05/02/2026

Այսօր ֆրանսիացի բանաստեղծ Ժակ Պրևերի ծննդյան օրն է․ Բանաստեղծություններ, Լուսանկար

Այսօր ֆրանսիացի բանաստեղծ Ժակ Պրևերի ծննդյան օրն է։

Նա սկզբում չէր ուզում բանաստեղծ լինել։ Պրևերը իրեն ավելի շատ տեսնում էր որպես փողոցի մարդ, զրույցի, կատակների, դիտարկումների սիրահար։ Նրա պոեզիան հենց այդտեղից է գալիս՝ խոսակցական լեզվից, ոչ թե «բարձր գրական» ամբիոնից։

Սյուռեալիստների հետ էր, բայց ոչ մինչև վերջ։ Անդրե Բրետոնի խմբի անդամ էր, սակայն շուտով դուրս եկավ․ Պրևերը չէր սիրում դոգմաներ, նույնիսկ՝ արվեստի մեջ։ Ասում էին՝ նա «չհավատաց սյուռեալիզմին, բայց հավատաց երևակայությանը»։

Ֆրանսիական կինոյի լեգենդ է՝ առանց ռեժիսոր լինելու: Նրա սցենարներով նկարահանվել են ֆրանսիական պոետիկ ռեալիզմի գլուխգործոցներ՝ «Մառախուղ նավահանգստում», «Երեկոյի այցելուները», «Դրախտի երեխաները» (սա հաճախ կոչում են ֆրանսիական կինոյի ամենագեղեցիկ ֆիլմերից մեկը)։ Պրևերը կինոյում նույնն էր, ինչ պոեզիայում՝ պարզ, մարդկային, ցավոտ։

Նա ատում էր իշխանությունը, պատերազմը, կեղծ բարոյականությունը։ Նրա բանաստեղծությունները հաճախ մեղմ են թվում, բայց ներսում ունեն խորը հակամարտություն՝ դպրոցների, բանակի, եկեղեցու, «ճիշտ ապրելու» պարտադրանքի դեմ։

«Paroles» ժողովածուն, որ լույս է տեսել 1946 թվականին, դարձավ պայթյուն։ Այն կարդում էին բոլորը՝ բանվորից մինչև ուսանող։ Պոեզիան հանկարծ դուրս եկավ գրադարանից ու մտավ սրճարան, փողոց, սիրային խոսակցության մեջ։

Սիրո մասին նրա տողերը միշտ մի քիչ տխուր են: Նույնիսկ երբ սիրային են, զգում ես բաժանման շունչը։ Պրևերը շատ էր սիրում, բայց երբեք «հավերժ» բառին չէր վստահում։

Նա քայլում էր փողոցով, ոչ թե ներշնչանքով,  այլ ձեռքերն գրպաններում, բառերը՝ ծխախոտի նման մաշվելով շրթունքների միջև։ Նա չէր հավատում մեծ բառերին. «Հայրենիք», «Պարտք», «Հավերժություն» – դրանք նրա մոտ կանգնում էին անկյունում, ամաչում, կորցնում գլխարկները։

Նա սիրում էր մի կնոջ ձայն, երբ նա լռում էր, և մի երեխայի հայացք, երբ նա հարց չէր տալիս։ Պրևերը գիտեր՝ դպրոցում սովորեցնում են ինչպես մտածել, իսկ կյանքում սովորում են ինչպես չհնազանդվել։

Նրա պոեզիան չուներ կետադրություն, քանի որ կյանքն էլ չունի, և ամեն տող հնարավոր էր կարդալ որպես համբույր կամ որպես հրաժեշտ։ Նա ծիծաղում էր, երբ խոսում էին Աստծուց, բայց լուռ էր, երբ տեսնում էր մի մենակ մարդ մառախուղի մեջ։

Կինոն նրան սովորեցրեց՝ լռությունը կարող է ասել ավելին, քան հազար խոստում, իսկ սերը՝ հաճախ խաղում է մահվան հետ միևնույն սեղանի շուրջ։ Ժակ Պրևերը չուզեց փրկել աշխարհը, նա պարզապես չթողեց, որ աշխարհը խաբի իրեն։ Եվ երբ նա հեռացավ, մնացին բառեր, որոնք չեն ծերանում, քանի որ դրանք երբեք չեն ձևացել իմաստուն։

Ահա մի քանի բանաստեղծություններ․

Ով է քո քույրը

գեղեցկությունը
պատասխանում է կարոտը
բերկրանքը
պատասխանում է ցավը
դաժանությունը
պատասխանում է քնքշանքը
անտարբերությունը
պատասխանում է հուսահատությունը
մահը
պատասխանում է արհավիրքը
իսկ իմ քույրը
պատասխանում է երջանկությունը
սերն է
հավերժ սերը։

***
Այդ ես չեմ երգում
այլ ծաղիկներն իմ աչքերի
այդ ես չեմ ծիծաղում
այլ գինին իմ շուրթերի
եվ ես չեմ արտասվում
… սերն է հեռվում:

***

Հսկայական
եվ կարմիր
արևը ձմռան
Գրան-Պալեի վրա բարձրանալով
անհետանում է կրկին
իմ սիրտն էլ այդպես կանհետանա
եվ իմ ողջ արյունը կհեռանա
քեզ փնտրելու
իմ սիրելի
իմ գեղեցիկ
եվ այնտեղ ուր լինես
կգտնի քեզ:

Սիմոն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

No photo description available.