Մամուլում և սոցիալական հարթակներում բուռն քննարկվում է «Արցախի հեղափոխական կուսակցության» առաջնորդ Արթուր Օսիպյանի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացված խնդիրը, թե Լեռնային Ղարաբաղին հատկացված գումարները «մսխածներին ինչո՞ւ պատասխանատվության չի ենթարկում»։
Հանրային գործիչ Տիգրան Պետրոսյանը ոչ միայն կիսում է այդ «պահանջը», այլև վկայել է, որ «փաստեր է ներկայացրել», բայց պատկան մարմինները քրեական վարույթ չեն հարուցել։
Խնդիրն, իրոք, առկա է, բռնատեղահանված տասնյակ հազարավոր արցախցիներ բնակվարձի, կոմունալ վճարումների հոգսի տակ են, իսկ Ստեփանակերտի ռազմաքաղաքական վերնախավի ներկայացուցիչները ոչ միայն «ըստ պահանջի» են ապրում, այլև, ինչպես իրազեկ մարդիկ են պնդում, Երևանում և մարզերում ձեռնարկատիրական լայն գործունեություն են ծավալել։
Բայց, ինչպես ռուսներն են ասում՝ «մահակը երկու ծայր ունի»։ Բոլորս ենք ականատես եղել, թե «պատասխանատու» մամուլն ինչպես է արձագանքում ՊԲ որոշ զինվորականների դեմ հարուցված քրեական հետապնդմանը։ Տասնյակ օրինակներ կարելի է բերել, որ նրանք փորձել և փորձում են կասկածել անգամ լրտեսության մեջ մեղադրված Սարգիս Գալստյանի գործի «անաչառությանը»։
Հայտնի է Ստեփանակերտի և Մարտակերտի նախկին քաղաքապետերի գործը։ Նրանք մեղադրվում էին համայնքային գույքը տիրապետելու մեջ։ Եվ ի՞նչ հետևեց։ Շուրջ մեկ տարի փաստաբանները հոլովում էին մի հարց, եթե չկա ԼՂՀ-ն, ապա այդ մարդիկ ո՞ւմ են վնաս պատճառել։
Հիմա, ենթադրենք Հայաստանի Քննչական կոմիտեն Արցախի նախկին X պաշտոնյայի դեմ քրեական վարույթ է հարուցում և նրան առաջադրում առանձնակի խոշոր չափերի յուրացման մեջ։ Փաստաբանական նույն հիմնավորումը, որ չկա ԼՂՀ-ն, ՀՀ-ն չի կարող պահանջատեր լինել,- գործի չի՞ դրվելու։
Գործի է դրվելու, թող ոչ ոք չկասկածի։ Ավելին, ընդդիմությունը, նրան աջակցող փորձագետները, հայտնի Ռոբերտ Ամստերդամը աշխարհով մեկ տարածելու են, որ Նիկոլ Փաշինյանը «Արցախի նախկին ղեկավարների նկատմամբ ինքնադատաստան է տեսնում»։ Քարոզչություն է ծավալվելու, որ «Արցախի ղեկավարների մի մասին Ալիևն է ապօրինի դատել, մյուսին Նիկոլն է դատում»։
Եվ ինչո՞ւ է «Արցախի հանցագործներին պատժելու անհրաժեշտություն» առաջացել հատկապես խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի փուլում։ Արթուր Օսիպյանի ձերբակալությունը, որի հիմքերը, մեղմ ասած, խնդրահարույց են, արդեն իսկ քաղաքական «գործոն է դառնում»։ Պատկերացնելի է, թե ինչ արձագանք կունենա Արցախի որևէ պաշտոնյայի նույնիսկ ՔԿ «հրավիրելը»։
2016թ․ մի շատ բարձրաստիճան պաշտոնյա պատմել է, որ երբ Սերժ Սարգսյանին հակաճառել է տարածքների հարցում, Հայաստանի նախագահը նրան հարցրել է խոշոր գումարներով վարկերի մասին, իսկ ինքը պատասխանել է․ «Ուրեմն և պատերազմական գոտում ապրեմ և մտածեմ վարկեր վերադարձնելու մասի՞ն»։ Ահա այդպես, դարձյալ ռուսների օգնությանը դիմենք․ «война все спишет»։

Բաց մի թողեք
Ինչ է սպասվում
Ադրբեջանցիներին պիտի արգելվի ՀՀ-ում հողեր, տներ գնել
Ադրբեջանական հատուկ ջոկատայինների մուտքը ՀՀ՝ դառնալու է շատ իրական. Տաթևիկ Հայրապետյան