «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն 2025» մրցույթի հաղթողների պարգեւատրման արարողության ժամանակ, որը կազմակերպվել էր Սպորտի միջազգային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում՝ ապրիլի 6-ին։

Նույն մրցանակաբաշխության ժամանակ Փաշինյանին Հայաստանի հրաձգության ֆեդերացիան 40 հազար դրամ արժողությամբ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» բրոնզե հուշամեդալ է նվիրել։

Նիկոլ Փաշինյանին նվերներ են բերել նաեւ արտերկրից ժամանած պատվիրակությունները: Օրինակ, Ղազախստանի ԱԳ նախարար Երմեկ Կոշերբաեւի գլխավորած պատվիրակությունը, որն ապրիլի 9-ին ժամանել էր Հայաստան, նրան սըրմակ (նախշազարդ ղազախական գորգ) է նվիրել։

ԿԿՀ-ի գնահատմամբ, գորգն արժե 102 հազար 527 դրամ։

Իսկ ապրիլի 10-ին Էստոնիայի ԱԳՆ Մարգուս Ցահքնայի գլխավորած պատվիրակությունը Փաշինյանին նվիրել է Hyti ապրանքանիշի ափսե, որը, ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գնահատման, արժե 45 հազար 382 դրամ։

Հաջորդիվ կիմանանք, թե ինչ նվերներ են բերել Եվրոպայից ժամանած հյուրերը: