20/01/2026

Մոսկվայի նպատակը՝ ԵՄ-ին կաթվածահար անելն է, ընդամենը մանր խնդիրներ է առաջացնում

Եվրամիությունում, պարզվում է, որ սկսել են «ներքին ճաքեր» առաջանալ, եւ ինչպես ընդունված է ասել՝ «արշալույսները խաղաղ չեն լուսանում»։

Մասնավորապես, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պահանջել է, որպեսզի եվրադիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հրաժարական տա։

Նա մեղադրել է Կալասին՝ «իրական» կամ «իրատեսական» դիվանագիտություն վարելու անկարողության մեջ։ Ֆորմալ առումով՝ Ֆիցոն անձնական կարծիք է հայտնել իհարկե։

Սակայն ըստ էության՝ այդ հայտարարությունը հարվածում է ԵՄ միասնականությանը։ Ֆիցոն, իհարկե, միակը չէ ԵՄ-ում, ով բավականին կոշտ դիրքորոշում ունի ԵՄ ղեկավար կազմի որդեգրած քաղաքական գծի նկատմամբ։

Ամենից հայտնին նաեւ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է։ Առճակատումը մեծ հաշվով՝ սպասելի էր՝ չասելու համար՝ անխուսափելի։ Կայա Կալասը, կարելի է ասել, որ հակառուսական գծի «լոկոմոտիվն» է։

Ռոբերտ Ֆիցոն՝ այն եվրոպացիների ձայնը, ովքեր հոգնել են պատերազմներից, Բրյուսելից եկած դիրեկտիվներից ու սանկցիաներից։ Ֆիցոյի հռետորաբանությունը գրեթե նույնական է Մոսկվայի հռետորաբանության հետ՝ կապված Եվրոպայի անկարողունակ լինելու հարցում։ Դա պատահականություն չէ։

Ֆիցոն ու Օրբանը նաեւ՝ առաջնորդվում են իրենց շահերով։ Մոսկվան էլ անշուշտ՝ իր շահերով։ Ու այս դեպքում՝ նրանց շահերը շատ բարեհաջող կերպով համընկել են։ Ռուսաստան-ԵՄ ներկայիս առճակատման ֆոնին՝ բնականաբար պետք է ենթադրվեր, հաշվի առնելով նաեւ՝ ռուսական բարձրագույն ղեկավար էշելոնում եղած մարդկանց համոզմունքները, արժեհամակարգն ու գործելաոճը, որ Մոսկվան տարիներ շարունակ փնտրում էր «խոցելի կետեր»՝ ԵՄ ներսում եղած կոնսենսուսը «կոտրելու» համար։ Մոսկվայի նպատակը ԵՄ-ին հաղթելը չէ։

Մոսկվայի նպատակը՝ ԵՄ-ին կաթվածահար անելն է։ Եւ դա բավական լավ իրականացվում է՝ Մոսկվա-Բրատիսլավա-Բուդապեշտ եռանկյունու կողմից։ Իրականում այստեղ, ինչպես ասում են՝ «անձնական» որեւէ բան չկա՝ միայն «բիզնես» է։

Սլովակիան ու Հունգարիան ունեն էներգակախվածություն։ Ռուսաստանը կարողանում է դա կոմպենսացնել։

Կա ներքին լսարանում հակաբրյուսելյան հոգնածությամբ կերակրելու խնդիր եւ դա արվում է՝ որպես փոխհատուցում՝ էներգակախվածության կոմպենսացմանը։ Ու արդյունքում՝ կողմերը կուշտ են, գոհ ու երջանիկ։