Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը հանրայնացրել է «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանը Ալեքսանդր Լուկաշենկայի հարցազրույցը տեքստային տարբերակը, որտեղ նա Ուկրաինայում պատերազմի մասին բառացիորեն հետեւյալն է ասել․ «Մենք բազմիցս խոսել ենք այն մասին, որ բացարձակապես անթույլատրելի է, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի պատերազմը տեղափոխվի Բելառուսի տարածք։
Մենք Պուտինի հետ այդ խնդիրը քննարկել ենք, քանի որ այն զանգվածային տեղեկատվության միջոցներում մշտապես առկա էր։ Մենք հասկանում ենք, որ պատերազմին Բելառուսի այս կամ այն ձևով մասնակցությունը անթույլատրելի» է։ Լուկաշենկոն նույնիսկ ասել է, որ պատերազմին Բելառուսի մասնակցության դեպքում Ռուսաստանը հազար հինգ հարյուր կիլոմետրանոց նոր ռազմաճակատային գիծ կունենա, որ «դժվար կլինի պահել»։
Այս հարցազրույցից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը շտապ գործուղվել է Մինսկ։ Բանակցություններից հետո ԲելՏԱ պաշտոնական գործակալությունը փոխանցել է Լուկաշենկոյի հայտարարությունը, որ «ամենամոտ ժամանակներս» կհանդիպի Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։
Ըստ երևույթին, այդ ժամանակը ուշանում է։ Մինչ այդ Ռուսաստանը հայտարարել է, որ Բրյանսկի մարզում «ուկրաինական անօդաչուն հարվածել է Բելառուսից աշակերտներ տեղափոխող ավտոբուսին»։ Ուկրաինան պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունը և խոստացել ապացույցներ բերել, որ այդ օրը նշված տեղանքում անօդաչուներ առհասարակ չեն կիրառվել։
Հունիսի 18-ին Մինսկում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իվան Նովիցկին հրավիրվել է Բելառուսի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է փոխանցվել։ Ինչպես լրատվամիջոցներին ասել է գերատեսչության խոսնակ Վարանկովը, Բելառուսը «վճռականապես դատապարտում է այդ անմարդկային ահաբեկչական ակտը, որ արդարացում չունի»՝ նկատի ունենալով «մարդատար ավտոբուսի դեմ ուկրաինական անօդաչուի հարձակումը»։
Նույն օրը Բելառուսի նախագահ Լուկաշենկոն խորհրդակցություն է անցկացրել և ասել․ 1500 կիլոմետրանոց մեր հարավային սահմանն աննախադեպ հրդեհի մեջ է։ Սա էլ հենց պատասխանն է մեր որոշ զինվորականներին, որոնք պարբերաբար հարցնում են՝ արդյոք հարկավոր է հարավային սահմանի ուժեղացված հսկողություն իրականացնել, թե՞ ոչ։
Պատասխանը միանշանակ է՝ այո։ Մարդիկ մեզ իրենց հաշվին կերակրում են, որպեսզի մենք նրանց պաշտպանենք»։
Բելառուսի նախագահը փաստացի անոնսավորել է, որ երկիրը կարող է ներքաշվել Ուկրաինայի հետ պատերազմի մեջ։ Մոսկվան, երևում է, նրա խաղաղասիրական հարցազրույցը «վճռականորեն անընդունելի» է գնահատել։
Ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում Լուկաշենկոն կհայտարարի, որ Ուկրաինայի կողմից «Բելառուսը բարբարոսական հարձակման է ենթարկվել», երևի, ժամանակի հարց է։

Բաց մի թողեք
Ունեզրկում և քրեական հետապնդում, եթե որևէ մեկը «գլխավոր գծից մեկ քայլ աջ կամ ձախ է թեքվում»
Մինչ Երևանում վիճում են 300 հազար ադրբեջանցիների շուրջ, Բաքուն կոնգրես է անցկացնում բնակեցման օրակարգով. Լուսանկարներ
Հայաստանին վերաբերող մասով Ռուսաստանը Թուրքիայի հետ կպայմանավորվի