25/05/2026

EU – Armenia

Գյումրիում իշխանությունների հասցեին քննադատություն հնչեցնելու համար Փաշինյանի համակիրները փորձում են թիրախավորել ․․․

Նիկոլ Փաշինյանը, որը երեկվանից գտնվում է Շիրակի մարզում և գիշերել է Գյումրիում, այսօր վաղ առավոտից շարունակել է նախընտրական քարոզարշավը քաղաքում։ Նա շրջել է տարբեր թաղամասերով ու փողոցներով՝ բարձրախոսով քաղաքացիներին կոչ անելով «տեր կանգնել խաղաղությանը»։

Քաղաքում անցկացվող քարոզարշավի ընթացքում Փաշինյանին հիմնականում մոտեցել են տարեցներ, ողջունել ։ Սակայն առավել աչքի ընկնողը երեխաների մեծ ներկայությունն էր, ովքեր ուղեկցում էին քարոզարշավին։ Դպրոցահասակ երեխաներին բաժանվել են թխվածքաբլիթներ և քարոզչական նյութեր, ինչպես նաև, որն առավել ուշագրավ է, ձեռքերուն պահել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառները։

Երեկոյան ժամը 20:00-ին նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանրահավաքը Գյումրու Վարդանանց հրապարակում, որտեղ արդեն տեղադրվել է մեծ բեմահարթակ։ Հատկանշական է, որ նախորդ այցելությունների ընթացքում վարչապետին այդպես էլ չէր հաջողվել լեփ-լեցուն հավաք կազմակերպել քաղաքի գլխավոր հրապարակում, սակայն, ըստ ամենայնի, այս անգամ փորձ է արվում ապահովել առավել մեծ մասնակցություն։

Մեր տեղեկություններով՝ հանրահավաքի մարդաշատությունն ապահովելու նպատակով գործի է դրվել վարչական ողջ ռեսուրսը։ Մարդկանց տեղափոխում են ոչ միայն Շիրակի մարզի տարբեր բնակավայրերից, այլև հարակից մարզերից։ Տեղեկություններ կան նաև, որ հրապարակում ներկա են լինելու քաղաքացիական հագուստով ոստիկաններ։

Ուշագրավ էր, որ Փաշինյանն այս անգամ երկար ելույթներով հանդես չի գալիս և հիմնականում խուսափում է տեղում ծավալուն քննարկումներից։ Փոխարենը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու երեկոյան ժամը 20:00-ին Վարդանանց հրապարակում նախատեսված հանրահավաքին՝ նշելով, որ իր հիմնական ասելիքը կհնչեցնի հենց այնտեղ։

Սակայն քարոզարշավն առանց միջադեպերի չի անցնում։ Քաղաքի փողոցներից մեկում գրեթե միաժամանակ քարոզչական ակցիա էին իրականացնում ինչպես ՔՊ-ի, այնպես էլ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները։ Երկու կողմերի ավտոբուսների հանդիպման պահին սկսվեցին փոխադարձ վանկարկումներ. մի կողմից հնչում էին «Սամվել վարչապետ», մյուս կողմից՝ «Փաշինյան վարչապետ» կոչերը։

Դրանից անմիջապես հետո վիճաբանություն ծագեց մի քաղաքացու և Փաշինյանի համակիրների միջև։ Քաղաքացին փորձում էր մոտենալ վարչապետին և ներկայացնել իր խնդիրները, սակայն վերջինս տեսնելով նրան, շտապեց ավտոբուս նստել։ Քաղաքացին բարձրաձայն դժգոհեց պնդելով, թե Փաշինյանն իրեն ճանաչելով խուսափեց հանդիպումից։

Քաղաքացին, որ ներկայացավ , ազատամարտիկ Ժիրայր Գալստյանն էր։ Նա հայտարարել, որ 2018 թվականին աջակցել է Փաշինյանի շարժմանը՝ հավատալով փոփոխությունների խոստումներին։

«2018-ին Նիկոլի կողքին քայլել եմ՝ մտածելով, որ երկիրը դեպի լավն է փոխվելու։ Այսօր, սակայն, իմ կյանքը գլխիվայր է շրջվել։ Կայուն աշխատանք ունեցող մարդուց դարձել եմ նպաստառու, ինձ դարձրին նպաստառու,իսկ 3 երեխաներիս պահելու համար ստանում եմ ընդամենը 36 հազար դրամ նպաստ»,- ասաց նա։

Գալստյանը նաև նշեց, որ իշխանությունների հասցեին քննադատություն հնչեցնելու համար Փաշինյանի համակիրները փորձում են թիրախավորել իրեն և ընդդիմադիրներին՝ հավելելով. «Սամվել Կարապետյանը բարերար է, Փաշինյանը՝ ստաախոս»։