17/06/2026

EU – Armenia

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տևել է շուրջ մեկ ժամ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Պուտինը շնորհավորել է իր ամերիկացի գործընկերոջը 80-ամյակի կապակցությամբ։

«Ռուսաստանի նախագահը չի թաքցրել Դոնալդ Թրամփի մարտական որակների, նրա՝ հարվածներին դիմակայելու, մարտահրավերները հաջողությամբ հաղթահարելու և իր նպատակների իրականացմանը համառորեն հասնելու կարողությունների նկատմամբ իր հարգանքը»,- ասել է նա։

Զրույցը եղել է ոչ պաշտոնական և տևել է մոտ մեկ ժամ։ Առաջնորդները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունները, հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների Ռուսաստան կատարելիք այցը, ինչպես նաև Ուկրաինայի հակամարտությունը։

«Թրամփը կրկին ընդգծել է ռազմական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտությունը։ Նա հայտարարել է, որ պատրաստ է ազդեցություն ունենալ ինչպես իր եվրոպացի գործընկերների, այնպես էլ Կիևի վրա, այդ թվում՝ G7 գագաթնաժողովում առաջիկա շփումների ժամանակ»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Անդրադարձ է եղել նաև Իրանին և ռազմական գործողությունների ավարտին հասնելու ընթացքին։

Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդների միջև զրույցը 13-րդն է եղել Թրամփի՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում երկրորդ ժամկետով ընտրվելուց ի վեր։ Նրանց նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել ապրիլի 29-ին։