19/01/2026

Թրամփը Տոկաևի առաջ կանաչ լույս է վառում

«Արդյոք Ղազախստանը Գազայի կարգավորման «Խաղաղության խորհրդին» անդամակցելու պաշտոնական առաջարկություն ստացե՞լ է»,- այս հարցը tengrinews-ն ուղղել է Ղազախստանի նախագահի աշխատակազմին, որտեղից ստացվել է Կասիմ Ժոմարթ Տոկաևի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայի պատասխանը. «Ճիշտ չէր լինի թաքցնել նախագահ Դոնալդ Թրամփից նման հրավեր ստանալու փաստը»,- ասել է նա և մեկնաբանել, որ պատասխան նամակով Ղազախստանի նախագահը Թրամփին «անկեղծ երախտագիտություն է հայտնել» և «հաստատել նոր կառույցին անդամակցելու պատրաստակամությունը»:

Ըստ Ժելդիբայի, Կասիմ Ժոմարթ Տոկաևը պատրաստակամություն է հայտնել «հնարավորինս աջակցելու Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հաստատմանը, միջպետական վստահության ամրապնդմանը և գլոբալ կայունությանը»:

Պետք է նկատի ունենալ, որ Գազայի կարգավորման «Խաղաղության խորհրդին» անդամակցելու առաջարկություն Ղազախստանի նախագահին արվել է անցած տարեվերջին Թրամփ-Տոկաև և Նաթանյահու-Տոկաև հեռախոսազրույցների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում:

Ղազախստանի նախագահը հայտարարել է «Աբրահամի համաձայնություններին» իր երկրի միանալու մասին: Տեղեկություն կա, որ մինչև հունվարի վերջ Իսրայելի արտաքին գործերի նախարար Սաարը կայցելի Աստանա՝ «նախապատրաստելու վարչապետ Նաթանյահուի պաշտոնական այցը»:

Ղազախստանի նախագահին Դոնալդ Թրամփի կողմից արված առաջարկությունը և «Խաղաղության խորհրդին» մաս կազմելու նրա համաձայնությունը կարևոր իրադարձություն են երկու առումով:

Նախ, հստակ դիտարկվում է, որ ԱՄՆ-ը Ղազախստանին ապահովագրում է Ռուսաստանի կողմից հավանական որևէ գործողությունից: Աստանան Թրամփ-Տոկաև համաձայնության մասին հայտարարել է Կրեմլի քաղտեխնոլոգ Ալեքսանդր Դուգինի կողմից նախկին խորհրդային երկրների ինքնիշխանությունը վերացնելու «անհրաժեշտության» մասին հայտարարության հաջորդ օրը:

Երկրորդ էական հանգամանքն այն է, որ Սպիտակ տունը Մերձավոր Արևելքի կարգավորումների աշխարհաքաղաքական մշակումներին Ադրբեջանը, կարծես, չի ներգրավում:

Հայտնի է, որ անցյալ տարեվերջին Իլհամ Ալիևը հրաժարվել է միանալ «Աբրահամի համաձայնություններին»՝ պատճառաբանելով, որ Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերություններն առանց այդ էլ բարձր մակարդակի վրա են:

Ալիևը մերժել է նաև Գազայում «Միջազգային կայունացնող ուժերին» ադրբեջանական զորախմբի մասնակցությունը:

Պետք է ենթադրել, որ երկու դեպքում էլ Ադրբեջանը կատարել է Թուրքիայի հստակ ցուցումը: Ղազախստանը Թուրքական պետությունների կազմակերպության անդամ է, և Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների որակապես նոր մակարդակը, կարծես, հուշում է, որ Աստանան ընձեռնված բոլոր հնարավորությունները գործի է դնում, որպեսզի ապահովագրված լինի նաև թուրք-ադրբեջանական «գրկախառնումներից»:

Ղազախստանը որոշակի ներդրում է ունեցել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում, և ԱՄՆ հետ նրա սկզբունքորեն նոր որակի հարաբերությունները կարող են օգտակար լինել նաև Հայաստանին: