Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի հետ կապված երկրորդ քրեական վարույթն է ուղարկվել դատարան։
«Դատալեքս» համակարգում հրապարակված տեղեկության համաձայն՝ Կամո Արեյանի և Նաիրա Տեր-Ստեփանյանի վերաբերյալ վարույթն օգոստոսի 4-ին մակագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանին։
Մեղադրանքի համաձայն՝ Արեյանը, 2003-2009 թվականներին զբաղեցնելով Երևանի քաղաքապետի 1-ին տեղակալի պաշտոնը և միաժամանակ հանդիսանալով Երևանի քաղաքապետարանի պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի նախագահ, խմբային շահերից ելնելով կատարել է պաշտոնեական կեղծիք և խոչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է Երևան քաղաքապետ Երվանդ Զախարյանի կողմից պաշտոնական լիազորություների անցմանը և լիազորություններից ակնհայտորեն դուրս եկող գործողությունների կատարմանը։ Այդ ամենի արդյունքում էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին. պետության կողմից ստեղծված «Որբ, ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը զրկվել է դպրոցին անհատույց օգտագործման համար տրամադրված, դեռևս Խորհրդային տարիներին կառուցված դպրոցի սպասարկման համար անհրաժեշտ կենսական նշանակություն ունեցող հողամասից, խաթարվել է պետական սեփականություն հանդիսացող հողամասերը օրենսդրությամբ սահմանված կարգով օտարելու ընթացակարգը, պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադիրը զրկվել է իրեն պատկանող անշարժ գույքը սեփական հայեցողությամբ օգտագործելու իրավունքից, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության համար անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ’ Հայաստանի Հանրապետությունը զրկվել է 105.000.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող հողամասի սեփականության իրավունքից: Նույն գործով անցնում է նաև Նաիրա Տեր-Ստեփանյանը, ով 2007 թվականին զբաղեցրել է Երևանի քաղաքապետարանի «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՊՓԲԸ գլխավոր մասնագետի պաշտոնը, եղել է հանձնաժողովի քարտուղար։ Վերջինս նույնպես մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու և Երվանդ Զախարյանին օժանդակելու մեջ։
Կամո Արեյանի, Նաիրա Տեր-Ստեփանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը։
Ավելի վաղ մեկ այլ վարույթով Երևանի քաղաքապետի խորհրդականը մեղադրվում է լիազորությունների չարաշահման մեջ։ Ըստ մեղադրանքի՝ Արեյանը, 2003-2009 թթ․, զբաղեցնելով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը, պետական սեփականություն հանդիսացող’ Ազատության պողոտայի և Բաբայան փողոցի հատման մասում գտնվող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված 6000,0քմ մակերեսով հողամասը «Հայրենիք-Սփյուռք կամուրջ» ՀԿ-ին օտարելու, 6000,0քմ մակերեսով հողամասը «Սուրբ Լազար» առողջապահական ՀԿ-ին օտարելու գործընթացներում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, ինչով ծանր հետևանք է առաջացրել հասարակության և պետության օրինական շահերի համար: Այս գործով առաջին դատական նիստը կայացել է երեկ։ Արեյանը դատարանում հայտարարել է, որ մեղադրանքը չի ընդունում, իսկ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացվել է։ Հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 30-ին։ 2026 թվականի ապրիլի 23-ին հանրային քրեական հետապնդում էր հարուցվել նաև Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի նկատմամբ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ հոդվածով)։

Բաց մի թողեք
Լիպարիտ Դրմեյանի՝ Փաշինյանի դեմ հայցը վարույթ է ընդունվել
Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի
«Առինջ մոլ» ընկերությունը 492 մլն դրամի հարկեր չի վճարել. նախկին տնօրենը կալանավորվել է