Դավոսի տնտեսական խորհրդի շուրջ միջազգային մամուլի ուշադրությունը, բնականաբար, չափազանց սուր է: Փորձագիտական իշխող կարծիք կա, որ արդեն իսկ ուրվագծվում է համաշխարհային քաղաքական տարածություն, որտեղ ԱՄՆ-ը կմրցակցի Չինաստանի հետ:
Ընդ որում, «մրցադաշտ» է դիտվում ինչպես Հարավային, այնպես էլ Հյուսիսային Ամերիկան, ինչպես նաև՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը:
Ըստ կանխատեսումների, իր հերթին Չինաստանը կձգտի «ավելի խոր ներթափանցել Հարավ-արևելյան Ասիա, Մերձավոր Արևելք և Աֆրիկա, առաջին հերթին՝ Աֆրիկայի արևելք, որտեղ ոչ այնքան հեռավոր ապագայում առաջնորդության կձգտեն Նիգերիան և Հարավ-աֆրիկյան հանրապետությունը»:
Արաբական աշխարհում, անկասկած, որպես կենտրոնաձիգ ուժ հանդես կգա Սաուդյան Արաբիան: Ինչ վերաբերում է Հնդկաստանին, ապա փորձագետների զգալի մասը համարում է, որ այդ երկիրն «աշխարահգրական առումով ազդեցության գոտի ընդլայնելու առումով սահմանափակված է»:
Նույն հարթության վրա է գնահատվում նաև Իրանի ապագան: Ի տարբերություն Հայաստանի հարավային հարևանի, միջազգային մամուլը բարձր է գնահատում Թուրքիայի՝ տարածաշրջանային «տերություն դառնալու հնարավորությունը»:
Ընդ որում, այդ գնահատականը կառուցվում է Սիրիայում և Հարավային Կովկասում «Թուրքիայի ակնհայտ հաջողությունների իրողության» վրա:
Դավոսի խորհրդաժողովի լարված ֆոնին ընդգծվում է Եվրոպայի կողմից «միջազգային քաղաքականության ինքնուրույն դերակատարի կարգավիճակի կորուստը»: Այս առումով խիստ կարևոր է ռուսաստանյան փորձագիտական հանրության գնահատականը, որ, ամենայն հավանականությամբ, բխում է Կրեմլի աշխարհաքաղաքական ծրագրավորումից:
Մոսկվայում կարծում են, որ Եվրոպայում ռազմաարդյունաբերական համալիրի վերականգնումը և արդիականացումը «չի համապատասխանում ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերին»:
«Նեզավիսիմայա գազետան» համարել է, որ «միաբևեռ աշխարհակարագի փոխակերպման անհրաժեշտությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացահայտել է Մյունխենում 2007թ. հայտնի ելույթով, բայց գործընթացը պետք է ավարտին հասցնի Դոնալդ Թրամփը»:
Ռուսաստանյան մամուլն, ընդսմին, նրբորեն շրջանցում է գլխավոր հարցը, արդյոք այդ ենթադրյալ բազմաբևեռ աշխարհում Ռուսաստանն ավելի ազդեցիկ և հավակնո՞տ է լինելու, քան կարող էր՝ համագործակցելով Եվրամիության հետ:
Այս առումով «Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբանը դիտարկել է, որ 2026 թվականը կարող է «պատվավոր տեղ ունենալ 1815, 1919, 1945 թվականների շարքում, երբ ծնվել են միջազգային հարաբերությունների նոր համակարգեր:
Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի հետ կարող է լինել նոր, բազմաբևեռ աշխարհի եռյակի դեմիուրգը: Բայց, հնարավոր է, որ նա ամերիկյան ավանդկան պահպանողականության վերջին շունչն է, որի կհետևի տոտալ գլոբալազմի մղձավանջը»:
Մոսկվայում, երևում է, վստահ չեն, որ Թրամփի նախագահության հաջորդ երեք տարիներին կհաջողվի «բազմաբևեռ աշխարհ կառուցել»: Իսկ եթե այդ ընթացքում դա չհաջողվի, ապա չի լինի առհասարակ: Եվ «տոտալ գլոբալիզմը կգնա ռևանշի՞»:






Բաց մի թողեք
Թրամփի դեմ uեռական nտնձգության մեղադրանքները անհետացել են Էպշտեյնի գործերի արխիվից․ այլ մանրամասներ
Իրանը ԵՄ-ի փոխարեն նախընտրում է Թուրքիայի միջնորդությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Լավրովը՝ Իրանի շուրջ իրավիճակի լիցքաթափման հարցում Թուրքիայի հետ խորհրդատվությունների մասին