20/01/2026

Մակրոնը վերականգնում է Պուտինի հետ շփումները

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է ռուսաստանցի մարզիկ Դանիիլ Կասատկինի և Ֆրանսիայի քաղաքացի Լորան Վինատյեի փոխանակության մասին:

Հունվարի 8-ին Դանիիլ Կասատկինը վերադարձել է հայրենիք, նույն օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ֆրանսիայի քաղաքացի Լորան Վիանտյեին ներում է շնորհվել:

Վերջինս Ռուսաստանում ձերբակալվել է 2024թ. հունիսին: Մոսկվայում նա աշխատում էր որպես Շվեյցարիայի «Մարդասիրական երկխոսության կենտրոնի» ներկայացուցիչ:

Ռուսաստանի պատկան մարմինները նրան ներկայացրել են բանակի մասին տեղեկություններ հավաքելու մեղադրանք և դատապարտել երեք տարվա ազատազրկման: ՌԴ ԱԴԾ հաղորդագրության համաձայն՝ «ամբաստանյալն ընդունել է մեղքը»:

Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Դանիիլ Կասատկինը Ֆրանսիայում ձերբակալվել է 2025 թվականին՝ ԱՄՆ դատախազության պահանջով: Ամերիկյան կողմը Կասատկինին մեղադրում է համացանցում «զանգվածային շորթում իրականացնելու» մեջ:

Ըստ մեղադրանքի, նրա ստեղծած «ծրագրի զոհ է դարձել ԱՄՆ ավելի քան 900 քաղաքացի»: Անցած հոկտեմբերին ֆրանսիական դատարանը նրան Միացյալ Նահանգներին արտահանձնելու վճիռ էր կայացրել:

Այս փոխանակությունը կայացել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի կողմից Վլադիմիր Պուտինի հետ «մոտակա շաբաթների ընթացքում հեռախոսազրույց ունենալու համաձայնության» մասին հայտարարությունից երկու օր հետո և վկայում է ռուս-ֆրանսիական հարաբերություններում դրական տեղաշարժի մասին:

Մյուս կողմից, սակայն, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խստորեն քննադատել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին Մակրոն-Սթարմեր-Զելենսկի համատեղ հայտարարությունը:

Քաղաքական այդ հռչակագիրը նախատեսում է, որ հետպատերազմական Ուկրաինայում պետք է տեղաբաշխվեն ֆրանս-բրիտանական զորքեր, ստեղծվեն ռազմական նշանակության ենթակառուցվածքներ, ինչպես նաև ռազմաարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ:

Զախարովան հայտարարել է, որ այդպիսով «Եվրոպայում կստեղծվի նոր պատերազմի առանցք», և Ռուսաստանի համար այդ ամենը «կհանդիսանա օրինական թիրախ»:

Ե՞րբ կկայանա Պուտին-Մակրոն հեռախոսազրույցը, դեռևս հայտնի չէ: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վստահեցրել է, որ Էմանուել Մակրոնի հետ երկխոսության համար Վլադիմիր Պուտինը «մնում է բաց», բայց մասնավորեցրել է, որ խոսակցությունը պետք է հետապնդի «կողմերի տեսակետները ճշտելու, ոչ թե նոտացիաներ կարդալու նպատակ»:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնն ավելի վաղ Եվրոպայի համար կարևոր է համարել Ռուսաստանի հետ երկխոսության վերականգնումը: