20/01/2026

Թուրք – իսրայելական դիմակայություն, որ ազդում է նաև իսրայելա – ադրբեջանական հարաբերությունների վրա

Մինչ ամբողջ աշխարհի ուշադրությունը սեւեռված է Թեհրանի վրա, որտեղ «փրկության հեղափոխությունը» տարածվել է բոլոր նահանգներում, հին սպառնալիքի տեղում նոր գիշատիչ է ծնվում:

Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան վերջնականապես ցած է նետել ՆԱՏՕ-ի աշխարհիկ դաշնակցի դիմակը և վերածվել «մուսուլմանական տրիբալիստական» երկրի:

Այս մասին գրել է Israel Insid-ը, որի վերլուծաբանի գնահատմամբ՝ «Անկարան ագրեսիովորեն լցնում է իրանական տնտեսության փլուզման հետևանքով ստեղծված վակուումը»: Հեղինակը համարում է, որ դրանում մեծ է Էրդողանի «երկդիմի քաղաքականության նշանակությունը»:

Ի տարբերություն մեկուսացված Իրանի, Թուրքիան շարունակում է արևմտյան անվտանգային, տնտեսական և ֆինանսական կառույցների մաս կազմել և օգտագործում է ՆԱՏՕ-ի անդամության կարգավիճակը, որպեսզի «Ստամբուլը վերածի «մուսուլման եղբայրների» ժամադրավայրի և կազմակերպի քննարկումներ, որ հետապնդում են մի նպատակ՝ արևմտյան աշխարհի աչքից թաքցնել նեօսամանյան նկրտումները»:

Վերլուծականի հեղինակը վկայակոչում է Սիրիայի օրինակը, որտեղ Թուրքիան նախկին ջիհադական ալ-Ջուլանիի միջոցով «տոփանագլանի տակ է առնում էթնիկ փոքրամասնությունների ինքնությունը, որպեսզի կառուցի միատարր-սուննիադավան արբանյակ-պետություն»:

Նրա մեկնաբանությամբ, Սիրիան աբսորբացիայի ենթարկելու Թուրքիայի նպատակը Միջերկրականի արեւելյան հատվածում վերահսկողության հաստատումն է: Այդ տեղաշրջանի նկատմամբ հետաքրքրությունը սրված է՝ կապված բնական գազի պաշարների հետ:

Թուրքիայի մերձավորարեւելյան նկրտումները հակակշռելու համար, ըստ վերլուծականի, Իսրայելը, Հունաստանը և Կիպրոսը պետք է արագացնեն ռազմական եռյակ դաշինքի կնքումը և համատող զորախմբի ստեղծումը:

Մինչ այդ, ինչպես հեղինակն է կարծում, Իսրայելը «հարկադրված կլինի կանխարգելիչ հարվածներ հասցնել տարածաշրջանի ցանկացած կետի, որտեղ Թուրքիան կփորձի հրեական պետության անվտանգությանն սպառմնացող ռազմական ենթակառուցվածքներ ստեղծել»:

Իսրայելցի հեղինակը կարծում է, որ Երուսաղեմը «հանդես կգա որպես Սիրիայի քրդերի, դրուզների և ալավիների ու տարածաշրջանի քրիստոնյաների իրավունքների պաշտպան»:

Ամենառանցքային նշանակության եզրակացությունը, որ անում է Israel Insid-ը, այն է, որ «Իրանի հավանական փլուզումը չպետք է նվեր լինի Թուրքիային»: Ըստ երևույթին, նաև այդ մտահոգությունն է Իրանում իրավիճակին ուղղակի չմիջամտելու Իսրայելի կառավարության դիրքորոշման պատճառը:

Տասնմայկներ ի վեր բոլոր միջոցներով Իրանի կրոնապետության դեմ պայքարած Իսրայելում, կարծես, եկել են եզրակացության, որ Թեհրանում իշխող վարչախմբի տապալումից հրեական պետությունը սկզբունքորեն ոչինչ չի շահի՝ ինչպես դա տեղի ունեցավ Սիրիայում:

Այս վերլուծականն ուշագրավ է նաև նրանով, որ բացահայտում է Իրանի մասնատման Իսրայելի համար վտանգավորության բավական թափանցիկ ընկալումը: Անշուշտ, հստակ չէ, որ այս և նույն կարգի վերլուծականները բխում են Իսրայելի կառավարության հայեցակարգային դիրքորոշումից:

Բացառված չէ, որ Իսրայելը և Թուրքիան «ընդհանուր եզրեր գտնեն», բայց առկա իրավիճակը, կարծես, ավելի շատ տանում է դեպի թուրք-իսրայելական տարածաշրջանային դիմակայություն, որ, ամենայն հավանականությամբ, ազդում է նաև իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների վրա: