20/01/2026

Աշխատանքից ազատել է ՊՆ համակարգում աշխատող բոլոր այն ծնողներին, որոնց զավակներն ունեն այլ երկրի քաղաքացիություն

Գաղտնիք չէ, որ մեր հասարակության մեջ արմատավորված մի վատ ավանդույթ կա․ յուրաքանչյուր «պատվախնդիր» ծնող ամեն ինչ անում է, կաշվից դուրս է գալիս, ամեն խարդախության մեջ պատրաստ է մտնել, որպեսզի արու զավակին ազատի զինծառայությունից։

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

ՊՆ նախարարը տեղեկացրեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում աշխատանքից ազատել է ՊՆ համակարգում աշխատող բոլոր այն ծնողներին, որոնց զավակներն ունեն այլ երկրի քաղաքացիություն․ «Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ դա չեմ կարող տարածել «հիվանդություն» ունեցողների նկատմամբ, բայց ամեն դեպքում կասկածի որդը շարունակում է ինձ ճնշել, որպեսզի նրանց նկատմամբ նույնպես ուշադիր լինեմ»։

Նոր զինվորական համազգեստի զորային փորձարկման ավարտից և նմուշի վերջնական հաստատումից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախատեսում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ՝ այդ տեսակի համազգեստի վաճառքն արգելելու նպատակով։

Նա հավելել է, որ օրենսդրական փոփոխության արդյունքում նոր համազգեստը հնարավոր չի լինի ձեռք բերել առևտրի կետերից. «Այսինքն՝ չի կարող ձեր եղբայրը բանակից զանգել և ասել, որ համազգեստը մաշել է, և խնդրել գնել ու ուղարկել։ Նման բան չի լինելու»,- ասել է Պապիկյանը ՀԺ-ի լրագրողին և ընդգծել, որ համազգեստի մաշվելու դեպքում խնդիրը կլուծի պետությունը. «Համազգեստը երբ մաշվի, մենք դրա խնդիրը կլուծենք։ Ըստ էության, այժմ էլ կարգավորումներն այդպիսին են, սակայն կան որոշակի հարցեր, որոնք մեզ մղել են այս խնդիրը օրենսդրական մակարդակով լուծելուն»:

«Մենք հույսը դնում ենք մեզ վրա, և, բնականաբար, այս համատեքստում կարծում ենք, որ խաղաղությունն այն ճանապարհն է, որը կչեզոքացնի ձեր կողմից նշված ռիսկերը»,- հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կա՞ն միջոցներ, որ ՀՀ բնակիչները պատերազմական իրավիճակում հանկարծակիի չգան. «Ինչ վերաբերում է զենքերին, դրանք տարբեր տեսակի են: Բնականաբար, պաշտպանողական են՝ սկսած տարբեր տեսակի, բազմազան ԱԹՍ-ներից մինչև սպառազինության այլ տեսակներ: Կարող եմ ասել, որ դրանք բավականին մրցունակ են և արդեն իսկ առաջացնում են շատ երկրների հետաքրքրություն»:

Ինչ վերաբերում է սպառազինության մասով ծրագրերին, նա նշել է, որ սպառազինումը շարունակվում է, պիտի շարունակվի, որովհետև առանց սպառազինության պրոֆեսիոնալ բանակ հնարավոր չէ ունենալ: