Երեկ խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանն անսպասելի եւ դրամատիկ ընթացք ստացավ, այն տեւեց բառացիորեն մի քանի րոպե եւ կարող էր դառնալ ՔՊ-ի, Փաշինյանի ու ՔՊ-ական իշխանության փառաբանման ցերեկույթ, եթե վերջինս հավես ունենար ու ընթացք տար քանիցս բեմականացված սցենարին։
Հրապարակ թերթը գրել է․ Ընդդիմադիրները, վերջին մի քանի նիստերի պես, բոյկոտել էին հարցուպատասխանը, նրանք, մեր տեղեկություններով, չեն պատրաստվում մինչեւ հունիսի 7-ի ընտրությունները ներկայանալ այս ձեւաչափով ԱԺ նիստերին, որպեսզի հնարավորություն չտան «կռուտիտի» ու դեմագոգիայի մեծ վարպետ Նիկոլ Փաշինյանին ինքնադրսեւորվել ԱԺ ամբիոնից եւ անվճար փիառի առիթ ստեղծել, ուստի ՔՊ-ն կրկին մեն մենակ է մնացել։
Կարող էին, իհարկե, նախապես գրված հարցեր տալ, իրար դիֆերամբներ ձոնել, ստախոսությամբ զբաղվել, որոնց հակադարձող չէր լինի, սակայն պարզվեց, որ մեկ դերասանի թատրոնից այստեղ էլ են հոգնել։ Նիստը սկսվելուն պես հայտարարվեց պատգամավորների գրանցում, սակայն կառավարությանը հարց տալու համար գրանցվեց ընդամենը երեք ՔՊ-ական պատգամավոր, ընդ որում՝ նրանցից երկուսը նախապես հայտարարեցին, որ հանում են իրենց հարցը, մնաց միայն Հռիփսիմե Գրիգորյանը, որի ամուսինն ԱԳՆ գլխավոր քարտուղարն է, ինքն էլ՝ Արարատ Միրզոյանի անթաքույց եւ մոլի ֆանատը։ Բայց պարզվեց՝ տիկինն էլ հարց չուներ, ընդամենը գրանցվել էր Փաշինյանին եւ իրենց՝ բոլորին, շնորհակալություն հայտնելու ու իբրեւ թե փոխանցելու հատկապես գյումրեցիների շնորհակալությունները՝ Փաշինյանի ու Ֆրանսիայի նախագահ Մակրոնի այցելության եւ համերգի առիթով։
Հռիփսիմե Գրիգորյանը հիշատակեց Հայաստանում անցած օրերին անցկացված ԵՄ քաղաքական համայնքի գագաթնաժողովը եւ Գյումրու միջոցառումը: Նա սրտաճմլիկ, հուզված ձայնով` ասմունքի երեկոյի մասնակցի առոգանությամբ արտասանեց. «Շնորհավորում եմ մեզ՝ բոլորիս, Հայաստանում իսկապես մեծամասշտաբ, աննախադեպ էս միջոցառումների հաջող ու գեղեցկագույնս կազմակերպման առթիվ։ Մարդիկ մեզ ասում էին, որ իրենք խնդրում էին մեզ փոխանցել մեր բոլոր պաշտոնյաներին, պարոն վարչապետ, Ձեզ, մեր բոլոր, բոլոր գործընկերներին, իրենց հպարտությունը դժվար է բառերով փոխանցել, ուղղակի պետք է տեսնել էդ մարդկանց դեմքերը, զգալ իրենց տրամադրությունը, զգալ էն երջանկությունը, ուրախությունը, որ երեկ տիրում էր Գյումրիում, ոչ մի բան, ոչ մի եղանակային պայմաններ, ոչինչ չէր կարող դա փոխել։ Ես, իմ գործընկերներն ուղղակի զգացել ենք, որ զգացողությունները երկար կմնան մեզ հետ։ Ես վստահ եմ, որ ով որ երեկ էնտեղ է եղել ու անգամ թեկուզ էկրաններով հետեւել է, ունի զգացողություններ։ Մի խոսքով, շնորհավորում եմ բոլորիս ու շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով որ էստեղ ունի իր ներդրումը։ Շնորհակալ եմ»։
Լալահառաչ ձայնով, մի շնչով արտաբերեց ՔՊ-ական տիկինը, Ալեն Սիմոնյանն էլ փորձեց մանկապատանեկան հանդեսի մթնոլորտը ցրել եւ հետաքրքրվեց` իսկ հարց ունի՞ պատգամավորը, բայց ստացավ բացասական պատասխան եւ հայտարարեց նիստի ավարտի մասին։
Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն է խորհրդարան գալուց առաջ ՔՊ խմբակցության ղեկավարներին հրահանգել, որ հարցեր չտան: Թե ինչու, մեզ մանրամասներ չհայտնեցին, սակայն մեր աղբյուրներն իրենց վարկածները ներկայացրին, որ նախ` վարչապետը հոգնած է, մի քանի օր անքուն գիշերներ է անցկացրել եվրոպացի հյուրերի հետ, ուստի հավես չուներ մի երկու ժամ էլ անիմաստ ջուր ծեծել։ Դրանից բացի, ըստ մեր աղբյուրի, արդեն անգամ իրենց հետաքրքիր չէ մեկ դերասանով, առանց ընդդիմության բեմականացված հարցուպատասխանը: Իսկ երեկվա հարցուպատասխանի ժամանակ, անկասկած, ստիպված էին լինելու շարունակել հակառուսական շքերթը, որն իրականացրին Հայաստան ժամանած եվրոպացիները` Հայաստանը դարձնելով Եվրոպա-Ռուսաստան հակամարտության թատերաբեմ: Եվ քանի որ Ռուսաստանից շատ սուր են այս գագաթնաժողովի եւ հատկապես Զելենսկու ելույթի արձագանքները, ուստի համարել են, որ դոզան կարող է շատ լինել, եւ Ռուսաստանը կարող է դա այլեւս չհանդուրժել, այդ պատճառով էլ Փաշինյանը որոշել է առժամանակ չխոսել, թողնել, որ իրավիճակը հանդարտվի։

Բաց մի թողեք
Հայերից ո՞վ է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. Լուսանկար
Աջակցություն կտրամադրվի 63-72 տարեկան քաղաքացիների բիզնես գաղափարներին. որքան գումար կհատկացվի պետբյուջեից
Խոցելի և անկայուն. ինչո՞ւ է գյուղատնտեսությունն այսքան ծանր վիճակում