15/06/2026

EU – Armenia

100 մլն եվրոյի նոր վա՞րկ են վերցնում

Հայաստանը նախատեսում է ներգրավել 100 միլիոն եվրոյի վարկ՝ Զարգացման ֆրանսիական գործակալությունից՝ ջրային և գյուղատնտեսական ոլորտներում իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման համար։

Այս մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Նվարդ Վարդանյանը՝ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ։

Քննարկվող համաձայնագիրը վերաբերում է Ֆրանսիայի զարգացման գործակալության հետ կնքվող շրջանակային վարկային պայմանագրին, որը նախատեսում է ֆինանսավորում «Cam 1029» ծրագրի շրջանակում։

Ներկայացված ծրագրի հիմնական նպատակը ջրային և ոռոգման ենթակառուցվածքների բարելավումն է, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտի զարգացման աջակցությունը։ Վարկային միջոցները կուղղվեն այս ուղղություններով իրականացվող համալիր ծրագրերի ֆինանսավորմանը։

Վարդանյանի խոսքով՝ Հայաստանում ջրային համակարգերի զգալի մաշվածությունը, ջրի կորուստների բարձր մակարդակը և կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած ռիսկերի աճը լուրջ խնդիրներ են ստեղծում ոլորտի արդյունավետ կառավարման համար։ Նրա գնահատմամբ՝ նախատեսվող ծրագիրը նպատակ ունի փուլային և համակարգված լուծումներ առաջարկել այդ մարտահրավերներին։