Միջանցքի ծայրի սենյակներից մեկի բաց դռնից լսվող Շառլ Ազնավուրի երգերից մեկի դաշնամուրային կատարումը քայլերս տանում են այդ ուղղությամբ։ Աննկատ կանգնում եմ անկյունում, ունկնդրում մինչև վերջ։ Կատարումն ավարտում է ու ժպտում՝ բարև Ձեզ։
https://armtimes.com/ Տիգրան Հովհաննիսյանն է՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի դասախոս։
Երաժշտությունը ոչ թե երազանքի, այլ նպատակի ու վստահ քայլերի տեսքով մտավ նրա կյանք։

Մայրս հրաշալի էր երգում, բայց ինձ վրա ազդեցություն ունեցավ մորաքրոջ դաշնակահար աղջիկը՝ Նոյեմզարը
«Մայրս հրաշալի էր երգում, բայց ինքն ինձ վրա էդքան շատ չի ազդել, ինչքան մորաքրոջս աղջիկը։ Հրաշալի նվագում էր ու զգալով իմ տվյալները՝ առաջարկել է ծնողներիս ինձ երաժշտական դպրոց տանել։ Հենց այդպես էլ ընդունվեցի Նիկողայոս Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը։ Յուրահատուկ դասատու ունեի՝ Նինա Հարությունյանը։ Ինքն ամեն ինչ անում էր, որ ես նաև բեմում նվագեի, համերգների մասնակցեի, բեմին սովոր լինեի։ 8 տարի սովորեցի դպրոցում։ Ու շատ կարևոր էր, որ դպրոցում նաև երաժշտական ուսումնարանն էր, ու ես նաև հնարավորություն ունեի տեսնելու, ունկնդրելու ավելի հասուն կատարումներ։ Սովետական տարիներին յուրահատուկ դասական համերգներ էին լինում»,- պատմում է նա:
Դելլի Մելիքյանի կարևոր շտրիխները
Երաժշտական դպրոցից հետո Կարա Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանն էր հաջորդ կանգառը։ Տիգրանին այստեղ դասավանդում է հենց մորաքրոջ աղջիկը՝ Նոյեմզար Հովհաննիսյանը։
«Ինքը սովորել էր ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, դաշնակահար Աննա Ամբակումյանի մոտ։ Հետո նա ամուսնացավ հայ կոմպոզիտոր, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Մարտուն Իսրայելյանի հետ։ Որ գնաց, արդեն ինձ դասավանդեց վաստակավոր մանկավարժ Դելլի Մելիքյանը։ Ճիշտ է, մորաքրոջս աղջիկը բավական լավ ու ամուր հիմք էր դրել, բայց Դելլի Նիկոլաևնայի մոտ արդեն իմ աշխարհայացքն այլ դարձավ դասական երաժշտության նկատմամբ։ Մեծ մենահամերգով ավարտեցի ուսումնարանը, բայց նախքան այդ նույն ծրագրով հանդես եկա Երևանում։ Բոլոր քայլերս միշտ հաստատուն են եղել»,- վստահ ասում է նա:
«Մի լավ ընկեր, մի թաս գինի, ուրիշ ինչ է մեզ հարկավոր»․ երգ էի գրել, որ ընկերներիս բանակ էին տանում, հավաքվում, երգում էինք
«Մանկության մի լավ ընկեր ունեի, բառեր բերեց՝ «մի լավ ընկեր, մի թաս գինի, ուրիշ ինչ է մեզ հարկավոր» և այլն։ Ես երաժշտություն գրեցի, մեր ընկերներին բանակ ճանապարհելու ժամանակ որ հավաքվում էինք, ակորդեոնով նվագում էի, երգում էինք դա, սիրուն երգ էր, անունը դրել էինք բանակի երգ։ Էդ մանկությանս ընկերոջ գրած բառերով ու իմ երաժշտությամբ երգը գործիքավորեցինք ու 60-ականերին Թբիլիսիում էստրադային խմբի կազմում ներկայացրինք անդրկովկասյան երկրների փառատոնի, առաջին տեղ զբաղեցրինք»,- հիշում է զրուցակիցը:

Ասացի՝ ուզում եմ զինվորական դառնալ, գնդապետ հայրս ասաց՝ ո՛չ, պատրաստվիր, կոնսերվատորիային
Պատերազմով անցած զինվորական հայրը կտրականապես մերժել է որդու զինվորական դառնալու առաջարկը։ Կյանքի ծանր դասեր տեսած հոր խոսքը եղել է անվիճելի, տղան մի կողմ է դրել միտքն ու ընդունվել կոնսերվատորիայի դաշնամուրային բաժինը, ուսանել պրոֆեսոր Մարջան Մխիթարյանի դասարանում. «Հայրիկս շատ հետևողական էր։ Ես 6 տարի սովորեցի կոնսերվատորիայում, ինքը 10 օրը մեկ գալիս էր տեսներ՝ ես ինչ եմ անում, ինչով եմ զբաղված»:
Առաջարկեցին մնալ Երևանում աշխատել, ասացի՝ չէ՛, եթե մի լավ բան եմ անելու, գնամ իմ քաղաքում անեմ
Կոնսերվատորիայում ևս գնահատում են երիտասարդ Տիգրանի հմտությունն ու կարողությունները։ Կոնցերտմայստեր Հեղինե Տեր-Ղևոնդյանն է Տիգրանի կյանքում հաջողությունների շղթան շարունակող հաջորդ կարևոր դերակատարը։
«Ինքը շատ գնահատեց ինձ, ես շնորհակալ եմ իր տված բոլոր դասերից։ Իրենից շատ բան եմ քաղել։ Արտասահմանից ինչքան որ սոլիստներ էին գալիս, բոլորին ինքն էր նվագակցում։ Ինձ առաջարկեց մնալ կոնսերվատորիայում աշխատելու։ Ասաց՝ պատրաստի կոնցերտմայստեր ես։ Հրաժարվեցի, ասացի՝ չէ՛, եթե ինչ-որ լավ բան եմ անելու, գնամ իմ քաղաքում անեմ, այնտեղ աշխատեմ։ Էդ խոսքս ինքը շատ լավ ընդունեց, ասեց՝ դու կարող ես։ 1970 թվականն էր, եկա Գյումրի և ուսումնարանում միանգամից մասնագիտական դասարան ստացա, բայց շաբաթը 2 անգամ Երևան էի գնում, իմ մասնագիտական դասերը շարունակում էի։ Ուսումնարանում ինձ կոնցերտմայստերության շատ ժամեր տվեցին, Դելլի Նիկոլաևնան միանգամից ինձ վստահեց այդ գործը»,- նկատում է նա:
Ամուսնացած չէի, ազատ ժամանակ ունեի, բայց շրջապատի մարդ էլ էի
Ֆինանսական խնդիրները երիտասարդ Տիգրանի համար չէին։ Ասում է՝ և՛ պատանի ժամանակ, և՛ հետո դա իրեն չի խանգարել, փոքր հասակում ծնողների աջակցությունն է ունեցել, արդեն չափահաս տարիքում, նաև ուսանողական տարիներին աշխատել է անձամբ. «Շատ ժամեր ունեի, պարապում էի, բայց համ էլ շրջապատի մարդ էի, օր չկար, որ տղաների հետ լավ ժամանակ չանցկացնեինք, ամեն ինչի համար ժամանակ եմ գտել՝ աշխատելու, ժամանցի, ինքնակրթվելու, կատարելագործվելու։ Եթե քեզ վրա չես աշխատում, սխալ է, մինչև վերջ դա քո հետ պիտի քայլի։ Ես 18 տարեկանից սկսել եմ աշխատել, լրանում է զուտ մանկավարժական ստաժիս 60 տարին»։

Ընկերներիցս մեկն ասաց՝ մի հատ արի տես․ հանդիպեցինք, հասկացանք, ամուսնացանք
Զինվորականի որդի երաժիշտն իր համար կյանքի ընկեր է ընտրել մասնագիտությամբ բանասերի։ Տարիների հեռվից հիշում է՝ ընկերներից մեկի խորհրդով հանդիպեցին, մի քիչ շփվեցին, հասկացան իրար։
«Էնպիսի մարդ էր ասողը, որ ես իրեն չվստահել չէի կարող։ Հանդիպեցինք, իհարկե, ամենօրյա հանդիպումներ չէին, բայց առիթների դեպքում էլ հանդիպում էինք, համերգների էինք գնում, էդպես իրար հասկացանք ու ամուսնացանք։ Բավական կազմակերպված կարողացանք մեր ընտանեկան իրավիճակը կարգավորել, երեխաներ ունենալ, նրանց համար ուղեցույց լինել, նաև գնահատել նրանց նախասիրությունները։ Կինս շատ կոփված էր մանկավարժական գործունեության մեջ և իմ քայլերում ու բոլոր մոտեցումներում շատ է ճիշտ ուղղորդումներ արել, իր մտածելակերպն ինձ շատ բաներ տվեց, և շնորհակալ եմ նրան նաև դրա համար»,- շեշտում է նա:
Որդի և դուստր ունեցան։ Տղան տնտեսագետ դառնալու որոշում կայացրեց, աղջիկը՝ Բելան, գնաց հոր ճամփով։ Ասում է՝ սկզբում չի ցանկացել, որ աղջիկը հայտնվի երաժշտական աշխարհում։
«Երկու ամիս շարունակ ասում էի, որ երաժշտական կրթությունը չի գնահատվում հիմա։ Երաժշտական դպրոցում արդեն կրթություն ստացել էր, ասի՝ դա քեզ հերիք է, արի կլինի ուրիշ մասնագիտություն ընտրի, դու կարող ես։ Բայց Բելան ինձ չլսեց, դա միակ դեպքն է, որ իմ խոսքը չի ընդունել, ասաց՝ չէ՛, պա, ես անպայման երաժշտական կրթությունս շարունակելու եմ։ Ավարտեց ուսումնարանի դաշնամուրային բաժինը, ընդունվեց կոնսերվատորիայի նույն բաժինը ու սկսեց ընթացքում ստեղծագործել։ Ու զգացի, որ մեծ նվիրվածություն ունի իր ընտրության հանդեպ։ Գրածները ինձ տվեց, թե՝ պապա՛, մի հատ նայի։ Դրանցից մեկը սաքսոֆոնի համար յուրահատուկ գործ էր։ Դա հետագայում կատարվեց Երվանդ Երզնկյանի դիրիժորությամբ։ 1998-ին երկրաշարժի 90-ամյակի կապակցությամբ Բելան կամերային նվագախմբի համար նոր ստեղծագործություն գրեց»,- պատմում է հայրը:
Աղջկա ստեղծագործությունները որպեսզի այլ մասնագետներ էլ գնահատեին ու մասնագիտական կարծիք հայտնեին, հայրը ցույց է տվել Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանին։
«Ասի՝ Արա՛մ Արամիչ, ես էլ եմ երաժիշտ, զգում եմ, որ աղջիկս ներուժ ունի, հնարավոր չէ, որ քո ձեռքի տակ վերցնես, ու առաջ չգնա։ Ասաց՝ ինձ մի քանի ամիս է պետք, որ հասկանամ ու ձեզ պատասխանեմ, ու Բելան սկսեց Երևանում հաճախել նրա դասերին։ Մի քանի ամիս հետո գնացի Երևան, ասաց՝ Տիգրա՛ն, պատկերացրու՝ մի լավ բան կստացվի իրենից։ Ու Բելան ընդունվեց նաև կոնսերվատորիայի ստեղծագործական բաժին։ Դիպլոմային աշխատանքը եղավ սիմֆոնիա։ Երբ ինքն ավարտեց, մոտ 30 տարուց ավելի որևէ կոմպոզիտոր սիմֆոնիա չէր գրել, ինքը համարձակություն ունեցավ ու արեց, մենահամերգ ունեցավ ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում, սիմֆոնիկի հետ ներկայացրեց իր գրած սիմֆոնիան։ Այդ տարիներին, որոնց մասին պատմում եմ, Գեղունի Չթչյանից հետո ոչ մեկը նման մեծ համերգով չէր ներկայացել։ Այդ սիմֆոնիան Ռիգայում տեղի ունեցած միջազգային մրցույթում առաջին մրցանակի է արժանացել։ Նա հիմա կոմպոզիտորների միության անդամ է։
Ճիշտ է, սկզբում չէի ուզում, որ երաժիշտ դառնար, բայց ես հարգում եմ իմ երեխաների նախասիրություններն ու որոշումները, դրա համար ասացի՝ շարունակիր, լավ։ Բայց երբ արդեն սկսեց ստեղծագործական բաժնում առաջ գնալ, զգացի, որ յուրահատուկ տաղանդ ունի»,- պատմում է Տիգրան Հովհաննիսյանը։
Որտեղ էլ աշխատել եմ, ուզեցել եմ լավ հետք թողնել․ 60 տարի անց էլ հոգնած չեմ
Իր մասնագիտական գործունեության ընթացքում բազմաթիվ համերգներ ու նվագակցումներ է ունեցել։ 1974 և 76թթ. Վազգեն Առաջին կաթողիկոսը նրան որպես երգեհոնահար հրավիրում է ընդունելության և Էջմիածնի Մայր տաճարում նա նվագում է՝ արժանանալով խրախուսանքի։ Բազմաթիվ շրջագայություններում, համերգային բեմերում պատվով ներկայանալուց զատ՝ Տիգրան Հովհաննիսյանն իր օրինակով և կոնցերտմայստերական գործունեությամբ մեծապես նպաստել է բազմաթիվ սաների կայացմանն ու երաժշտական աշխարհում մնալու որոշումների կայացմանը։


Ասում է՝ որտեղ աշխատել է, ձգտել է լավ հետք թողնել։ Բացառություն չէին նաև «Դո, ռե, մի»-ն, «Նոր անունները», Գյումրու «Գոհար» երաժշտանոցը. «1998 թվականն էր, և 6-րդ երաժշտական դպրոցում ուսմասվար էի ու ինստիտուտում դասախոսում էի, երբ բացվեց «Գոհար»-ը։ Ինձ կանչեց պարոն Կուզիկյանը, զրուցեցինք, ընդգրկվեցի նաև այնտեղ։ Ես զգացի, որ շատ լուրջ մթնոլորտ է «Գոհար»-ում, և պետք է ներդրվեր լուրջ ու պատասխանատու ջանք։ Ես կրկնակի ավելացրի իմ մասնագիտական հմտությունները, «Գոհար»-ը այլ մակարդակի պահանջ ուներ, ես ինքս էլ ինձանից այլ պահանջներ ունեցա ու կարողացա բավարարել դրանք։ Երբ երեխաները շատացան, ես առաջարկեցի այլ մասնագետ էլ ընդունել աշխատանքի, որովհետև ծանրաբեռնվածությունը մեծ էր, նաև երեխաներին ճիշտ ուղղորդումներ էի անում:
Մի տղա կար՝ Խորենը, եկավ, ուզում էր վոկալի բաժնում ընդունվել։ Զգացի, որ դիապազոնն էդքան չէ, ասի՝ արի քանոն փորձի։ Ու մեծ սիրով սկսեց նվագել, միջազգային մրցույթների դափնեկիր դարձավ։ Աղջիկներ էլ կային՝ առաջարկեցի կլառնետ, ֆլեյտա նվագել․ շատ լավ երեխեք ենք ունեցել»։

60 տարի անընդմեջ մասնագիտական գործունեությունը չի հոգնեցրել։ Ասում է՝ երաժշտությունն իրեն տվել է ամեն ինչ և որ ամենակարևորն է՝ հոգեկան հանգստություն։ Կինը, հիմա նաև թոռները հաճույքով են լսում իր նաև տնային կատարումները։ Խիստ մասնագիտական ու դասական ստեղծագործություններ չի ընտրում, երեկոների գեղեցիկ ավարտի համար գիտի՝ ինչ է պետք։ Թոռները լսել սիրում են, բայց երաժիշտ դառնալու ցանկություն ու մտքեր չունեն։ Տնտեսագետ հոր ճամփով, հավանաբար, կգնան։
Ինչ անում եք՝ սիրով, նվիրվածությամբ, պատասխանատվությամբ արեք, ինքնակրթվեք մինչև վերջին պահը
Տիգրան Հովհանիսյանն ասում է՝ նույնիսկ ամենահասարակ, առօրյա գործողությունը պետք է սիրով, նվիրվածությամբ, պատասխանատվությամբ անել։ Ողջ կյանքում սա սկզբունք է եղել։ Իր մասնագիտական կայուն ու անխախտ որակների համար բնավորության այս գծերին է պարտական։ Պատասխանատվությունը գենետիկ է. զինվորական հորից է ժառանգել ու ներարկել ինչպես սեփական երեխաների, այնպես էլ ունեցած հարյուրավոր սաների մեջ։ Այդ կետից է սկսվում մարդու լիարժեքությունն ու ճիշտ ճամփան։

Ասում է՝ ամեն մասնագիտության համար կարևոր է նաև ինքնակրթությունը։ Այն ցանկացած տարիքի համար է պարտադիր։ Հիմա էլ դասավանդում է և՛ կոնսերվատորիայում, և՛ եկեղեցում նվագում, 78-ամյա գյումրեցին կյանքի 60 տարին երաժշտության աշխարհում է, հաստատուն ու իր հետագիծն ունեցող քայլերով է առաջ գնում, իր ձեռագրի ու հաջողությունների միակ գրավականը, ասում է՝ բռնածդ գործը պատվով ու մեծ սիրով առաջ տանելու մեծ կամքի, չկոտրվելու, գիտակցաբար պայքարելու և հաղթելու վստահության մեջ է։
Բազմաթիվ պատվոգերեր, մեդալներ, շքանշաններ ունի, 2021-ին արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչման։

Զրույցի ավարտին նախքան ցտեսությունը՝ մի պահ կանգ է առնում։ Մի քանի րոպե լռությունից հետո ասում՝ մի բան նվագեմ, փոքր մի հատված՝ լսեք, մինչև հետո հանրությանը ներկայացնեմ։ Հենց վերարկուն հագին էլ վերադառնում է դաշնամուրի մոտ։ Մատները սահում են, հնչում է շատ խորը մի մեղեդի։ Ասես ինքն իրեն խոսում է․
«Գրել, ավարտել եմ, երբ վերջնական տեսքի կբերեմ, կհասկանամ, որ էլ ավելացնելու, պակասեցնելու բան չունեմ, կներկայացնեմ։ Սա կմնա ինձանից, ես ամփոփված կլինեմ իմ երաժշտության մեջ, ինձ հերիք է, շատ բան չեմ ուզում»։







Բաց մի թողեք
Laudamus. գովաբանության երաժշտությունը․ Հայկ Մելիքյանի դասական մենահամերգը որպես մտավոր փորձություն
Ցավը լսելու ժամ, երբ բառերը չեն փրկում․ Փսիխոզ 4։48 ներկայացումը՝ Ստանիսլավսկու անվան թատրոնում․ Լուսանկար, Տեսանյութ
Մոցարտի օրը՝ ներկայի մեջ․ Կամերային երեկո՝ մեծ լսողությամբ, համերգ, որ շարունակվեց զրույցով․ Լուսանկարներ