31/01/2026

Իրանը ԵՄ-ի փոխարեն նախընտրում է Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում

Ստամբուլում կայացել է Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Աբաս Արաղչիի հանդիպումը: Բանակցությունների ավարտին նրանք հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ:

«Մենք հույս ունենք, որ Իրանի ներքին գործերը իրանական ժողովրդի կողմից առանց արտաքին միջամտության խաղաղ ճանապարհով կկարգավորվեն: Մենք դեմ ենք ռազմական մեթոդներով խնդիրները լուծմանը, դրանք գնահատում ենք ոչ արդյունավետ և հանդես ենք գալիս հօգուտ դիվանագիտության»,- Turkiye պարբերականի փոխանցմամբ, մասնավորապես, ասել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Հաքան Ֆիդանը նաև մանրամասնել է, որ Թուրքիայի համար «Իրանում խաղաղությունը կարեւոր է», և պաշտոնական Անկարան «բոլոր կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստելու կոչ է անում»:

Նա բացահայտել է, որ «այդ պահերը փոխանցել է պարոն Արաղչիին»: Հասկացվում է, որ Թուրքիան Իրանին առաջարկել է իր միջնորդությամբ Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններ սկսել:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կոշտ հայտարարություն է արել Իսրայելի հասցեին, որ, նրա ներկայացմամբ՝ «ԱՄՆ-ին ներշնչում է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել»:

Ֆիդանը նաև ուշադրություն է հրավիրել քրդական խմբավորումների «առիթն օգտագործելու գործողությունների» վրա և ընդգծել նույն օրը Սիրիայի կառավարության և «քրդական ինքնավարության» միջև ձեռք բերված համաձայնությունների կարևորությունը:

Արձագանքելով թուրք պաշտոնակցին, Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ասել է, որ Թեհրանը «բանակցությունների համար բաց է»: Նա Միացյալ Նահանգների կեցվածքը որակել է «անբարեխիղճ» և ընդհանրացրել, որ «նրանք պետք է դադարեցնեն սպառնալիքները»:

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, ապա, ըստ Իրանի արտգործնախարարի, այն «վերածվել է դեպի անկում գնացող կազմակերպության»: Արաղչին ԵՄ-ին քննադատել է «անշնորհակալ գտնվելու» համար և հիշեցրել, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որ եվրոպացիները ճանաչել են «ահաբեկչական», մշտապես «գտնվել է Իսլամական պետության դեմ պայքարի առաջնագծում»:

Ֆիդան-Արաղչի բանակցություններին զուգահեռ մի շարք լրատվամիջոցներ, հղելով ավիահաղորդակցությունների դիտարկման աղբյուրներին, հայտնել են, որ «Վնուկովո» օդանավակյանում «Իրանի կառավարական ինքնաթիռ է վայրէջք կատարել»:

Ենթադրվում է, որ Իսլամական հանրապետության «նախագահ Մասուդ Փեզեշքիանը մեկնել է Մոսկվա»: Տեղեկություն է տարածվել, որ հունվարի 30-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես կգա հայտարարությամբ և հնարավոր կլինի կանխատեսել, թե Իրանի շուրջ իրավիճակի ի՞նչ հանգուցալուծում է հնարավոր:

Հատկանշական է, որ տեղեկատվական հոսքերում գերիշխում է իրավիճակի այն գնահատականը, որ «ԱՄՆ թիրախային հարվածների արդյունքում Իրանի կրոնապետական ռեժիմը չի փլուզվի, Թեհրանը բավարար միջոցներ ունի, որպեսզի և փոխադարձի իսրայելա-ամերիկյան հրթիռակոծումները, և զինված հակամարտությունը վերածի տեւական և հյուծիչ դիմակայության»:

Այս համատեքստում հավանական է թվում, որ Դոնալդ Թրամփը կընտրի ճգնաժամը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու տարբերակը: Այդ դեպքում ո՞ւմ միջնորդությունը կընդունի նա, Էրդողանի՞, թե՞ Պուտինի: