04/07/2026

EU – Armenia

Ինչով է իշխանության եկել և ինչով է հեռանում Հակոբ Արշակյանը

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հրաժեշտ տվեց Ազգային ժողովին ու քաղաքականությանը։ Վերջինս իր գործունեությունը շարունակելու է բիզնես ոլորտում։

Մենք ուսումնասիրել ենք Արշակյանի հայտարարագիրը, որից ակնհայտ է դառնում, որ վերջինիս ընտանիքի սոցիալական վիճակը 2018թ-ից սկսած կտրուկ լավացել է, երբ վերջինս տարբեր պատասխանատու պաշտոնների նշանակվեց։

Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած գույքի ու դրամական միջոցների հայտարարագրի Արշակյանը եթե 2024թ-ի ընթացքում Ազգային ժողովից ստացել է 14 մլն 218 հազար 743 դրամ աշխատավարձ, ապա 2025թ-ին ստացել է 17 մլն 838 հազար 683 դրամ։ Արշակյանը նաև 3մլն դրամ եկամտահարկի վերադարձից է գումար ստացել, 97 հազար 497 դրամ ԵՊՀ-ից և 96 հազար 300 դրամ Ռուս-հայկական համալսարանից։

Նրա բանկային հաշիվներին եղել է 502 հազար 975 դրամ, իսկ կանխիկ ունեցել է 10 հազար դոլար և 2,5 մլն դրամ։ Տարեվերջին ունեցել է 32մլն 624 հազար 987 դրամ վարկ, որի 18 մլն դրամը հիփոթեքային վարկի մնացորդն է։ 9 մլն 826 հազար 900 դրամ էլ ծախսել է բնակարանի վերանորոգման վրա։ Արշակյանը 2025-ի տարեսկզբին BYD մակնիշի մեքենա է գնել էկո մոթորս գրուպից՝ 17մլն 439 հազար դրամով։

Տարվա սկզբին վերջինս ունեցել է ամառանոց Ջրվեժում և բնակարան՝ Դավթաշենում։ Նա 40 մլն 800 հազար դրամով վաճառել է բնակարանը և նոր բնակարան գնել կրկին Դավթաշենում՝ 28 մլն 250 հազար դրամով։

Արշակյանի կինը՝ Իզաբելլա Թադևոսյանը որպես արժեթղթեր հայտարարագրել է 7 մլն դրամ ՝ ԻԷ Ստուդիո ՓԲԸ-ում, «ԴՐԻՄԲՈՔՍ»-ում՝ 20 հազար դրամ և «Սինոփսիս Արմենիա»-ում 9 հազար դոլար։ Նրա բանկային հաշիվներին եղել է 2 մլն 97 հազար դրամ, իսկ կանխիկ ունեցել է 5 մլն դրամ։ Նրա եկամուտը կազմել է 26մլն 737 հազար դրամ։ Ունեցել է 55 մլն դրամ վարկ՝ բնակարանի ու այգետնակի համար։ 5 մլն դրամ էլ ծախսել է ուսման վրա։

Հատկանշական է, որ 2018 թվականի պաշտոնական հայտարարագրում նշված է, որ Արշակյանն անշարժ եւ շարժական գույք չի ունեցել: Իսկ դրամական միջոցը 2018 թվականի վերջին կազմել է 25 մլն դրամ: Այդ ժամանակահատվածում Արշակյանը հայտարարագրել է երեք վայրից ստացած աշխատավարձը որը տարեկան ընդհանուր կազմել է 6 մլն 265 հազար դրամ:

Իսկ ահա 2019 թվականի պաշտոնական հայտարարագրում նշված է, որ Արշակյանն ունի մեկ բնակարան Դավթաշեն վարչական շրջանում, որը գնվել է 2017 թվականին: Հակոբ Արշակյանի կնոջ՝ Իզաբելլա Թադեւոսյանի եկամուտը՝ 2019 թվականի պաշտոնական հայտարարագրում, կազմել է ամսական 500 հազար դրամ, որը ստացել է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունից